24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վերջապես փազլը լրացվեց

168.am-ը գրում է. Միքայել Մինասյանն իր «Ստի վերջը» տեսաշարի առաջին հաղորդմամբ կարևոր մտավոր նշաձող խրեց Հայաստանի ներկա քաղաքականության մեջ։ Մինչ հասարակությունը և քաղաքագետներն ամենօրյա ռիթմով զանազան ենթադրություններ էին անում Նիկոլ Փաշինյանի ռեժիմի նպատակի մասին, Մինասյանը հստակ ցույց տվեց, թե ինչի համար է իշխանության եկել և ինչ նպատակով է իշխում Նիկոլ Փաշինյանը։ Պարզվեց, որ Փաշինյանի հիմնական խնդիրը տարբեր օլիգարխներից շանտաժի միջոցով գումար կորզելն է։

Սա ավելի նորմալ քաղաքական նպատակ է, քան ոչինչը։ Քաղաքական ռեալիզմի դասական Հանս Մորգենթաուն ասում էր, որ քաղաքականության մեջ հիմնական կատեգորիան շահն է, որը տրամաբանության ուղի է ցույց տալիս քաղաքական հարաբերությունների բարդ ու բազմաբնույթ լանդշաֆտում։ Նիկոլ Փաշինյանի դեպքում, թերևս, շահն արտահայտվում է ռեկետի անսահմանափակ հնարավորություններով։

 

Համոզված ենք, որ, եթե Միքայել Մինասյանի հայտարարությունը չհերքվի անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, ապա «Ստի վերջը» տեսաշարի հաջորդ հաղորդումներում կամ հայկական մամուլի մոտալուտ հրապարակումներում կգտնենք այս թեմայով նորանոր ապացույցներ։ Քաղաքական այս գիծը տրամաբանական ուղղություն է հաղորդում մեր նորագույն քաղաքականության շատուշատ զարգացումների, որոնք մինչ այդ թվում էին էկլեկտիկ, իրար և իրականության հետ կապ չունեցող։

Հասկացանք, թե ինչու կոռուպցիայի դեմ պայքարը հիմնական նպատակ հռչակած վարչակարգը ոչ մի կերպ չի ուզում ընդունել հակակոռուպցիոն օրենքների կարևորագույն փաթեթը։ Եթե այդ օրենքներն ընդունվեին, օլիգարխների համար խիստ կդժվարանար կոռուպցիայով զբաղվելը, իսկ բարձր իշխանության համար՝ նրանց ռեկետ անելը։

Հասկացանք, թե ինչպես եղավ, որ ատելի օլիգարխները մեկ վայրկյանում դարձան սիրելի գործարարներ. ամենայն հավանականությամբ՝ նրանք մուծվեցին և շարունակեցին վայելել բարձր իշխանության հովանավորությունը՝ ընդհուպ մինչև ԱԺ ընդունած օրենքները և կառավարության համապատասխան որոշումները։

Հասկացանք, թե ինչպես է լինում, որ հենց սկսում են լուրեր տարածվել այս կամ այն օլիգարխին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին, նրանք կամ հեռանում էին Ռուսաստան և այլ երկրներ, կամ էլ ուղղակի գործերը կարճվում էին, լավագույն դեպքում՝ գործ չէր հարուցվում։ Նրանք «սիմվոլիկ» գումարներ էին նվիրաբերում։

Հասկացանք, որ, եթե օլիգարխները մուծվում են, բայց բյուջեում այն չի արտացոլվում, ապա նշանակում է, որ գոյություն ունեն մասնավոր ֆոնդեր, շվեյցարական բանկերում հաշիվներ, ինչպես նաև՝ անտակ գրպան։

Հասկացանք, թե ինչու է երկու տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը սպառնում  նախկիններին ասֆալտին փռելով ու պատերին ծեփելով։ Նախկինները պետք է միշտ լինեն վախեցած և միշտ պատրաստ մուծվելու։

Հասկացանք, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հավաքել այսքան ապիկար թիմ։ Ռեկետը նուրբ գործ է, շանտաժը միայնակ գործչի ձեռնարկ է, ամենևին պետք չէ, որ ինչ-որ կառավարության անդամներ կամ պատգամավորներ ոտքի տակ ընկնեն։ Ուղղակի Սահմանադրությունը պահանջում է Ազգային ժողով, նախարարներ, և այլն, դրանց էլ պետք է տալ բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ, որ չձանձրացնեն ու ռեկետին չխանգարեն։

Հասկացանք, թե ինչու են դատավորները «վնգստում», մամուլը «լավատեսություն ծծում», իսկ ՍԴ-ն այնքան վատն է, որ անհրաժեշտ է հակասահմանադրական հանրաքվեով այն փակել։ Պարզապես հանրության համար անհրաժեշտ է անընդհատ նոր մեղավորներ փնտրել, թե ով թույլ  չի տալիս երկրի զարգացումը, նոր թիրախներ նշանակել, թե ում պետք է ատել ու նզովել։ Իսկ դատարաններն ու մամուլը ևս պետք է վախենան, տեղները հանգիստ վեր ընկնեն ու չխանգարեն վարչապետի գործունեությանը՝ ռեկետին։

Հասկացանք, թե ինչու է երկար ժամանակ կալանավորված Ռոբերտ Քոչարյանը, որի դատն այդպես էլ չի կայանում։ Եթե մյուս նախկիններն ու օլիգարխները մուծվում ու դուրս են գալիս, ապա անհաժեշտ է մի օդիոզ կերպար, որին հղում անելով՝ միշտ էլ կարելի է ցույց տալ, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվում է, ուղղակի արդյունքներն ուշ կերևան։

Հասկացանք, թե ինչու է արտաքին քաղաքականության մեջ Հայաստանն ընտրել՝ մեկուսացման, իսկ Ղարաբաղի հարցով՝ պարտվողական ուղին։ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է այնպիսի արտաքին քաղաքականություն, որը չի խանգարի իր հիմնական գործին, պետք չեն լուրջ հարցադրումներ, լուրջ ակտիվություն, միջազգային խաղացողներն էլ թող թողնեն՝ ինքը հաջողի իր ձեռնարկներում։

Հասկացանք, թե ինչու է բացվում կարանտինը։ Այս ժողովուրդն անընդհատ ինչ-որ բաներ է ուզում իրենից՝ հաց, գազ, հոսանք և այլն, իսկ ինքը ժողովրդի զահլան չունի, գործով է զբաղված։ Ժողովուրդը թող ինքն աշխատի՝ իր հարցերը լուծի։ Թող սովորի խուսափել հիվանդությունից, լվացվի և այլն, իսկ եթե այնքան անշնորհք են, որ չեն կարողանում խուսափել հիվանդությունից, ապա դա իրենց խնդիրն  է, թող հիվանդանան ու մեռնեն։

Մենք մեր Նիկոլին լավ գիտեինք, հոդված էր գրում, գործ էր սարքում այս կամ այն օլիգարխի վրա, հետո գումարը վերցնում էր ու դադարում խոսել այդ սուբյեկտից։  Մեզ թվում էր, թե վարչապետ դառնալով՝ նա ավելի մեծ խնդիրներ է դնում։ Թե ինչ խնդիրներ՝ չէինք կարողանում հասկանալ։ Հիմա հասկացանք՝ նա նորից նույն գործն է անում, ուղղակի ավելի մեծ մասշտաբով։

ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ