Տարոն Մարգարյանը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետին
ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի հիմնադրման 91-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետի հետ:
Ողջունելով Երեւանի քաղաքապետին` Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նախ շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին հրավերն ընդունելու համար, ընդգծելով, որ սա եւս մեկ հրաշալի առիթ է քննարկելու հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջեւ հաստատված ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները. “Ուրախ եմ, պարոն քաղաքապետ, Ձեզ կրկին հյուրընկալելու Ստեփանակերտում: Քաղաքի հիմնադրման օրը տոն է ոչ միայն Ստեփանակերտի բնակիչների, այլեւ ողջ արցախահայության համար: Իսկապես շնորհակալ եմ, որ ընդունեցիք իմ հրավերն ու կարեւոր այս օրը մեզ հետ եք: Սա, Ձեր կողմից եւս մեկ քայլ է ուղղված երկու մայրաքաղաքների արդյունավետ համագործակցության էլ ավելի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Վստահ եմ, որ տոնական այս օրը Ձեզ եւ երեւանյան մեր գործընկերների համար եւս կլինի լիարժեք ու Երեւան կվերադառնաք լավ տպավորություններով”, – ընդգծել է Սուրեն Գրիգորյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար եւ շնորհավորելով Ստեփանակերտի հիմնադրման 91-րդ տարեդարձի կապակցությամբ` Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս վստահեցրել է, որ Երեւանի քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցելու Ստեփանակերտին` կյանքի կոչելու քաղաքային տնտեսության ամենատարբեր ոլորտներին առնչվող համատեղ ծրագրեր. “Հաճելի է նկատել, պարոն քաղաքապետ, որ Ստեփանակերտը տարեցտարի քաղաքի օրը դիմավորում է էլ ավելի բարեկարգ պայմաններում, ինչը լավագույնս խոսում է թե՛ քաղաքային իշխանությունների հետեւողական աշխատանքի եւ թե՛ հենց ստեփանակերտցիների սրտացավ վերաբերմունքի մասին: Տոնական շունչն իսկապես նկատելի է Ստեփանակերտում, եւ վստահ եմ, որ գալիք տարիներին եւս Արցախի մայրաքաղաքը տոնական այս օրը դիմավորելու է նորանոր ձեռքբերումներով”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հանդիպման վերջում Երեւանի քաղաքապետը Ստեփանակերտի գործընկերոջը հրավիրել է Էրեբունի-Երեւան 2796-ամյակի տոնակատարություններին մասնակցելու եւ Երեւանի օրը միասին տոնելու: