Ռուսաստանի պատվիրակությունը Փաշինյանի հետ կքննարկի Ղարաբաղում հումանիտար արձագանքման նպատակով ստեղծվելիք միջգերատեսչական կենտրոնի հարցը. Լավրով
Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում հումանիտար արձագանքման նպատակով ստեղծվելիք միջգերատեսչական կենտրոնի հարցը, հայտնում է ТАСС-ը։
«Մենք շահագրգռված ենք, որ այսօր քննարկենք մեր հարաբերությունների ամբողջ շրջանակը, մի իրավիճակում, երբ ձգձգված բանակցություններից հետո ընդունվեց երեք առաջնորդի հայտարարությունը, որը վերջ տվեց արյունահեղությանը և հնարավորություն ստեղծեց իրավիճակը կայունացնել իր բոլոր հարթություններում, ներառյալ՝ մարդասիրական», – ասել է Սերգեյ Լավրովը՝ Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը։
«Այսօր կքննարկենք նաև հումանիտար արձագանքման նպատակով ստեղծվելիք միջգերատեսչական կենտրոնին վերաբերող հարցեր: Սա նոր կառույց է, որն ամբողջությամբ աշխատելու է խաղաղ բնակչության կարիքները հոգալու, քաղաքացիական ենթակառուցվածքները վերականգնելու համար, և, իհարկե, մենք կքննարկենք մեր տնտեսական համագործակցության արդի խնդիրները, էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կքննարկվի այսօր», – նշել է ՌԴ արտգործնախարարը: