Լևոն Տեր-Պետրոսյանի դավաճանական պրոեկտը դեռ չի պարտվել․ Վիտալի Բալասանյան
Tert.am-ը գրում է․ «Ես մի քանի անգամ ասել եմ՝ Նիկոլը պրոեկտ է, որն իրականացնելու է մի քանի ծրագրեր և մենք արդեն դրա ականատեսն ենք լինում: Նիկոլը շարունակում է հակապետական, հակաազգային քայլեր՝ սկսած Ալիևի հետ վերելակային հանդիպումից։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդաշարի ժամանակ ասել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը:
Վիտալի Բալասանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը փաստաթուղթ է հանձնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. «Այդ փաստաթուղթը վերաբերվում էր ամբողջ հայ ազգին: Ես բազմիցս ասել եմ, որ այս իշխանությունն Արցախի հարցում Հայաստանը դարձրել է որպես հակամարտող կողմ: Այդ ամենը մենք տեսանք սահմանային լարվածությամբ»:
Վիտալի Բալասանյանը հիշեցնում է, որ հրադադարի հուշագրի ստորագրումից հետո Հայաստանն Արցախի հարցում եղել է երաշխավոր, սակայն այսօր դարձել է հակամարտող կողմ. «Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ պետք է աներ, որպեսզի Հայաստանը մտներ պատերազմական դրության մեջ, որ վաղն էլ հայտնվի արևմտյան ուժերի պրոեկտում, և Հայաստանի վրա շատ հեշտ լինի ճնշումներ գործադրելը»:
Դիտարկմանը՝ կան փորձագետներ, որոնք նշում են, թե Հայաստանին հնարավորություն է տրված Արցախի հարցի բանակցային սեղանին վերադարձնել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները և հարցին՝ արդյոք դա հնարավոր է՞, Վիտալի Բալասանյանը պատասխանել է. «Պրոեկտը թույլ չի տա, որպեսզի Հայաստանը Արցախի հարցի բանակցային սեղանին վերադարձնի այդ պայմանավորվածությունները: Եթե իշխանությունը գնալու լիներ այդ քայլին, մենք անպայման դա կտեսնեինք: Ժողովուրդը, քաղաքական ուժերը պետք է պարտադրեն, որպեսզի այդ փաստաթղթերը վերադարձվեն բանակցային սեղան»:
Վիտալի Բալասանյանի համոզմամբ՝ հենց այդ փաստաթղթերից է կախված հայկական երկու պետությունների հետագա ճակատագիրը: