Սամվել Բաբայանը հրաժարվել է «Արցախի հերոս» կոչումից ու դադարեցրել է ԱԽ քարտուղարի լիազորությունները
Արցախը հայոց պետականության կենտրոնն է, հայկականության խորհրդանիշը և մենք պարտավոր էինք պահել հայի արժանապատվությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայան:
«Այս գիտակցությամբ մենք ապրել ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում, հանուն հողի և այդ հողում արժանապատիվ ապրելու իրավունքի զոհել հազարավոր կյանքեր, կրել զրկանքներ։ Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ և գրչի մեկ հարվածով կասկածի տակ են դրել հայկականության գոյությունը, մեր փոխարեն որոշել մեր լինել-չլինելը և ապա մերկապարանոց ստեր են ճառում արձանագրված իրողությունների մասին, հարց է ծագում’ ո՞վ է ձեզ լիազորել ժողովրդավարական երկրում առանց ժողովրդի համաձայնության, առանց նրա կողմից ընտրված մարմինների հետ խորհրդակցելու հանձնել մեզ»,- գրել է նա:
Բաբայանը նաև ավելացրել է, որ ի պատասխան և ի բողոքումն այս հանցավոր գործողությունների՝ հայտարարում է, որ
– հրաժարվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից,
– դադարեցնում է իր՝ որպես Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները: