Երևանն ունի նոր փոխքաղաքապետ
Երեւանի ավագանու նիստում Սերգեյ Ներսեսյանը 47 կողմ, 1 զեռնպահ ձայներով ընտրվեց Երեւանի քաղաքապետի տեղակալ:
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հարց ուղղեց, թե արդյոք կհամաձայնի Սերգեյ Ներսիսյանը, եթե քաղաքապետի կողմից լինի առաջարկություն՝ որեւէ գործարարից շինթույլտվության դիմաց ստանալ գույք կամ ծառայություն:
«Ցանկացած հանձնարարական իմ վերադասի կողմից, որը չի խախտում օրենսդրության պահանջները, միանշանակ արվելու է: Ես սովոր եմ իմ ամբողջ կարիերայի ընթացքում, որ եթե ունենք խնդիրներ, եւ եթե մենք թիմ ենք, պետք է միասնական լուծենք խնդիրները»,-ասաց թեկնածուն:
Իր հերթին «Լույս» խմբակցությունից Թեհմինա Վարդանյանն ասաց. «Հուսով եմ չեք լինի կապսուլավորված ընդդիմադիր խմբակցություններից, որովհետեւ դա շատ կարեւոր է: հուսով եմ, որ ի տարբերություն նախկին փոխքաղաքապետի, ընդդիմադիրների նախագծերը կապված կարեւոր նախագծերի հետ, ավելի հետեւողական ու ուշադիր կլինեք: Կփորձեք գոնե կարդալ, ոչ թե դնել մի կողմ»:
Սերգեյ ներեսեսյանն էլ խոստացավ, որ ոչ մի խտրականություն չի կարող լինել:
ԲՀԿ խմբակցությունից Հռիփսիմե Առաքելյանը նկատեց, որ Սերգեյ Ներսիսյանը եղել է ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականը, իսկ այդ պատգամավորը որեւէ բանով աչքի չի ընկել, որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել: Նա հույս հայտնեց, որ Սերգեյ ներսիսյանը որպես Երեւանի փոխքաղաքապետ պասիվ չի լինի, ինչպես եղել է պատգամավորի օգնականի պաշտոնում:
Իր ամփոփիչ խոսքում թեկնածուն ասաց, որ կփորձի թիմի հետ միասին լուծել բոլոր խնդիրները, ցույց տալ, որ չկան անլուծելի խնդիրներ. «Ցանկացած խնդիր կլուծվի, եթե աշխատենք թիմով»:
Նշենք, որ Ներսեսյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականն է: Երեւանի փոխքաղաքապետի թեկնածուն 29 տարեկան է:
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին հայտնի դարձավ, որ Երեւանի արդեն նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը սեփական դիմումի համաձայն կավարտի պաշտոնավարումն ու աշխատանքը կշարունակի մասնավոր հատվածում: