Անկախ Հայաստանը 23 տարեկան է /վիդեո/
Սեպտեմբերի 21-ը Հայաստանի անկախության տոնն է: Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվել է Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանում 1990թ. օգոստոսի 23-ին:
1991 թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց հանրաքվե ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախություն ձեռք բերելու վերաբերյալ, որին քաղաքացիների 94,99%-ը կողմ քվեարկեց:
Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ եւ ինքնիշխան պետություն: Հանրաքվեի արդյունքները խորհրդարանի բարձր ամբիոնից հրապարակեց Բաբկեն Արարքցյանը, Հայաստանի ԳԽ-ի որոշումը ՀՀ անկախության մասին ընթերցեց պատգամավոր Արամ Մանուկյանը, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինն օրհնեց քաղաքացիների որոշումը:
Հանրապետության հրապարակում 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տոն էր` ինքնաբուխ , համաժողովրդական տոն, որին հայ ժողովուրդը սպասել էր երկար:
1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդի միասնական “ԱՅՈ”-ն հեշտ չտրվեց. պատերազմ, շրջափակում, անլույս ու ցուրտ տարիներ էին: Սակայն մենք կարողացանք ԱՅՈ ասել ազատ ապրելուն, ԱՅՈ ասացինք մեր միասնականությանը:Անկախությունը նվաճեցինք ու պահպանեցինք հող հայրենիի համար զոհվածների արյան գնով:
Շնորհավոր Տոնդ, 23-ամյա անկախ Հայաստան: