Ի՞նչ խնդիր է նա փորձում լուծել՝ կառչելով աթոռից։ Փաշինյանի պաշտոնավարման յուրաքանչյուր օրն անդառնալի վնասներ է հասցնում պետությանը․ Իրատես
Նիկոլ Փաշինյանի դիմադրության և իշխանությունը պահելու ամեն օրն ակնհայտորեն ժամանակի լուրջ կորուստ է։ Նրա պաշտոնավարման յուրաքանչյուր օրն անդառնալի վնասներ է տալիս պետությանը։ Ամեն օր մենք կորցնում ենք տարածքներ‚ որոնց մասին նշված չէ չարաբաստիկ հայտարարության մեջ։
Եվ եթե լիներ նոր բանակցող‚ որը չունի հայտարարությամբ և դրանից դուրս քողարկված պարտավորություններ‚ անդառնալի շատ վնասներ գուցե չարձանագրվեին։ Հայտնի փաստ է‚ որ հողը առանց արյան ու պատերազմի ոչ ոք հետ չի տա‚ թերևս‚ համաշխարհային պրակտիկայում բացառություններից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն է‚ որը‚ մասնավորապես‚ Քարվաճառը առանց որևէ կրակոցի պարգևեց ադրբեջանցիներին։
Այսքանից հետո ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը‚ այնուամենայնիվ‚ կառչած իր պաշտոնից։ Մի քանի վարկածներ կան։ Ընդ որում‚ բոլոր այդ վարկածներն ընդհանուր առմամբ միմյանց չեն բացառում։
Նախ և առաջ բոլորը հասկանում են‚ որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են։ Պարզապես խնդիրը ժամանակն է։ Հասարակության զգալի մասը‚ որի կարծիքն արտահայտում է ընդդիմությունը‚ անգամ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը‚ որը, ըստ տարբեր վարկածների, 2018 թվականից ի վեր Հայաստանում տեղի ունեցող գործընթացների դիրիժորներից ու թելադրողներից է‚ համարում է‚ որ գործող վարչապետը պետք է հեռանա։
Փաշինյանը‚ սակայն‚ ժամանակ է ձգում՝ շատ լավ հասկանալով‚ որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են‚ բայց նա ցանկանում է‚ որ արտահերթ ընտրությունները կազմակերպվեն իր պաշտոնավարման ընթացքում‚ որպեսզի ինքը կազմակերպի ընտրական գործընթացները։ Կառավարության ղեկավարը շատ լավ գիտի‚ որ եթե ինքը չկազմակերպի այդ ընտրություններն ու չունենա որևէ վարչական ռեսուրս‚ ապա իր ղեկավարած քաղաքական ուժը կարող է նույնիսկ խորհրդարան չմտնել‚ քանի որ հանրությունը դժվար թե քվե տա դավաճանին ու նրա թիմին։ Այս ժամանակը նա օգտագործում է‚ որպեսզի ինքը պատմության մեջ մնա ոչ թե որպես դավաճան‚ այլ ցանկացած այլ կարգավիճակում։ ՈՒ պատահական չէ‚ որ 6-ամսյա ճանապարհային քարտեզ է ներկայացրել և ժամանակ է հայցում։
Ոմանց կարծիքով՝ Փաշինյանը ժամանակը ձգում է‚ քանի որ բավականին լուրջ խնդիրներ ունի անվտանգության հետ կապված։ Աշխարհասփյուռ հայության շրջանում կան մարդիկ‚ որոնք Փաշինյանի արածը համարում են դավաճանություն և բավականին արմատական են տրամադրված նրա նկատմամբ։ Եվ Փաշինյանը կարծում է‚ թե վարչապետի պաշտոնում երկար մնալով՝ ամեն ինչ կպահի պետական հսկողության ներքո ու կապահովի իր անվտանգությունը։
Կկարողանա՞ Փաշինյանը մնալ իր պաշտոնին։ Այստեղ առաջ է գալիս ռեսուրսների խնդիրը։ Վարչապետն այս պահին հույսը դնում է երկու հիմնական ռեսուրսի վրա՝ արտաքին քաղաքական և ներքին։
Այն պահից‚ երբ նա Ադրբեջանի և Ռուսաստանի հետ ստորագրեց եռակողմ հայտարարությունը՝ անտեսելով Արևմուտքին ու իրեն իշխանության բերած սորոսյան կառույցներին‚ չի կարող այլևս հույսը դնել արտաքին այդ հենարանների վրա։ Այս պարագայում վարչապետն իր համար որպես արտաքին քաղաքական հենման կետ դիտարկում է Ռուսաստանի Դաշնությունն ու անձամբ Պուտինին։ Նույնիսկ չափազանց անհավասարակշիռ ու վերլուծական ունակություններից հեռու Նիկոլ Փաշինյանը բնազդային մակարդակով շատ հստակ հասկանում է՝ քանի դեռ ինքը պետք է ՌԴ-ին ու Պուտինին՝ մինչև վերջ իրականացնելու հայտարարությունում ամրագրված կետերն ու գաղտնի արձանագրությունները‚ նաև կյանքի կոչելու Զանգեզուրի պլանը‚ ինքը կարող է օգտակար լինել Ռուսաստանի համար։ Այս պայմաններում նշված թեզերը խաղարկելով‚ ժամանակ ձգելով‚ նոր առաջարկներ անելով՝ փորձում է ՌԴ-ի հետ ինչ-որ բան պայմանավորվել։
Դեկտեմբերի 1-ին Բերձորը հանձնելուց հետո Փաշինյանը‚ ըստ ստանձնած պարտավորությունների‚ պետք է սկսի զբաղվել Մեղրիով։ Պատահական չէ‚ որ մամուլով տեղեկատվական արտահոսք եղավ‚ որ նա ցանկանում է գնալ Պուտինի մոտ ու հարցնել‚ թե է՞լ ինչ ծառայություն կարող է մատուցել նրան։ Նա‚ փաստորեն‚ դավաճանել է բոլորին և այս պահին քանի որ այլ տեղ չունի գնալու‚ նաև սեփական անվտանգությունը ապահովելու համար դիմում է ՌԴ ղեկավարին՝ համաձայնելով նրա բոլոր ծրագրերին‚ անգամ եթե միութենական հանրապետություն ստեղծելու անհրաժեշտություն առաջանա‚ կարող է Հայաստանն էլ դրա մեջ ներգրավել։ ՈՒ պատահական չեն Պուտինի գովեստի խոսքերը։ Սակայն մի բան է Պուտինի խոսքը‚ այլ բան՝ իրականում ինչ տեղի կունենա։
Տարածքներն անդառնալի հանձնվելուց հետո Ռուսաստանում առանձնապես մեծ անհանգստություններ չունեն այդ փաստաթղթի իրականացման հետ կապված։ ՈՒստի Փաշինյանը ռուսներին այլևս անհրաժեշտ չէ։ Եվ եթե Հայաստանի ղեկավարի իրական այլընտրանք հայտնվի‚ ապա չի բացառվում‚ որ ՌԴ-ն որոշի ոչ հուսալի Փաշինյանին փոխարինել այդ այլընտրանքով։ Այստեղ ուշագրավ է այն փաստը‚ որ ընդդիմությունն էլ վերջին օրերին շատ ակտիվ այցելություններ է կատարում Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում շատ լուրջ հանդիպումներ ունեցան Վազգեն Մանուկյանը‚ դաշնակցականներ Իշխան Սաղաթելյանը‚ Արմեն Ռուստամյանը։
Գաղտնիք չէ‚ որ Ռուսաստանի հետ օպարատիվ կապի մեջ է նաև Արթուր Վանեցյանը։ Նկատենք‚ որ Ռուսաստանը Հայաստանում ինֆորմացիայի այլ աղբյուրներ նույնպես ունի։ Չի բացառվում‚ որ ՀՀ-ում զարգացումների շուրջ ինչ-որ կարծիք ձևավորելու համար Պուտինը խորհրդակցություններ է անցկացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Դժվար չէ կռահել‚ թե Քոչարյանն ինչ տեսակետ կարող է հայտնել Նիկոլ Փաշինյանի արկածների մասին։ Այնպես որ՝ Փաշինյանի արտաքին քաղաքական հենարանը շատ երերուն է ու լղոզված»,-գրում է թերթը:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։