17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՀ տնտեսության զարգացման հնարավորությունները որպես ԵՏՄ անդամ երկիր

Ռուսաստանը, Բելոռուսը և Ղազախստանը 2014թ. մայիսի 29-ին Աստանայում  ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ)  ստեղծման մասին պայմանագիրը, որը ուժի մեջ է մտնում 2015թ. հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2014թ. հոկտեմբերի 2-ին հավանություն տվեց ԵՏՄ-ին միանալու պայմանագրի նախագծին: 2014թ.  հոկտեմբերի 10-ին Մինսկում Եվրասիական Բարձրագույն տնտեսաական խորհրդի մասնակից երկրների հանդիպման արդյունքում ստորագրվեց Եվրասիական միությանը Հայաստանի միանալու պայմանագիրը: 

Հայաստանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրի տնտեսության համար կարող է նկատելի աշխուժացնող գործոն և հզոր շարժիչ ուժ հանդիսանալ: Ըստ Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի փորձագետ և տնտեսագետ Ալեքսանդր Կուդրինի հաշվարկների,   անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանին լրացուցիչ  կարող է բերել ՀՆԱ-ի մինչև 4% աճ: Մոտ ապագայում նախատեսվում է, որ Հայաստանը կստանա Եվրասիական տնտեսական միության մաքսային բյուջեի շուրջ 1.13%-ը, որը Հայաստանի Հանրապետության բյուջեի համար տարեկան կազմում է  մոտավորապես 152 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք մուտքեր:

Եթե փորձենք ամբողջացնել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հիմնական տնտեսական առավելությունները, ապա առաջինը կարող ենք նշել այն հանգամանքը, որ Հայաստանի ձեռնարկությունները հավասար պայմաններով և մաքսային տուրքերի վերացմամբ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր շուկայի մուտքի հնարավորություններ են ձեռք բերում:

Որպես կարևոր տնտեսական առավելություն նշենք այն հնարավորությունը, որ Եվրասիական տնտեսական միության աշխատուժի ընդհանուր շուկայում ՀՀ քաղաքացիները արդեն կարող են առանց սահմանափակումների և առանց պատենտների աշխատանքային գործունեություն ծավալել, ինչպես նաև օգտվել վարձու աշխատողների համար սահմանված  սոցիալական և բժշկական ապահովագրության բոլոր այն փաթեթներից, որոնք տվյալ պահին գործում են Մաքսային միության անդամ երկրներում:

Այնուհետև, նշենք այն առավելությունը, որ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրին հնարավորություն է տալիս կայունացնել և դիվերսիֆիկացնել Հայաստանի տնտեսության կարևոր ոլորտ համարվող էներգետիկ համակարգը՝ պահպանելով էներգետիկ ռեսուրսների նվազագույն արտոնյալ գները: Ռուսաստանի Դաշնության կողմից նախատեսվում է Հայաստանին հատկացնել 300 մլն. ԱՄՆ դոլարի վարկ՝  Հայաստանի ատոմային էլեկտրակայանի վերանորոգման համար:Բացի այդ,  Հայաստանին անվերադարձ կտրամադրվի 30 մլն. ԱՄՆ դոլարի չափով գրանտ (դրամաշնորհ), որը պետք է ուղղվի Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացմանը:

Հաջորդ տնտեսական առավելությունը այն է, որ անդամակցությունը այս միությունը Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի համար լավ հնարավորություն է կայուն զարգացում ապահովելու համար, հատկապես, սննդի  արտադրության, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության, ծխախոտի արտադրության, դեղագործական արտադրության, մրգերի և բանջարեղենի մշակման, պահածոների արտադրութան և արտահանման ընդլայնման ոլորտներում: Դա նաև կխթանի ոչ մետաղական հանքային արտադրանքների, մեքնաշինության ոլորտի և քիմիական արտադրության զարգացմանը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ունի նկատելի ներուժ և սպառման մեծ շուկայի կարիք է զգում:

Հայաստանում արդեն բավական զարգացած և համաշխարհային մակարդակով մրցունակ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ևս կարող է ավելի ընդլայնվել՝ ի շնորհիվ ԵՏՄ հսկայական շուկայով պայմանավորված նոր հնարավորությունների: 

Անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի համար տարածաշրջանային առևտրաշրջանառության ծավալների հետագա ընդլայնում կարող է ապահովել (մասնավորապես, Իրանի, Վրաստանի, Թուրքիայի հետ): 

Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությունը կարող է նաև  որոշակի ժամանակաշրջանում ունենալ բացասական հետևանքներ: Այն որոշ չափով փխրուն է դարձնում Եվրամիության երկրների և արևմուտքի հետ տնտեսական, քաղաքական և հումանիտար համագործակցությունն ու տնտեսական առևտրաշրջանառությունը, հատկապես տնտեսության այն ոլորտներում, որտեղ ԵՏՄ սահմանած ստանդարտները տարբերվում են Եվրամիության երկրների, ԱՄՆ-ի և այլ զարգացած երկրների կողմից սահմանված ստանդարտներից:

Հայաստանը պետք է փորձի, չնայած ԵՏՄ անդամակցությանը,  չվտանգել արևմուտքի հետ իրականացվող կայուն տնտեսական առևտրաշրջանառությունը և Հայաստանի Հանրապետությունում միջազգային կառույցների կողմից իրականացվող ծրագրերը: Այստեղ շատ կարևոր է սերտ համագործակցությունը սփյուռքի հետ: 

 

Տնտեսագետ Տիգրան Խաչատրյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ