«Սերժ Սարգսյանն այն եզակի ղեկավարն է, որ երկու անգամ ծնկի է բերել ադրբեջանցիներին». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ապրիլյան պատերազմում հայկական կողմից պարտված ցույց տալու վերաբերյալ հայտարարությունները համարում է դավաճանություն մեր հերոսների, մեր ժողովրդի, մեր ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ:
«Ապրիլյան պատերազմում մենք հաղթել ենք, վերջ. Ողջ հայ ժողովուրդն է հաղթել: Եթե իրենք սրանով ուզում են ստվեր գցել նախկին իշխանությունների վրա, իրենք ստվեր են գցում մեր պետության պատմության վրա, մեր ժողովրդի փառավոր հաղթանակների վրա: Նիկոլ Փաշինյանն իմ տպավորությամբ՝ ունի բարդույթ բոլոր մեր նախկին ղեկավարների նկատմամբ, որովհետև մեր նախկին ղեկավարները իրենց արժանի ներդրումն են ունեցել ադրբեջանցիներին ծնկի բերելու գործում: Իսկ Սերժ Սարգսյանն այն եզակի ղեկավարն է, որը և՛ արցախյան առաջին պատերազմում, և՛ ապրիլյան պատերազմում ծնկի է բերել ադրբեջանցիներին: Հիմա Նիկոլ Փաշինյանն այդ բարդույթն ունի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ հենց այդ պատճառով իշխանության քարոզչամեքենան տավուշյան մարտերից հետո փորձեց Նիկոլ Փաշինյանից մարշալ Ռակասովսկի կերտել:
Նրա խոսքով՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը սուբյեկտիվ է.
«Նրանք պետք է առաջինը հրավիրեին Նիկոլ Փաշինյանին այդ հանձնաժողով, որը հայտարարել է, որ 2016թ. ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել Ռուսաստանի հետ: Ավելին, վարչապետի պաշտոնում ինքն արդեն հայտարարեց, որ իր ռուս գործընկերների հետ քննարկել է. ի՞նչ է քննարկել: Եթե հանձնաժողովն անաչառ է, ինչո՞ւ Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին չի հրավիրել հանձնաժողով, որպեսզի նա զեկուցի հանձնաժողովին, թե որտեղից նրան՝ որպես պատգամավոր, տեղեկություն, որ այս ապրիլյան պատերազմը սանձազերծվել է Ռուսաստանի համաձայնությամբ: Երկրորդ՝ եթե ինքն այդ կարծիքին է, ի՞նչ է քննարկել և ո՞ւմ հետ է քննարկել Ռուսաստանում, ո՞վ է այդ ռուս գործընկերը՝ արդյո՞ք ՌԴ նախագահն է, վարչապե՞տը, պաշտպանության նախարա՞րը, ինչ-որ մեկի օգնակա՞նը, թե՞ Կրեմլի պահակը: Բա ինչո՞ւ է Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովը դրա մասին լռում»:
Ռազմիկ Մարտիրոսյան
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
168.am