Գայի՞նք, ձեզ համոզեի՞նք, տնից բերեի՞նք. Շարմազանովն` ընդդիմությանը
Ազգային ժողովում ”Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ”Ժառանգություն” խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն ասաց, որ ցավում է, որ ոչ թե բովանդակությունն է քննարկվում, այլ ընթացակարգը, թե ինչու է օրենքը ընդունվելու 24 ժամյա ռեժիմում:
”Օրենքն ընդունվել է հունիսի 21-ին, երբ ընդդիմությունը չէր աշխատում, ավելի ճիշտ` բոյկոտում էր նստաշրջանները և շատ արագ օրենքներ եք ընդունել առանց իրական քննարկումների, քանի որ պարզվեց, որ երկու ամսվա մեջ եղան քննարկումներ, ու օրենքի կեսը պիտի փոփոխվեր”,-նկատեց նա:
Պողոսյանին արձագանքեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ”Դուք մեղադրում եք մեծամասնությանը, ասում եք` առանց մեզ քննարկել եք, ընդունել եք, ասում եք` դուք չեք աշխատել, բոյկոտել եք: Հիմա որ ընդդիմությունը չի եկել դահլիճ, բարի լինեիք, գայիք դահլիճ, քննարկեիք: Գայի՞նք, ձեզ համոզեի՞նք, տնից բերեի՞նք:
Լինեիք դահլիճում, քննարկեիք մեզ հետ”: ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին, իսկ հանձնաժողովի անդամները միայն ՀՀԿ-ականները չեն, նրանց թվում է նաև ”Ժառանգություն” խմբակցության նախկին ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Նշենք, որ օրենքի նախագծի հիմնական սկզբունքներից մեկն է նպաստել գործարար միջավայրի բարելավմանը՝ պարզեցնելով փորձագիտական եզրակացությունների ստացման ընթացակարգը:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը փաստաթղթերի այն փաթեթն է, որում ընդգրկված է նախատեսվող գործունեության իրականացման վերաբերյալ ամբողջական եւ համապարփակ տեղեկատվություն նախատեսվող գործունեության արդյունքում շրջակա միջավայրի բաղադրիչների վրա հնարավոր ազդեցության բոլոր տեսակների, այդ ազդեցության համաչափութան եւ թույլատրելիության, տեխնիկական հնարավորությունների եւ այլ հարցերի վերաբերյալ: