Այս նախաձեռնությունը միտված է սահմանափակելու խոսքի ազատությունը. «Մեդիա պաշտպան»-ի կոչը
«Մեդիա պաշտպանը» հայտարարություն է տարածել.
«Կոչ ենք անում ընդդիմադիր պատգամավորներին մերժել նախագիծը
Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որի համաձայն՝ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում՝ 2 միլիոնից՝ 10 միլիոն դրամ:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է այս նախաձեռնությունը, որն, ըստ էության, միտված է սահմանափակելու խոսքի ազատությունը։ Զրպարտություն և վիրավորանք եզրույթները Հայաստանում օրենքով հստակ սահմանված չեն։ Սուբյեկտիվ ընկալմամբ այս կամ այն գրառումը կարող է ներկայացվել որպես զրպարտություն, և իշխանությունների կողմից գործիք դառնալ քաղաքացիներին ու մամուլին լռեցնելու համար։ Պետք է բացառել օրենքը սեփական շահերին ծառայեցնելու բոլոր միտումները։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դեմ է զրպարտությանը և վիրավորանքին, միևնույն ժամանակ դատապարտում է խոսքի ազատության դեմ քաղաքական նպատակներով առաջ քաշված նախագիծը։
Կոչ ենք անում ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին քայլեր ձեռնարկել այս առաջարկի դեմ և հանուն խոսքի ազատության չթույլատրել նման նախաձեռնության ընդունումը»։