«Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ամեն ինչ արեց, որպեսզի կոտրվի հաղթող ու հաղթած ազգի ողնաշարը»
«Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնության համահիմնադիր, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ զրույցում անդրադարձել ենք ստեղծված իրավիճակին։
-Ձեր կարծիքը ստորագրված եռակողմ հայտարարության մասին։ Արդյոք հնարավո՞ր է իրավիճակը փոխել։
-Ստորագրված հայտարարությունն աներկբա լինելու է հայոց պատմության ամենախայտառակ փաստաթղթերից մեկը ոչ միայն իր բովանդակային անընդունելիությամբ, այլև ստորագրման ձևով ու պայմաններով։ Իրավիճակի բարելավման հնարավորություններ միանշանակ կան։ Այդ հնարավորությունները և՛ քաղաքական‚ և՛ իրավական տիրույթում հնարավոր են։ Այն ունի շատ խութեր, բավականաչափ անորոշ է‚ և ՀՀ-ում գործողության հետ կապված կան խնդիրներ։ Այն այնքան վատն է, որ դրույթներ է պարունակում ՀՀ սուվերեն տարածքի վերաբերյալ։ Եթե այն պայմանականորեն միջազգային փաստաթուղթ (պարտավորություն) համարենք, ապա այն պետք է անցնի Սահմանադրությամբ նախատեսված վավերացման ընթացակարգեր։ Այս ամենի համար անհրաժեշտ են մի քանի պայմաններ, սակայն դրանց իրականացումը հնարավոր է միակ անհրաժեշտ պայմանի ապահովման դեպքում։ Անձը, որ ստորագրել է այս ամոթալի իրավաքաղաքական հայտարարությունը‚ պիտի հեռանա՝ հնարավորություն տալով նոր բանակցությունների, նոր պայմանների առաջքաշման։
-Երկրում ներքաղաքական մեծ լարվածություն է. այս իրավիճակում վարչապետը կարո՞ղ է շարունակել պաշտոնավարումը։
-Լարված է հասարակությունը, հիասթափված է, կոտրված է։ Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ամեն ինչ արեց, որպեսզի կոտրվի հաղթող ու հաղթած ազգի ողնաշարը։ Կարծիքները կարող են ունենալ ընթացակարգային տարբերություններ, սակայն բացարձակ համաձայնություն կա՝ մարդը‚ որ հանձնել է մեր հայրենիքը‚ չի կարող շարունակել իր աշխատանքն այդ պաշտոնում։ Նա տապալել է բանակցությունները, չի գիտակցել ԶՈՒ ԳՇ հրամանատարի կողմից զեկուցած իրավիճակի լրջությունը։ Հետևաբար, հայաստանյան օրակարգը մեկն է՝ սրբազան հայրենիքը մեկ ստորագրությամբ հանձնածի պաշտոնավարումն անհնար է։
-Վարչապետի հայտարարություններից և գործողություններից հասկանում ենք‚ որ իշխանությունը չի պատրաստվում զիջելու։ Այս իրավիճակում քայլերն ինչպիսի՞ն պետք է լինեն։
-Կատարվեց այն, ինչ 2,5 տարի շատերը ասում էին. Նիկոլ Փաշինյանի համար գերագույն արժեք են աթոռը, պաշտոնը և դրանից բխող բոլոր բարենպաստ հանգամանքները։ Նա հերթական անգամ ստում էր, ասելով՝ եթե պահանջ լինի հրաժարականի‚ կգնամ, ժողովուրդն է որոշում։ Հիմա ժողովրդի առջև ո՛չ կարող է դուրս գալ, ո՛չ գնում է մեր նահատակված հերոսներին մեծարելու։ Վախեցած է, խուճապահար, փորձում է անել միայն այն‚ ինչը կնպաստի մեկ օր ավելի պաշտոնավարելուն։ Իսկ մեր քայլերը շատ հստակ են՝ դրանք աստիճանաբար կպարզաբանվեն և անկասկած կհանգեցնեն նպատակի իրականացմանը՝ նոր բանակցող, նոր պայմաններ։
-Արցախը մասնատելով և զիջելով Հայաստանի համար խիստ կենսական նշանակության տարածքներ՝ մեծ սպառնալիքի տակ չի՞ դրվում նաև Հայաստանի անվտանգությունը։
-Մենք կանգնել ենք ազգային աղետի առաջ։ ՀՀ այսօրվա անվտանգ գոտիների մեծ հատված դառնում է արդեն սահմանամերձ։ ՀՀ վարչատարածքային ամբողջականության խախտումը հանգեցնելու է բազմաբնույթ խնդիրների՝ տնտեսականից մինչև կառավարման և անվտանգային։ Այս հայտարարությունն աղետ է ոչ միայն մեր հայրենիքի արցախյան հատվածի, այլև հայկական պետականության համար։
-Ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցում տեղ գտած ուղերձները։
-ՌԴ նախագահն արձանագրեց այն ցավալի իրականությունը, որն այսօր կա Հայաստանում։ Ինձ համար ՌԴ ղեկավարը որևէ նորություն չասաց։ Քանի որ տարբեր ժամանակներում իմ երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից լսել եմ այդ պնդումները (հասարակության միասնականության, անհրաժեշտության, այն մասին, որ Շուշիի հարցը երբեք չի եղել բանակցային փաթեթում, Փաշինյան Նիկոլը չի համաձայնել առավել բարենպաստ պայմաններով հայտարարությանը և այլն)։ Այդ հարցազրույցն ուղղակի հերքումն էր Նիկոլ Փաշինյանի պնդումների՝ ևս մեկ անգամ վերահաստատելով այն համոզմունքը, որ Նիկոլը չի կարող մնալ ու շարունակել հայակործան քայլերը։
-Վարչապետն առաջիկա անելիքների «ճանապարհային քարտեզ» է հրապարակել։ Ձեր կարծիքը։
-Նիկոլ Փաշինյանը լիովին սպառել է հայկական պետականության հետագա անելիքների մասին որևէ լուծում առաջարկելու իր քաղաքական և իրավական հնարավորությունը։ Նա շարունակում է ձևացնել, թե ինքն ապագա ունի որպես վարչապետ, իրավիճակն ուղղելու քայլեր է անում։ Դա հնարավոր չէ ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ պատճառներով։ Նա‚ ստորագրելով հայտարարությունը‚ օբյեկտիվ խոչընդոտ է ստեղծել իր համար՝ բանակցելու այլ, ավելի հայանպաստ լուծումների շուրջ։ Նա չի կարող շտկել իրավիճակը։ Նրա հնչեցրած ցանկացած առաջարկ սուտ է, ունի ժամանակ ձգելու նպատակ, իսկ այդ ժամանակ ձգելը ճակատագրական է լինելու հայ ազգի համար։
Զրուցեց Լիլիթ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ
irates.am