17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գազի թանկացման բեռը կրկին ժողովուրդն է կրելու․ 168.am

168.am-ը գրում է․ «Չնայած ժամանակին Նիկոլ Փաշինյանը շատ էր խոսում այդ մասին, այնուհանդերձ «հեղափոխությունից» հետո գազի սակագինը Հայաստանում այդպես էլ չնվազեց։ Ոչ միայն չնվազեց, այլև շատ շուտով բարձրանալու է։ Հուլիսի 19-ից գործողության մեջ են մտնելու ներքին սպառման նոր սակագները։

Եվ որպեսզի վարչապետին շատ անհարմար դրության մեջ չդնեն՝ կառավարությունում նստել մտածել են ու մի մեխանիզմ ընտրել, որով փորձել են տպավորություն ստեղծել, թե բնակչությանն ազատել են սակագնի բարձրացումից։ Թանկացման ծանրությունն արտաքուստ դրել են տնտեսության վրա։ Սակագները հուլիսի 19-ից կբարձրանան միայն խոշոր սպառողների համար։ Փոքր սպառողների դեպքում դրանք կմնան անփոփոխ։ Բայց միևնույն է՝ թանկացման բեռը, անգամ, եթե դա տնտեսությանն է վերաբերում, կրկին կրելու է բնակչությունը։ Այդ հավելյալ գումարները, այսպես թե այնպես, դուրս են գալու ժողովրդի գրպանից։

Տնտեսությունը չի կարող օդից փող վերցնել, որպեսզի փակի գազի թանկացման ազդեցությունը։ Դրա համար ստիպված է լինելու բարձրացնել ապրանքների գները, որին շուտով ականատես կլինենք։ Իհարկե, դա միանգամից չի լինելու, հատկապես՝ գյուղմթերքների դեպքում։ Խոսքը ջերմոցային տնտեսության արտադրանքի մասին է։ Հաջորդ տարի արդեն ջերմոցային մթերքներն առնվազն 7-10 տոկոսով ավելի թանկ են լինելու՝ միայն գազի սակագնի բարձրացման հետևանքով։

 

Խնդիրը, սակայն, միայն ջերմոցների հետ չի կապված։ Թանկանալու է նաև վերամշակվող գյուղմթերքը։

Գնաճը չի շրջանցի նաև արդյունաբերական այն ապրանքների արտադրությունը, որոնք կապ ունեն գազի սպառման հետ։ Այդ շրջանակը բավական լայն է։

Սպասվում է նաև շարժիչային գազի գնի բարձրացում։ Որպեսզի շատ աչք չծակի՝ դա էլ գուցե միանգամից չլինի։ Բայց լինելու է։ Ու այդ շղթան տարածվելու է տնտեսության ու հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում։

Արդյունքում՝ ստացվելու է այնպես, որ անկախ նրանից, թե ում համար է բարձրացել գազի սակագինը, միևնույն է՝ այդ գինն անուղղակիորեն վճարելու է սպառողը։ Այսինքն՝ ժողովուրդը։ Եվ ոչ մի նշանակություն չունի, որ բնակչության համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի սակագինը թողել է անփոփոխ։

Գազի սակագնի թանկացման բեռը մնալու է ժողովրդի վրա, բայց դրա հետևանքները կրելու է նաև տնտեսությունը։ Նվազելու է տնտեսության մրցունակությունը։ Դա արտահայտվելու է ներքին շուկայում։ Բայց, որ ավելի վատ է, խնդիրներ ենք ունենալու նաև դրսում, որտեղ, առանց դրա էլ՝  խնդիրների պակաս չկա։

Հայկական ապրանքների մրցունակությունն արտաքին շուկաներում միշտ էլ ցածր է եղել։ Հիմա վիճակն ավելի կվատանա։ Միակ լուծումը  տեխնիկական վերազինումն է ու տեխնոլոգիական նորամուծությունների կիրառումը, որը կարող է բարձրացնել տնտեսության արտադրողականությունը և մեծացնել մրցունակությունը։ Բայց դրա համար ներդրումներ են պետք, մեծ ծավալի ներդրումներ։ Իսկ ներդրումներ, ինչպես գիտեք, չկան։ Նախկինում դեռ քիչ-միչ ներդրումներ արվում էին։ Այս տարի ընդհանրապես նման հույսեր չկան։ Առաջիկայում ևս չեն լինի։ Ներդրումային գրավչությունը Հայաստանում ցածր է։ Մյուս կողմից էլ՝ կառավարությունն է անընդհատ «խթաններ» ստեղծում դրա համար։

Ներքաղաքական մթնոլորտը ոչ մի կերպ չի նպաստում Հայաստանում ներդրումներ կատարելուն։ Մտահոգություններ՝ ինչքան ուզեք։ Դրանք ոչ միայն չեն թուլանում, այլև գնալով ավելանում են։ Զարմանալի չէ, որ ներդրումները մի բան էլ հեռանում են մեր երկրից։ Ներդրողներն իրենց ապահով չեն զգում Հայաստանում։ Ցանկացած պահի նրանք կարող են բախվել քաղաքական իրավիճակից թելադրված կամայականությունների հետ։

Ներսում ֆինանսական մեծ պոտենցիալ կա։ Բայց նույնիսկ այդ պոտենցիալը չի վերածվում ներդրումների։ Ներսի կապիտալը ևս իրեն պաշտպանված չի զգում, չունի վստահություն, որը վաղը չի բախվելու իշխանությունների քմահաճույքներին։

Հույս չկա, որ այս իրավիճակը շուտով փոխվելու է։ Իսկ դա նշանակում է, որ տնտեսությունը շարունակելու է բախվել վերազինման և արտադրողականության բարձրացման խնդիրների հետ։ Այնինչ  արտադրողականության բարձրացումը կարող էր կլանել գազի թանկացման ճնշումը՝ առանց մրցունակության կորստի։

Գազի թանկացումն էլ ավելի է խորացնելու մեր երկրում տնտեսական ճգնաժամը։ Ճգնաժամի պայմաններում սա լինելու է տնտեսության ամենամեծ հարվածներից մեկը։

Մի կողմից՝ պակասում են մարդկանց եկամուտները, մյուս կողմից՝ թանկանում են սպառողական ապրանքները՝ կրճատելով վճարունակ պահանջարկը։

Սա բերելու է արտադրության ծավալների ավելի մեծ տեմպերով նվազման։ Չնայած մինչ այդ՝ այն արդեն նվազում է։

Որքան էլ գուցե տարօրինակ հնչի, բայց այս իրավիճակից տուժելու է նաև գազամատակարարման համակարգը։ Չհաշված, որ կրճատվելու է ներքին սպառումը՝ մեծացնելով ֆինանսական բեռը, համակարգը կանգնելու է ներդրումների միջոցով վերազինում իրականացնելու, անվտանգությունն ու հուսալիությունը բարձրացնելու խնդիրների առաջ։ Ներդրումները հետաձգվում են՝ սակագների վրա ճնշումը թուլացնելու ակնկալիքով։ Բայց դա հետագայում ավելի մեծ բեռ է դառնալու։ Կորուստները վերականգնելու համար ստիպված ենք լինելու ավելի թանկ գին վճարել։

Սպասվում է նաև համակարգում զբաղված 800-1000 աշխատողի կրճատում։ Այդքան մարդ կհամալրի գործազուրկների շարքերը, որոնք սկսել են ստվարանալ։

Այս իրավիճակը, անշուշտ, չէր լինի, եթե հաջողվեր ավելի էժան գազ ներմուծել, քան ներմուծում ենք։ Սակայն, ինչպես հայտնի է, Ռուսաստանի հետ 1 տարի շարունակվող բանակցությունները ոչ մի արդյունքի չհանգեցրին։ Ռուսական գազի ներմուծման գինը մնաց անփոփոխ։

Այլ տեղից ավելի էժան գազ գնելու հեռանկարներ ևս չկան։ Ժամանակին շատ էր խոսվում Իրանից 100 դոլարով գազ բերելու մասին։ Հիմա չեն էլ հիշում իրանական էժան գազի մասին, որովհետև չկա այդ էժան գազը։ Իրանը պատրաստ չէ էժան գազ մատակարարել Հայաստանին։

Իրանից գազ բերելու միակ արդյունավետ տարբերակը նախկինների կողմից կյանքի կոչված՝ էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց սխեման է։ Բայց այստեղ էլ խնդիրների պակաս չկա։ Ուհիմա քննարկվում է նաև այդ սխեմայում գազի փոխանակման գինը բարձրացնելու հարցը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ