Ովքե՞ր են Երեւան ժամանել Ռուսաստանի նախագահի ինքնաթիռով եւ ի՞նչ է քննարկվում․ Փաստ
Երեկ տեղեկություններ տարածվեցին, թե Երեւանում վայրէջք է կատարել Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը, ապա նշվեց, թե դա եղել է Ռուսաստանի կառավարական ինքնաթիռ: Թե ով կամ ովքեր են եղել ինքնաթիռում, այդպես էլ պարզ չդարձավ: Միայն ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն ասաց, որ «Երեւանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները բնականոն հունով ընթանում են: Եվ դրա շրջանակներում Հայաստան են ժամանում նախապատրաստական խմբեր»:
Միեւնույն ժամանակ երեկ երեկոյան տեղեկություն տարածվեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Արցախից վերադարձել է Երեւան եւ այսօր առավոտյան հանդիպում ունի ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Թե ինչ արդյունք կունենա այսօրվա հանդիպումը, ցույց կտա ժամանակը: Բայց, ինչպես երեւում է, փաստացի Ռուսաստանն ակտիվացնում է իր դերակատարությունը:
Հավելենք, որ օրեր առաջ Կոպիրկինի հետ հանդիպել էր նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ի դեպ, տեղեկություններ կան, որ առաջիկա օրերին Հայաստան կայցելի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ ամենայն հավանականությամբ ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։