Սուրբ Խաչ կամ Խաչվերաց
ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարդալու, իմանալու համար…
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ին Սուրբ Խաչ կամ Խաչվերաց։
610թ. պարսից Խոսրով Բ թագավորը հարձակվում է Բյուզանդիայի վրա եւ 614թ. գրավում նաև Երուսաղեմը՝ համարյա կործանելով ամբողջ քաղաքը: Գերի է տարվում նաև Քրիստոսի խաչափայտը: Հերակլ կայսրը խաչափայտն ազատագրելու համար, հարձակվում է պարսիկների վրա եւ հաղթանակ տանում (նրա բանակում կռվում էին նաև Հայաստանի հունական մասի գնդերը՝ Մժեժ Գնունու ղեկավարությամբ):
Կնքվում է խաղաղության դաշն, որի կարևոր կետերից մեկն էր խաչափայտի վերադարձը: Հերակլը այն դարձյալ Երուսաղեմ է փոխադրում, որն ուղեկցվում է մեծ հանդիսություններով ու կրոնական արարողություններ: Այդ դեպքի հիշատակը հավերժացնելու համար, բոլոր քրիստոնյա եկեղեցիներում հաստատվում է Խաչվերացի տոնը (սեպտեմբերի 14): Հայոց եկեղեցում Խաչվերացը տոնվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած կիրակի օրը:
Ինչպես հավաստում են ազգագրական աղբյուրները, ժողովրդի մեջ տոնը գլխավորապես առնչվում է ննջեցյալների (մանավանդ նոր մահացածի) հիշատակը նշելու, պահպանելու հետ, դրանով իսկ՝ յուրօրինակ ձեւով սերունդներին ավանդելով նախնյաց պատմությունը: Այսպես. Ս. Խաչի օրը Շիրակում թե քաղաքում եւ թե գյուղերում, համարյա յուրաքանչյուր տուն մի ուլ է մորթում, ամբողջությամբ կախում թոնրում ու խորովում: Այնուհետեւ, որպես մատաղ, այն բաժանում է մոտ դրացիներին: Այդ մսից փաթաթում են լավաշի մեջ և իբրև ննջեցյալների բաժին, տանում դնում են գերեզմանատան քարերի վրա: Այս օրը մոտ ազգականները նաև նոր ննջեցյալատիրոջ տուն են ուղարկում սև հագուստներ ու մի կենդանի ուլ: Զանգեզուրում նույն տարում ննջեցյալ ունեցողները Ս.Խաչի ուրբաթ օրը ոսպով շորվա են եփում ու իբրև հոգեբաժին բաժանում, գերեզմանները օրհնել են տալիս, ինչպես նաև ուխտ են գնում մոտակա վանքերն ու ոչխարներ զոհաբերում: Ս.Խաչի օրը ննջեցյալներին բաժին տանելու և նրանց հիշատակը հարգելու սովորությունը ընդունված է և մինչև այժմ էլ կատարվում է ամբողջ Հայաստանում ու իր արմատներով առնչվում է նախնիների պաշտամունքի հետ,
դրանով իսկ մշտապես պահպանելով հոգեւոր կապը հին ու նոր սերունդների միջեւ: Ճշմարիտ է ասված. ՙՆորահաս սերունդը կտրվեց անցնող կամ անցած գնացած սերունդներից՝ նա էապես կտրվում է մինչ այդ գոյություն ունեցող ցեղի արժեքներից ու սրբություններից… Հին սերունդից կտրվողը դառնում է հոգեպես անհող եւ անուղի: Էականը հոգեհաղորդակցությունն է սերունդների միջեւ, որի շնորհիվ վերջինները փոխանցում են ցեղի հավիտենական բոցը… Հոգեհաղորդակցվել, ասել է՝ պատմական հիշողությամբ վերապրել անցյալ սերունդների կյանքը՝ նրանց ճակատագրին կապելով մերը՚. (Գ.Նժդեհ): Ահա, հենց այդ խորհուրդն ունի Ս.Խաչի տոնը, որը նախնիների հիշատակը պահպանելու առումով, թերևս, միակն է մեր տոնակարգում: Ուստի, պատահական չէ, որ մեր ժողովուրդը իր ՙմեծ մեռելների՚ պաշտամունքը դարերով փոխանցել է նրանց հիշատակին նվիրված տոներով (ՙՎարդանանց՚, ՙՍահակ-մեսրոպյան՚), իսկ Ս.Խաչը ամեն տարի այդ ամենը սրբագրում է հանձինս ներկա ու անցյալ ննջեցյալների: Որ Ս.Խաչի գլխավոր խորհուրդը նախնիների հիշատակը հավերժացնելու մեջ է, վկայում է նաեւ հետեւյալ իրողությունը. ինչպես հաղորդում է հայագետ Մ. Մինասյանը, Տավրոսյան լեռներում կար մի վայր, ուր, դեռ մինչեւ մեր դարասկիզբը, անհիշատակելի ժամանակներից, ամեն տարի սեպտեմբերի 14-ին շրջակա գավառներից համախմբվում էին բարեկամ ու թշնամի ազգեր (հայեր, քրդեր, ասորիներ եւ այլն) ՝ ողջակեզ մատուցելու առ Աստուած: ՙՆոյի զոհաբերութեան ընդունուած թուականն է այս օրն, երբ ջրհեղեղէն փրկեալներու նահապետը իր առաջին գոհաբանական ողջակէզն մատոյց առ Աստուած՚: Ուստի, տոնելով Ս. Խաչը, հանգստություն մաղթենք մեր նախնիների շիրիմներին ու վերածնվենք մեր մեծերի պայծառ օրինակով…»: