Արծրուն Հովհաննիսյանը կա՛մ չի տիրապետում թվերին, կա՛մ էլ միտումնաբար խեղաթյուրում է իրականությունը»․ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ընթացքում հայտարարել է, թե վերջին երկու տարում ավելի շատ նորարարական, տեխնոլոգիական, ժամանակակից զենք է մտել բանակ, քան վերջին տասը տարում։
«Բոլորը գիտեն դրա մասին»,-ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը:
«Ամենահայտնի թեման՝ ՏՈՐ-երը, ՍՈՒ-30-ները, ու լիքը ուրիշ բաներ, որ հիմա չենք էլ ասում, ՀՕՊ սպառազինության համար չֆիքսված, չգնահատված Իգլա-Ս-երը, Վերբաները, դրանք բոլորը կատարվել են ապրիլյանից հետո և ավելի շատ կոնկրետ՝ 2018-19 թվականներին: 2016-ից հետո հարցեր են բարձրացել, որ պետք է ուժեղ զինվել, սկսել ենք զինվել, 2018-2019թթ․ ավելի շատ ենք զինվել, քան երբևէ, ընդհանրապես»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
168․am-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հետաքրքրվեց, թե Արծրուն Հովհաննիսյանի վերոնշյալ հայտարարությունը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը: Գրասենյակից մեզ պատասխանեցին, որ ասվածը իրականության հետ որևէ աղերս չունի։ «Արծրուն Հովհաննիսյանը կա՛մ չի տիրապետում թվերին, կա՛մ էլ միտումնաբար խեղաթյուրում է իրականությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկիրը պատերազմի մեջ է, և հայտարարված է ռազմական դրություն, իսկ հակառակորդը գտնվում է Շուշիի մատույցներում, այս մասին խոսելն անպարկեշտություն է, կարելի է ասել` մեղավորների փնտրտուք: Մենք, անշուշտ, ռազմական դրության ավարտից հետո այս թեմային և նմանատիպ այլ անհիմն շահարկումների հանգամանորեն և փաստարկված կանդրադառնանք».-պատասխանեցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից: