23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մենք կարողացանք լիարժեքորեն ներկայացնել մեր դիրքորոշումը միջազգային հանրությանը և համապատասխան արձագանք ստացանք․ Նաղդալյան․ «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը շարունակում է մամուլի քարտուղարների հետ զրույցների շարքը։ Այս անգամ «Մեդիա պաշտպանը»  զրուցել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի հետ:

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում արտգործնախարարության լրատվական բաժինն աշխատում է արտակարգ ռեժիմով, որը պայանավորված է կորոնավիրուսով ստեղծված իրավիճակով, իսկ այս էսկալացիայի շրջանում աշխատանքը կրում է իրապես շուրջօրյա բնույթ, առավել մեծ ուշադրություն է դարձվում մոնիթորինգին, որը թույլ է տալիս գնահատելու և վեր հանելու առկա բաց թողումները և մեկնաբանությունները, պատասխանում ենք լրագրողների հարցումներին, իսկ արդեն աշխատանքային օրվա «պաշտոնական» մեկնարկից` ժամը 9։00-ից էլ սկսվում են զանգերը: Լինում են դեպքեր, երբ մի ժամվա մեջ մի քանի տասնյակ զանգեր ենք ստանում. մեզ համար շատ կարևոր է բոլորին արձագանքելը։

ԱԳՆ-ն համակարգում է նաև արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությունը։ Տեղեկատվական դաշտում մենք բոլորս պետք է մեկ ձայնով խոսենք։ Հաճախ չենք նկատում՝ ինչպես է սկսվում և ավարտվում օրը»,- ասել է Նաղդալյանը։

Հարցին՝արտաքին և ներքին լսարանի համար տեղեկատվությունն ինչպե՞ս է բաժանվել, ի՞նչ նպատակներ են դրվել և որքանո՞վ է հաջողվել ընտրված ուղերձները տեղ հասցնել, Նաղդալյանը պատասխանել է.

«Մոբիլիզացումն ու աշխատանքի բաժանումը շատ արագ և օպերատիվ կատարվեց. ապրիլյանի փորձն արդեն կար։ Բնականաբար, արտաքին ու ներքին լսարանի համար չէր տրվում նույն ուղերձն ու նույն բովանդակության տեղեկատվությունը, որովհետև արտաքին լսարանն ունի իր նախապատվությունները, իր պահանջը, իսկ ներքին լսարանի պահանջները բոլորովին այլ են: Բաժանումը պարտականությունների, թե ով որ լսարանի ուղղությամբ է աշխատելու, բավական արագ կատարվեց։ Մենք կարողացանք լիարժեքորեն ներկայացնել մեր դիրքորոշումը միջազգային հանրությանը և համապատասխան արձագանք ստացանք, բացառությամբ հատուկենտ դեպքերի, որոնք մեզ համար անակնկալ չէին»։

Ապատեղակատվության և շահարկումների վերաբերյալ հարցին ի պատասխան ԱԳՆ մամուլի քարտուղարը նշեց, որ շահարկումներ, որպես այդպիսին, բավականին քիչ եղան, շատ ավելի քիչ, քան ականատես ենք լինում ոչ նման արտակարգ իրավիճակներում:

«Կար երկկողմ պատասխանատվություն, թե ինչ կարևորության հարցի հետ ենք առնչվում, և գիտակցում, թե յուրաքանչյուր շահարկում ինչ խնդրի կարող էր հանգեցնել: Պետական կարևորության տեղեկատվությունը պետք է լինի ճշգրտորեն ստուգված, քանի որ անմիջապես մեր անվտանգությանն է առնչվում, ուստի լրատվամիջոցի ու գերատեսչության պատասխանատվությունն այդ առումով պետք է լինի երկկողմանի։ Տեղեկատվական առումով մեր գերակա նպատակն էր լինել տեղեկատվության սկզբնաղբյուրը, լինել վստահելի, օպերատիվ մեր առաջնահերթությունների, մեր դիրքորոշումների ներկայացման առումով՝ թե՛ ներքին, թե՛ միջազգային լսարանի համար, ինչը նաև մեզ թույլ է տալիս զերծ մնալ ցանկացած մանիպուլյացիաներից և ապատեղեկատվությունից։ Երկրորդը՝ հասկանալ հստակ, թե որոնք են մեր առաջնահերթությունները և մեզ համար մտահոգություն ներկայացնող հարցերը:

Տեղեկատվության հետ աշխատանքում շատ կարևոր է բոլոր մասնակիցների կողմից հստակ գնահատականը, թե այն իր մեջ ներառում է ինչպես կերտող, այնպես էլ՝ քայքայիչ ներուժ, և հենց դա պետք է հանդիսանա տեղեկատվության հետ վարվելու պատասխանատվության հիմքը»։

Թե ինչպես է կգնահատի լրատվական դաշտի հետ աշխատանքները, Նաղդալյանը պատասխանեց. «Հայ լրագրողները բավականին պահանջկոտ են, հատկապես նման օրերին։ Կար փոխգործակցության շատ բարձր մակարդակ հայ լրագրողների կողմից. միջազգայինը ես առաձին եմ դիտարկում: Կար ընդհանուր ընկալում աշխատանքի, երկկողմ տեղեկատվության։ Բազմաթիվ զանգեր էինք ստանում, բայց լրատվական դաշտի հետ շփումը կազմակերպելիս առավել շատ օգտագործում էինք սոցիալական հարթակները, այս օրերին բավականին ակտիվ ուղարկում էին հարցումներ։ Խնդիր է թերևս այն, որ մեր լրատվական դաշտը ներկայացնող որոշ աշխատակիցներ լիովին չեն պատկերացնում, թե ինչպես է գործում արտգործնախարարությունը, ինչ հարցերով է զբաղվում։ Եղել են դեպքեր, երբ ստացված հարցմանը պատասխանել է ԱԳՆ կենտրոնական ապարատը, այնուհետև հարցրել են՝ թե ՀՀ դեսպանությունն այդ հարցում ինչ է կարծում՝ չընկալելով, որ դեսպանությունն ու ԱԳՆ-ն մեկ կառույց են, պարզապես դեսպանության շենքը գտնվում է այլ երկրի տարածքում, բայց իրենք ԱԳՆ-ի անբաժան մասն են»։

Հարցին, թե մամուլի քարտուղարը որքանով է ազատ, Աննա Նաղդալյանը պատասխանեց․ «Մամուլի քարտուղարն ունի որոշակի ազատություն, և բնականաբար, որևէ մեկը տեքստ չի գրում և տալիս, որ նա կարդա, բայց նաև կա որոշակի ընդհանուր գիծ, ուղղություն, որին մամուլի քարտուղարը պետք է հավատարիմ մնա։ Որպես ԱԳՆ խոսնակ՝ երբևէ չեմ ներկայացնում որևէ հայտարարություն, մեկնաբանություն կամ դիրքորոշում, որը չի արտահայտում տվյալ հարցի նկատմամբ իմ մոտեցումը՝ որպես դիվանագետ և քաղաքացի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ