Հայ-ավստրիական տնտեսական հարաբերությունները պետք է նոր որակի հասնեն
Այս տարի ամռանը Վիեննայում հայ-ավստրիական տնտեսական համաժողովի կայացումը, Ավստրիայի ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարար Սեբաստիան Կուրցի և նրա հետ ավստրիացի գործարաների մեծաթիվ պատվիրակության այցելությունը Հայաստան, ինչպես նաև Ավստրիական զարգացման գրասենյակի բացումը Հայաստանում հուշում են, որ երկու երկրների միջև հասունացել է նոր մակարդակի տնտեսական հարաբերություններ ձևավորելու անհրաժեշտություն: Ավելորդ չէ նշել, որ
Ավստրիան, Եվրոպայի ամենազարգացած տնտեսություն ունեցող երկրներից մեկն է, որտեղ զարգացած են մեքենաշինական, մետալուրգիական, քիմիական, էլեկտրատեխնիկական, տեքստիլ, հանքարդյունաբերական և սննդի արդյունաբերության ճյուղերը, ինչպես նաև գյուղատնտեսությունը և տուրիզմը:
Եթե ներկայացնենք Ավստրիայի տնտեսական կապերը մեր հարևան կովկասյան երկրների հետ, ապա պատկերը թեև հետաքրքիր է, սակայն մեր համար ոչ նպաստավոր: 2013թ.-ի դրությամբ, Հայաստանում Ավստրիայի կատարած ընդհանուր օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 459,7 հազ. դոլլար, ընդ որում վերջին ներդրումները կատարվել են 2011 թ.-ին ընդամենը 10 հազար ամերիկյան դոլլար ծավալով: Ադրբեջանում ընդհանուր ներդրումները նույնպես մեծ չեն և կազմել են 6 մլն դոլլար, իսկ Վրաստանում այն կազմել է՝ 254,1 մլն. դոլլար:
Ինչ վերաբերում է արտաքին առևտրի ծավալներին, ապա պատկերը հետևյալն է՝ Հայաստանը Ավստրիայից անցյալ տարի ներմուծել է 57,4 մլն. դոլլարի, Վրաստանը 61,3 մլն. դոլլարի և Ադրբեջանը 89,2 մլն. դոլլարի ապրանք: Հայաստան հիմնականում Ավստրիայից ներմուծվել է դեղամիջոցներ, շաքար, ոսկի, ծխախոտի թուղթ և ավտոմեքենաներ:
Նախորդ տարի Ադրբեջանը արտահանել է Ավստրիա 399,4 մլն. դոլլարի ապրանք, որից 397,7 մլն.-ը հում նավթ: Վրաստանը արտահանել է ընդամենը 579,4 հազ. դոլլարի ապրանք: Ինչ վերաբերում է Հայաստանից արտահանման ծավալներին, ապա Ազգային վիճակագրական ծառայության և Մաքսային ծառայության տվյալները զարմանալիորեն չեն համընկնում. ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2013թ.-ին Հայաստանից արտահանումը Ավստրիա կազմել է 1,2 մլն. դոլլար (գերակշռում է ալյումինե նրբաթիթեղը), ապա ըստ Մաքսային ծառայության տվյալների, այն 3,4 անգամ ավելի է և կազմել է մոտ 4,2 մլն. դոլլար: Հիմնականում արտահանվել են փոստային նամականիշներ՝ 2,98 մլն. դոլլար և ալյումինի նրբաթիթեղ՝ 901,4 հազ. դոլլար մաքսային արժեքով:
Ինչպես տեսնում ենք ներդրումային առումով Ավստրիայի համար առավել կարևոր գործընկեր է Վրաստանը, որտեղ ներդրումները հիմնականում ուղղվել են հիդրոէներգետիկայի, տուրիզմի, գյուղատնտեսության, շինանարության ոլորտներ և հետագայում ևս նախատեսվում են պատկառելի ներդրումներ: Հայաստանը և Վրաստանը արտաքին առևտրի տեսակետից, համարյա նույն քաշային կատեգորիաների մեջ են և ավստրիական ապրանքների համար սպառման շուկա են դիտարկվում: Ադրբեջանը Ավստրիայի (ինչպես նաև բազմաթիվ երկրների) համար բնականաբար դիտարկվում է որպես «նավթային ցիստեռն» գործընկերոջ կարգավիճակով և ինչպես նշեցինք, Ադրբեջանից ներմուծում է հիմնականում հում նավթ, սակայն դա չի խանգարում, որպիսի Ավստրիան հաճախ քննադատության ենթարկի Ադրբեջանին մարդու իրավունքների խախտման, քաղբանտարկյալների և մամուլի ազատության խնդիրների հարցերով:
Գերմանա-ավստրիական տանդեմի, մասնավորապես աջ և կաթոլիկ շրջանակների համար խնդիր է դրված մեծացնել այդ երկրների քաղաքական և տնտեսական ազդեցությունը Հարավ-արևելյան և Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում, նաև Մերձավոր Արևելքում: Ապագայում հնարավոր է, որ Հայաստանը ևս այդ գերմանախոս երկրների ակտիվ հետաքրքրությունների տիրույթ մտնի: Ավստրիան, որոշ առումով Եվրամիության, ավելի շուտ Գերմանիայի հետ համաձայնեցված է գործելու Հայաստանում և որոշակի առաքելությամբ կարող է հանդես գալ: Չմոռանանք, որ Ավստրիան «չեզոք քաղաքականության» կողմնակից է, ներգավված չէ Ռուսաստանի հետ հակամարտության մեջ, նույնիսկ օժանդակում է ռուսական «Հարավային Հոսքի» նախագծի իրականացմանը և նրա հնարավոր տնտեսական ակտիվացումը Հայաստանում չի բերի լուրջ հակազդեցություն Ռուսաստանի կողմից:
Ընդհանրապես Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տնտեսական կարևորությունը Ավստրիայի համար նախևառաջ էներգակիրների մատակարարման և էներգետիկ անվտանգության ենթատեքստում է դիտարկվում: Սակայն Ավստրիան իր կովկասյան և կենտրոնասիական քաղաքականության մեջ Հայաստանին և Վրաստանին միասին է դիտարկում՝ քրիստոնեական երկրներ լինելու համատեքստում: Ավստրիայի համար Վրաստանի կարևոր ներդրումային գործընկեր լինելու փաստը ավելի շուտ պայմանավորված է ոչ միայն դեպի Եվրամիություն Վրաստանի ուղղվածության, այլ նաև Վրաստանի բարենպաստ աշխարհագրական դիրքով և ներդրումային ավելի գրավիչ միջավայրի իրողությամբ: Հավանաբար Ավստրիան փորձելու է էլ ավելի ընդլայնել իր տնտեսական ներկայությունը մեր երկրում, ձգտելով գոնե մոտավոր հավասարակշռություն մտցնել Վրաստանի հետ, եթե իհարկե մեր կողմից էլ ճիշտ քայլեր ձեռնարկվեն:
Ավստրիացիները պատրաստ են համագործակցել գյուղատնտեսության, ձկնաբուծության, վերականգնվող էներգետիկայի, ենթակառուցվածքների բարելավման և զբոսաշրջության ոլորտներում: Չմոռանանք, որ Ավստրիան հաջողությամբ համագործակցում է մեր երկրում առողջապահական, հումանիտար, կրթական եւ մշակութային բնագավառներում: Կառավարությունը պետք է իսկապես արագորեն բարելավի ներդրումային միջավայրը և օտարերկրյա ներդրումների համար ավելի գրավիչ պայմաններ ստեղծի:
Սարգիս Մանուկյան