24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչու է անհանգիստ փոքր բիզնեսը

Հոկտեմբերի 1-ից Հայաստանում գործողության մեջ կմտնի ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքի այն փոփոխությունը, որով նախատեսվում է փոքր եւ միջին բիզնեսի համար էապես նվազեցնել առեւտրի ոլորտի հարկային բեռի դրույքաչափը։ Գործող 3,5-ի փոխարեն այն կդառնա 1 տոկոս։ Թվում էր, թե այս փոփոխությունը միանշանակ ողջունելի կլինի ոլորտում գործող տնտեսավարողների համար։ Սակայն պարզվում է, այնքան էլ այդպես չէ։

Երեկ կառավարության շենքի դիմաց էին հավաքվել տոնավաճառային առեւտրով զբաղվող մի քանի հարյուր քաղաքացիներ, որոնք բողոքում էին շրջանառության հարկի փոփոխություններից։ Խնդիրն այն է, որ հարկային բեռի թեթեւացումից բացի, այդ օրենքը նախատեսում է նաեւ լուրջ խստացումներ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է մատակարարումների փաստաթղթավորմանը։ Այլ կերպ ասած, ապրանքներ գնելիս փոքր բիզնեսն այլեւս պարտավոր է դրանց համար պահանջել եւ ունենալ ձեռքբերման փաստաթուղթ։

Դրանով կառավարությունը նպատակ ունի հարկային դաշտ բերել ոչ այնքան փոքր, որքան խոշոր բիզնեսին։ Ինչպես հայտնի է, գործող օրենքը փոքր եւ միջին բիզնեսին ազատել է փաստաթղթերով աշխատելու պարտավորությունից։ Կասկած չկա, որ դրանով ոլորտը լուրջ առավելություն է ստացել՝ հարկային վարչարարության թեթեւացման առումով։ Սակայն մյուս կողմից այդ արտոնությունը նպաստավոր դաշտ է ստեղծել խոշոր տնտեսավարողների ստվերային գործունեության համար։

Այժմ նվազեցնելով փոքր եւ միջին բիզնեսի հարկային բեռը՝ կառավարությունը միաժամանակ մտադիր է պայմաններ ստեղծել ստվերային գործունեության սահմանափակման համար։ Փաստաթղթավորումը ստվերի կրճատման հիմնական ճանապարհներից մեկն է։ Որքան էլ այն ուղղված է խոշոր բիզնեսի դեմ, այնուհանդերձ դրանից դժգոհ են փոքրերը։ Թեեւ դրա համար նրանք պատճառներ ունեն։

Մատակարարումների փաստաթղթավորումը լուրջ անհանգստություններ է առաջացրել ոլորտի տնտեսավարողների մոտ։ Նրանք մտահոգված են, որ դրանով դարձյալ կհայտնվեն հարկային մամլիչի տակ։ Առավել եւս, որ օրենքը սահմանել է նաեւ բավական խիստ պատիժներ՝ նման դեպքերի համար։

Երբ խոշորները ոչ միշտ են փաստաթուղթ տրամադրում մատակարարարվող ապրանքների դիմաց կամ տրամադրում են ապրանքի ոչ ամբողջ ծավալի համար, ցանկացած պահի փոքր եւ միջին բիզնեսը կարող է հայտնվել հարվածի տակ։ Նման պայմաններում անգամ մեծագույն ցանկության դեպքում շատ դժվար է լինելու առեւտուրը կազմակերպել այնպես, որպեսզի ապրանքային մնացորդի եւ իրացման շրջանառության մեջ տարբերություններ չհայտնաբերվեն։

Այստեղ իսկապես խնդիր կա, թեեւ մյուս կողմից՝ առանց պատշաճ փաստաթղթավորման անհնարին է պայքարել ստվերային շրջանառությունների կրճատման դեմ։

Վ. Քոչարյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ