Տնտեսական վիճակը ծանրանում է, իշխանությունը մանր-մունր հարցերով է զբաղված. «Փաստ»
«Նախորդ ամիսների համեմատությամբ կորոնավիրուսի համավարակի նոր դեպքերի թիվը սկսել է նվազել, և իշխանությունները փորձում են հանրությանը հավաստիացնել, թե գտնվում ենք համաճարակը հաղթահարելու ճանապարհին։ Այնուամենայնիվ, COVID-19-ի համավարակի լիարժեք հաղթահարման մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ ցանկացած պահի վարակի տարածման տեմպերը կարող են անկանխատեսելի բնույթ ստանալ, հատկապես, որ շուտով կրթական հաստատություններն սկսում են իրենց գործունեությունը։
Թվում է՝ այս իրավիճակում վարակակիրների թվի նվազմանը զուգահեռ պետք է որ աշխուժանար տնտեսությունը։ Մեկ անգամ չէ, որ վարչապետ Փաշինյանը խոսել է այն մասին, թե համաճարակային իրավիճակը երկրի տնտեսությանը մեծ վնասներ հասցնելու հետ մեկտեղ նաև տնտեսական առումով մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի առաջ։
Սակայն թե ինչ հնարավորությունից է օգտվել Հայաստանն արտակարգ դրության այս ամիսների ընթացքում, մնում է հարցական։ Խնդիրն այն է, որ ժամանակն անցնում է, իսկ երկրի տնտեսական վիճակի բարելավման որևէ նշույլ անգամ չկա, այլ ընդհակառակը՝ այն շարունակում է ծանրանալ։ Տնտեսության բազմաթիվ ճյուղեր, ինչպես, օրինակ՝ զբոսաշրջությունը և հյուրանոցային բիզնեսը, ահռելի վնասներ են կրում, մեծ թվով տնտեսվարողներ կանգնած են սնանկացման վտանգի առաջ։
Տնտեսության ծանր իրավիճակն իր արտացոլումն է գտել նաև հարկերի հավաքագրման բնագավառում։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի համախառն եկամուտները նվազել են 41 801, 9 միլիոն դրամով։
Ուշագրավ է նաև, որ Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միասին 2020 թ.-ի առաջին կիսամյակում 18 մլրդ 356 մլն դրամ պակաս գումար են վճարել պետական բյուջե, քան 2019թ.-ի նույն ժամանակահատվածում:
Այսպիսի իրավիճակում շարունակում է աճել ՀՀ պետական պարտքը։ 2020 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում պարտքն ավելացել է 618,2 մլն դոլարով՝ կազմելով 7,939 մլրդ դոլար, և սպասվում է, որ այն շուտով կանցնի 8 մլրդ դոլարի սահմանագիծը։
Ստացվում է, որ երկրի տնտեսական կայունությունը որոշակի չափով հնարավոր է եղել ապահովել պետական պարտքի մեծացման հաշվին, իսկ սա լրացուցիչ բեռ է պետության ուսերին։
Այս պայմաններում Փաշինյանի խոստացած ներդրումների մասին խոսք անգամ չի կարող լինել։ Գոնե կառավարությունը պետք է տնտեսական գործունեությունը խթանելու ռազմավարություն մշակեր, բայց դրա փոխարեն իշխանությունները բիզնեսին աջակցելու համար միայն ակտիվ վարկավորման գործիքն են կիրառում։ Իսկ թե տնտեսվարողներն ինչպես են կարողանալու փակել այդ վարկերը, եթե նորմալ չեն աշխատում, դեռ հարց է։
Բայց քանի որ Փաշինյանը հայտարարել է, թե գտնվում ենք համավարակի հաղթահարման փուլում, ապա դա իրեն պարտավորեցնում է հանրությանը ցույց տալ, թե տնտեսությունը ևս վերականգնման փուլում է։ Դրա համար էլ վերջինս մեկնում է մարզեր, հետևում է շինարարական աշխատանքների իրականացմանը։
Վարչապետ Փաշինյանն իր ուղիղ եթերներում այնպես է ներկայացնում, կարծես թե ճանապարհների ասֆալտապատումը կամ մանկապարտեզների վերանորոգումը աննախադեպ երևույթ է և նախկինում չի եղել։ Ուընդհանրապես, մի քանի ճանապարհի ասֆալտապատումով ու մանկապարտեզի վերանորոգումով տնտեսության համար որևէ լուրջ հարց չի լուծվում»,-գրում է թերթը։