Համաներման մասին առաջարկս մերժվել է. Էդմոն Մարուքյան
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպես շատերիդ հայտնի է, փետրվարի 20-ին դիմել էի կառավարությանը՝ առաջարկելով հանդես գալ համաներման մասին օրենք ընդունելու մասին նախաձեռնությամբ՝ համաներումը տարածելով 27 տարին լրացած այն անձանց նկատմամբ, ում մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցագործությունը։
Նշված առաջարկը մերժվել էր, և մինչ այժմ կառավարության կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել խնդրի լուծման ուղղությամբ, մինչդեռ՝
– «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետն ավարտվել է 2019թ. դեկտեմբերի 31-ին և չի երկարաձգվել։ Ըստ այդմ՝ այս պահին հետախուզման մեջ են 27 տարին լրացած (ոչ զինապարտ) արական սեռի մոտավորապես 4.000 քաղաքացի, ում նկատմամբ նշյալ օրենքը չի գործելու և, հետևաբար, նրանք, վերադառնալով հայրենիք, ենթարկվելու են քրեական պատասխանատվության։
Բնականաբար, նրանցից ոչ ոք չի ցանկանա վերադառնալ՝ առնվազն մինչև քրեական օրենսգրքով սահմանված վաղեմության ժամկետի լրանալը։
– Այսպիսով, դեմոգրաֆիայի խնդիրը միայն խորանալու է, այնինչ այդ քաղաքացիները կարող են վերադառնալ ու դառնալ պահեստազորի զինվոր, կազմել ընտանիք, ունենալ զավակներ, աշխատել այստեղ և ներդրում ունենալ հայրենիքի շենացման գործում։
ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովը, կառավարության առաջարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել համաներման մասին օրենք: Ըստ այդմ, Ազգային ժողովի խմբակցությունը կամ պատգամավորը չի կարող համաներման մասին օրենքի նախագիծ ներկայացնել։ Նման նախաձեռնությամբ Ազգային ժողովին կարող է դիմել միայն կառավարությունը։
Հարկ է նաև նշել, որ վերջին համաներման շրջանակը տարածվել է անգամ առանձնապես ծանր որոշ հանցագործությունների վրա, մինչդեռ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը (327-րդ հոդվածի միայն 1-ին և 2-րդ մասերը) միջին ծանրության հանցագործություն է։
Ըստ այդմ՝ մեկ անգամ ևս դիմում եմ կառավարությանը՝ առաջարկելով հանդես գալ համաներման մասին օրենք ընդունելու մասին նախաձեռնությամբ՝ համաներումը տարածելով 27 տարին լրացած այն անձանց նկատմամբ, ում մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցագործությունը»։