Իշխանությունը, փոխարեն անհապաղ միջոցներ ձեռնարկի գերեվարված զինծառայողներին գերությունից ազատելու համար, զբաղված է հարկատուների հաշվին քաղաքական հետապնդումներով. Վանեցյան
Քիչ առաջ ՀՔԾ ներկայացավ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ իրեն կանչել են մեղադրանք առաջադրելու՝ ռազմական դրության պայմաններում հանրահավաք կազմակերպելու համար:
«Նպատակը մեկն է՝ կասեցնել քաղաքական ընդդիմախոսների գործունեությունը: Սա հստակ քաղաքական հետապնդում է: Իշխանությունը, փոխարեն կարևոր գործերով զբաղվի՝ զոհված, գերեվարված և անհետ կորած զինծառայողների ցուցակը հրապարակի, րոպե առաջ անհապաղ միջոցներ ձեռնարկի գերեվարված զինծառայողներին գերությունից ազատելու համար, զբաղված է մեր հարկատուների հաշվին քաղաքական հետապնդումներ իրականացնելով», – նկատեց Վանեցյանը:
Անդրադառնալով վարչապետի ճանապարհային քարտեզին՝ ասաց, որ 2.5 տարի բոլոր ուղղություններով ձախողված մարդը չի կարող որևէ ճանապարհային քարտեզ հրապարակել:
Ըստ ԱԱԾ նախկին տնօրենի՝ այս ծանր վիճակում մեզ պրոֆեսիոնալ, հայրենասեր, ազգային հայացքներ ունեցող մարդիկ են պետք երկիրը, Վանեցյանի ձևակերպմամբ, ամոթալի վիճակից հանելու համար:
Նա նաև ավելացրեց.
«Պայմանավորվենք՝ Փաշինյանին վարչապետ չկոչենք: Նա այսօր բարոյական իրավունք չունի կոչվելու վարչապետ: Նա մարդ է, ով զավթել է պաշտոնը և իր գործունեությամբ խորը փոսի մեջ է տանում ՀՀ-ն ու Արցախը: Ընդդիմությունն իր գործն անում է, և հանրային պահանջի բարձրացման հետ նա անպայման հրաժարական կտա»: