23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թույլ մի տվեք, որ մորեխները ուտեն մարդկանց. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոև Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Թույլ մի տվեք, որ մորեխները ուտեն մարդկանց
 
Նեռը անցել է գործի, Անյուշկան արդեն վաղուց ձեթը թափել է եւ գիժը քարը գլորել է:
 
Պատմության ապագայի եւ անցյալի մասին ակտիվ քննարկումներ են գնում, քաղաքականությունն այսօր դարձել է պատմության թիվ մեկ համեմունք եւ տեղից վեր կացողը քաղաքականության մասին եւ պատմության դասերի մասին վերլուծություններ է անում, գնահատականներ հնչեցնում եւ փորձում է սեփական ճաշակին հարմարեցնելով, համեմելով սեփական բաղադրատոմսում առկա կծու, թթու եւ կիսաքաղցր համերով, մատուցել այն, այն, ինչ չկա եւ որոշների երեւակայության արգասիքն է կամ, էլ այն, ինչ շատերը կուզեին, որ եղած լիներ, իրենք շատ ավելի լավ գիտեն, որ չի եղել նման բան, բայց ցանկալին ներկայացնելով որպես կատարված փաստ, իրենք իրենց Խորենացուց եւ Ագաթանգեղոսից ավելի պատմահայր են զգում։ Այո, պատմությունը մաթեմատիկա չէ, այստեղ չկան կոնկրետ բանաձեւեր, թեորեմներ եւ չկա բազմապատկման աղյուսակ, բայց պատմությունը շատ ավելի է սիրում ճշգրտություն, քան որեւէ այլ գիտություն, քանզի, պատմական իրողությունները աղավաղված ներկայացնելը դառնում է դամոկլյան սուր տվյալ երկրի,գործող անձանց, ցանկացած պետության եւ բոլոր գործիչների համար։ Եվ հետո ու առաջ նրանց տրված պատմական բնութագիրը խարանի պես մնում է ճակատներին եւ գրքերում, հիշողության խորքերում։
 
Երբ Նոյը սարքում էր իր Տապանը եւ ապա լցնում այն ամեն կենդանի արարածով երկուական, նա չգիտեր, իր Տապանը որտեղ, երբ կհանգրվանի, կամ՝ կհանգրվա՞նի, առհասարակ։ Եվ պատմությունը մեզ չի թողել մանրամասներ, թե Նոյի այդ Տապանում, ջրհեղեղի ընթացքում, երբ Տապանը տրված էր ջրերի ուժին, ի՞նչ էր կատարվում, ո՞ր կենդանին իրեն ինչպես էր պահում, ո՞րն էր առավել կայուն, որը՝ վախկոտ եւ որը՝ անտարբեր։ Հենց սրանով էլ մարդիկ տարբերվում են բոլոր մյուս կենդանի արարածներից, որովհետեւ պատմության բոլոր վայրիվերումներում , երբ պատմաբանները գրում են մարդու մասին, երբ ներկայացնում եմ մարդկանց , պատմության այս կամ այն ընթացքի մեջ, տալիս են բնութագրություն, ասում են, թե օրինակ, Արա Գեղեցիկը որքան գեղեցկադեմ էր, Հայկը՝ որքան արդարամիտ եւ հզոր եւ Բելը, որքան չար եւ նենգ։
Դառնալով մեր օրերին, ուզում եմ ընդգծել, որ այսօր մեր երկրում տեղի է ունենում իրական պատմական դեպքերի աղավաղում եւ դրական կերպարները, մարդիկ, ովքեր դերակատար են եղել կարեւոր եւ մեծ գործերի, ովքեր եղել են ուժ եւ բռունցք պատմությամբ մեր ժամանակներին վերապահված թոհուբոհի մեջ, այսօր դառնում են թիրախ։ Համոզված ասում եմ՝ միտումնավոր, կանխավ որոշված սցենարով եւ կանխավ չափված-ձեւված ուղենիշով։ Մեր երկրի պատմության վերջին 30 տարին, այն ժամանակահատվածը, որը մեր անկախ գոյության, մեր ինքնուրույն գոյության սկիզբն է ու ընթացքը, այսօր աղավաղվում է միտումնավոր։
 
Մի սեւ ձեռք, մի Նեռ, իր երկաթյա շերեփով խառնում է մեր երկրի ընթացքը, մեր 30 տարիներին ձեռքբերումները, մեր երկրի եւ ժողովրդի հաղթանակները, ինչու՝ ոչ, պարտությունները, լավ գործերը, ինչու՝ ոչ, սխալները, ամեն, ամեն ինչ, որ կոչվում է պատմություն, այս ամենը խառնվում է մի մեծ կաթսայի մեջ եւ արդյունքում, ունենալու ենք այն ոչինչը, որին այդ ուժերը ձգտում են մեր երկիրը հասցնել։ Արդյունքում փորձելու են ստանալ մի միասեռ զանգված, մի անդեմ մասսա, որը չունի հիշողություն, որը չունի սեռ, չունի պատմություն եւ, որը հեռացած իր արմատներից, իր պատմությունից, իր ձեռքբերումներից եւ ինքն իրենից՝ ինքնահռչակվելու է որպես համաշխարահային ազգ, ինչը նույնն է, թե ոչինչ։ Քանզի, չունենալով ոչ հոգեւոր, ոչ մշակութային, ոչ սոցիալական, ոչ պատմական հիշողություն, դու դառնում ես ոչինչ։Այսօր, մեր միջից վամպիրի սառնասրտությամբ հանում եմ մեր արյունը, հանում են մեր միտքը, մեր հոգին եւ մի ամբողջ երկիր, պետություն, փորձում են դարձնել այն, ճանապարհային կարպետը, խալին, քեչան, որի վրայով արդեն մեկնարկային վիճակում սպասում են եւ անցնելու են հյուսիսից-հարավ, արեւելքից-արեւմուտք եւ որը շատ ավելի արագ է կառուցվում, քան կկառուցվի Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին։
 
Նեռը անցել է գործի, Անյուշկան արդեն վաղուց ձեթը թափել է եւ գիժը քարը գլորել է։ Քարն այդ անասելի արագությամբ սլանում է սարն ի վեր, այո, սարն ի վեր, քանզի մենք դեռ վերեում ենք, որպես պետություն եւ ժողովուրդ, բայց քարը գալիս է անասելի արագությամբ, քանզի կա հանձնարարական, կա հրահանգ՝ ոչնչացնել այն, ինչը խանգարում է մեծ ճանապարհին, ոչնչացնել այն, ինչը խոչընդոտում է համաշխարահային բիզնես շահին։
 
Իսկ մե՞նք, կհարցնեք դուք․․Իսկ մենք կանգնած են հիմարացած եւ մեծ բացված աչքերով նայում ենք այս ամենին եւ ոչինչ չենք տեսնում։ Մենք հիմար էյֆորիկ հոգեվիճակում ենք, մեզ դեռ թվում է աշխարհի կենտրոնն ենք, մեզնից է սկսվում եւ ավարտվում համաշխարհային սով-նար-կոմը, համաշխարհային գունավոր թավիշը։Մենք մնացել ենք թավիշի տակ։ Մենք դեռ հիմարացված եւ երջանիկ վայելում ենք թավշե երջանկությունը, փիսիկների պես լպստում ենք մեր դատարկ թաթիկները եւ նայում ենք նրան, ով իր սեւացած, փչացած ատամներով, անթրաշ դեմքով եւ անասելի անդուր ձայնով բոլորիս պահում է էժանագին հիպնոսի տակ, խենթացնելով 40-նն անց տիկնանց, վաթսունն անց տատիկներին, անտարիք եւ անսեռ տղամարդկանց, բոլոր ժամանակների իշխանական կերակրատաշտակների մոտ իրենց փորը լցնողներին, պատեհապաշտներին, աբիժնիկներին, նաեւ բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ իրենց բակերում, պատերի տակ թքելուց եւ անլվա անկողին մտնելուց բացի ուրիշ ոչ մի օգտակար գործով չեն զբաղվել, ովքեր ամեն օր իրենց բաժին հասած ճաշիկն են կերել , հարեւանի հաշվին մի բաժակ օղիով եւ քշել են իրենց հին <Ջորին>, չկարողանալով երեխա դաստիարակել, որովհետեւ իրենց եւս ոչ ոք չի դաստիարակել, չկարողանալով ոչ մի արժեք ստեղծել, որովհետեւ ծույլն են ու անբան, բայց մտածում են ոչինչ չունեն, որովհետեւ իրենց թալանել են, այո, նրանց տարիներ շարունակ ներշնչել են, թե իրենց ունեցածը գողացել են, լափել են, իրենց թալանել են, եւ ոչ մեկը նրանց ականջին չի շշնջացել, որ այ տկլոր, ախր դու երբեք մի կարգին կրթություն չես ունեցել, դու մի կարգին արհեստ չես սովորել, դու քո ամբողջ կյանքի ընթացքում մի երկու երեխա ես ետ գցել, էն էլ ոչ թե խելքով ես արել, այլ՝ բնությունն է օգնել, եւ ոչ մի անգամ ինքդ քեզ հարց չես տվել՝ ի՞նչդ են լափել, ի՞նչդ են թալանել, երբ դու քո ապրած կյանքի ընթացքում ալարել ես անգամ սափրվել, լվացվել, եւ անգամ քո տաքսին, որն արդեն չունես, օգտագործել ես որպես ծխարան եւ աղբանոց, երբ մեկը շփոթվել նստել է, հետո ամբողջ կյանքում բուժվել է էդ հակասանիտարական վիճակիդ պատճառով։
 
Եվ այսօր, այո, մենք մեր թեթեւ եւ անգետ ձեռքով, մեր էյֆորիկ ախմախությամբ եւ անգետ հայացքով մեր երկրի, մեր պատմության հերն ենք անիծում։ Դա անում ենք մենք ինքներս, որովհետեւ մի տեսակ շատ էինք համը հանել, շատ էինք անհամացել, մի տեսակ շատ էինք ուզում փոխել, փոխվել, մի տեսակ շատ էինք մեզ հզոր եւ ամենակարող զգում։Եվ գնացինք հրապարակներ, գնացինք փողոցներ փակելու, նորմալ աշխատող աղբարկղները քարշ տալով կոտրեցինք, գոռացինք-գոչեցինք, խենթացանք եւ դուխովացանք․․
 
Ու կատարվեց այն, ինչը որոշված էր ի վերուստ, սցենարից չեղավ ոչ մի շեղում, Նեռը արեց իր գործը, նրա վիրակապված, արյունոտ ձեռքը արեց իր գործը, վերցրեց մեր պետության պատմության ընթացքը եւ շեղեց դեպի կործանում։ Իսկ մենք հորթային հրճվանքով տրտինգ էինք տալիս, մենք անասնական ուրախություն էինք ապրում եւ բացել էինք մեր հոգին, մեր սիրտը, եւ մեզ ազգովի թվաց, եկել է Փրկիչը։ Ու ազգովի հիմարացանք, մինչդեռ՝ բաց աչքերով նայելով պիտի տեսնեինք, թե ինչ էր կատարվում իրականում, պարտավոր էինք տեսնել, որ մի ամբողջ պատմություն է գլխիվայր շրջվում, պիտի բռունցք դառնայինք եւ կանգնեցնեինք այդ գահավիժումը։ Մինչդեռ, մենք Բաղրամյանում շամպայն էինք խմում, ժամկետնանց տորթերով , պառկում էինք փողոցներում, իրար մեջք էինք քորում եռագույն մեր դրոշի ձողով, եւ հորթի տես տրտինգ էինք տալիս հու-հաների եւ դըմփ-դըմփների հնչյունների ներքո։
 
Ու եղավ խավարը, եւ այդ խավարի մեջ մարդիկ ավելի լավ տեսան, այն ինչը չէին տեսնում ամիսներ առաջ, մեկ տարի առաջ եւ, հիմա, երբ մոտենում եք եւ փրկություն եք աղերսում, երբ բողոքում եք, թ ե աշխատանքից հեռացվեցիք, կրճատվեցիք, թե աղբը շատացել է, ծաղիկները ջրողը չկա, թե անհույս վիճակում եք եւ այլն, ես ձեզ չեմ խղճում, ես չեմ մտնում ձեր դրության մեջ, ես ձեզ չեմ սիրում։ Երբ ես էի աղաղակում, զգուշացնում, հորդորում բաց աչքերով նայել եւ տեսնել Նեռին, վտանգը, հասկանալ, որ սա ուրիշ օպերայից է, որը մեզ բոլորիս դեպի ռեքվիեմ է տանում, դուք Մեսրոպ Մաշտոցի պողոտայում խոզի խորովածից յուղոտ ձեր մատներն էիք լիզում, երբ ասում էի, մի արեք, պարզապես մի գնացել եկեղեցու դեմ, դուք ձեր աստվածներն էիք գտնել, նոր փրկիչ եւ նրանց էիք հիմարաբար երկրպագում։Հիմա ես ձեզ չեմ խղճում,հիմա ես ասում եմ ձեզ՝ հանգիստ նստեք ձեր տեղը եւ վայելեք Նեռի խրախճանքը, նա վայելում է, իսկ դուք դիտեք, իսկ դուք նայեք, թե հիմա ով ում ինչն է լափում, թալանում եւ ոչնչացնում։
 
Ես հիմա չար եմ եւ անսիրտ, որովհետեւ այն օրերին, երբ դուք պիտի իմ կողքին լինեիք, որովհետեւ ես ձեր կողքին էի միշտ եւ ամեն քայլի, դուք գնացիք Նեռի ետեւից։ Հիմա ես ասում եմ ձեզ՝ դուք ինձ քիչ եք հետաքրքրում, կարեւորն այսօր ոչ ես եմ, ոչ դուք, այսօր ես ինքս էլ ինձ քիչ եմ հետաքրքրում, ես ինձ էլ չեմ սիրում եւ չեմ ուզում ինքս ինձ օգնության ձեռք մեկնել, որովհետեւ ես նույնպես թույլ եղա, որովհետեւ իմ մարմնով , իմ կյանքով չկանգնեցի ձեր եւ Նեռի մեջտեղում, չկարողացա փրկել ձեզ, հետեւաբար, ձեզ փրկելով՝ ինքս ինձ։
ՀԻմա իմ հոգսը, իմ միտքը, իմ անհանգստությունը, իմ ցավը մեր երկրի, մեր պետության ընթացքն է, մեր պատմության աղավաղումը, մեր բոլորի այս մի բուռ Արցախի, մի բուռ Հայաստանի այսօրն ու վաղը։
Եթե հիմա էլ մենք փորձենք ապրել նույն հիմար ժպիտով եւ սպասենք լավ օրերի, եթե հիմա էլ մենք ժամանակ տանք նորերին եւ ներողամիտ լինենք, մենք այլեւս մարդ կոչվելու իրավունք չունենք, մենք այն էն կովի պես մի բան կդառնանք, որի հորթին էսօր առավոտ են մորթել, իսկ ինքը որոճում է իր բաժին թավիշը։ Ունե՞նք հիշողություն, ունե՞նք պատիվ եւ պատասխանատվություն մեր պատմությունը փրկելու, մեր անցյալը, մեր հաղթանակները, մեր պարտությունները, ճիշտն ու սխալը, մեր հերոսներին եւ զինվորներին փրկելու, ուրեմն մենք տեղ կունենանք Նոյի տապանում։ Չե՞նք կարող, չե՞նք ուզում, դեռ հիմար ժպիտով քարացած վայելում ենք կեղծիքը, դեռ ուզո՞ւմ ենք, որ թքեն մեր երեսին, ուրեմն, այո, մենք այն հիմար կենդանին ենք, որին բնությունը դեռ անուն անգամ չի տվել, որը միայն իր փորն է լցնում եւ թքում ամեն լավի վրա․․․
Ողջ եղեք, մի թույլ տվեք, որ մորեխները ուտեն մարդկանց․․․
 
Թույլ մի տվեք, որ մեր երկիրը դարձնեն անուղեղ եւ անհիշողություն մի տարածք, հյուսի-հարավ, արեւելք-արեւմուտք ոտքի տակի փալաս…»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ