Մենք չենք կարող թույլ տալ Օսմանյան կայսրության ուրվականի վերադարձ. նախագահ Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր բացման խոսքով հանդես է եկել առցանց անցկացվող կիբերանվտանգության միջազգային խոշոր CYBERSEC2020 համաժողովին, որը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի հետ գործընկերությամբ:
Համաժողովի մասնակիցների թվում են նաև Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը, Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Մարգրետ Վեստագերը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչեա Ջոանան, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Դիտա Չարանզովան, տարբեր երկրների պաշտպանական գերատեսչությունների, գլոբալ ընկերությունների ղեկավարներ:
CYBERSEC-ը համարվում է կիբերանվտանգության խնդիրներին նվիրված եվրոպական ամենախոշոր համաժողովներից մեկը, որի նպատակն է քննարկել նոր տեխնոլոգիաների հետևանքով առաջացած մարտահրավերներն ու վտանգներն, ինչպես նաև թվային լուծումներն ու տեխնոլոգիաներն ի շահ հանրությունների օգտագործելու հնարավորությունները:
Հանդես գալով բացման խոսքով՝ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է ներկայիս գերփոխկապակցված աշխարհում կիբերանվտանգության ոլորտի խնդիրներին ու սպառնալիքներին, դրանց հաղթահարման հնարավորություններին: Հայաստանի նախագահը հատկապես ընդգծել է երկխոսության կարևորությունը ժամանակակից աշխարհում:
«Երկխոսությունը կարևոր է: Երկխոսությունն է լուծումը, ոչ թե տեխնոլոգիաները: Յուրաքանչյուր տեխնոլոգիայի դեմ կհայտնվի մի նոր տեխնոլոգիա, և եթե փորձես ինքդ քեզ պաշտպանել միայն տեխնոլոգիաներ օգտագործելով, ապա շատ հավանական է՝ ձախողվես»,-ասել է նախագահ Սարգսյանը:
Ընդգծելով, որ մարդկային երկխոսությունն ամենակարևորն է, Հայաստանի նախագահն անդրադարձել է Ադրբեջանի հրահրած ռազմական վերջին գործողություններին. «Հայաստանի նման երկիրն ամեն օր դիմակայում է կիբերսպառնալիքներին, որոնք գալիս են ոչ միայն մեր հարևան Ադրբեջանից, այլև Թուրքիայից, որը ՆԱՏՕ-ի անդամ է: Ցավոք սրտի, այս վիրտուալ սպառնալիքն ավելի և ավելի նյութական է դառնում:
Թերևս լսել եք, որ Ադրբեջանը կիրակի օրը հակամարտություն է սկսել Լեռնային Ղարաբաղի սահմաններին: Պետք է հայտարարեմ, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան լիակատար կերպով աջակցում է Ադրբեջանին իր էլեկտրոնային դրոնների՝ կիբերհարձակումների, ինչպես նաև անձնակազմի՝ խորհրդատուների, վարձկանների և անգամ F-16 կործանիչների միջոցով:
Սա ողջ աշխարհում բնակվող ցանկացած հայի համար ինչ-որ առումով ուրվականի վերադարձ է: Եվ եթե այդ ուրվականը ի սկզբանե վիրտուալ էր, ապա այն այժմ դարձել է նյութական: Ինչու եմ ասում ուրվական. դա Օսմանյան կայսրության ուրվականն է, որը 105 տարի առաջ ծրագրեց և իրականացրեց Հայոց ցեղասպանությունը: Ոչ մի դեպքում մենք չենք կարող թույլ տալ, որ այդ ցեղասպանությունը կրկնվի:
Որտե՞ղ է լուծումը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում լուծումը նույնպես երկխոսությունն է, երկխոսությունը կողմերի միջև: Գոյություն ունի հարթակ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն ունի երեք համանախագահ երկրներ՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Մենք պետք է վերադառնանք երկխոսության: Թե՛ նյութական, թե՛ կիբերհակամարտությունների պարագայում կա լուծման միայն մեկ ճանապարհ՝ երկխոսություն»:
Արձագանքելով նախագահ Սարգսյանի խոսքին՝ գագաթնաժողովի մոդերատորը մասնավորապես ասել է. «Մենք համաձայն ենք Ձեզ հետ, պարոն նախագահ, որ երկխոսությունը կարևոր է: Խոսելով երկխոսության և այս դժվարին ժամանակների մասին՝ ևս մեկ անգամ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ձեր մտքերը ներկայացնելու համար: Ահա թե ինչպես է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը մեկնաբանել իրավիճակը. «ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունների մասին տեղեկությունների առնչությամբ: Կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, որոնք արդեն հանգեցրել են զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կողմերը պետք է վերսկսեն բանակցությունները՝ հասնելու խաղաղ կարգավորման: ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»: