24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պատահական ոչինչ չի լինում․ ինչ է ուզում առաջին նախագահը. Փաստ

«Ընդունենք, թե չընդունենք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, սակայն փաստ է, որ նա «հենց այնպես» որևէ հայտարարությամբ հանդես չի գալիս: Թեպետ հանուն արդարության պետք է նշել, որ նախօրեի հոդված-հայտարարությունը փոքր-ինչ տարբերվում է լևոնտերպետրոսյանական ոճից և որոշակի շտապողականության նշաններ են երևում: 

Ըստ այդմ, հայտարարության բովանդակության հետ մեկտեղ հետաքրքիր է նաև այդ հայտարարության պահը։ Առաջին նախագահը խոսում է համավարակի տարածմամբ պայմանավորված պատերազմական իրավիճակից բխող թելադրանքի մասին, սակայն բնական հարց է առաջանում, որ եթե առաջին նախագահն այդքան մտահոգ էր իրավիճակով, ապա ինչո՞ւ հայտարարությամբ հանդես չեկավ ավելի շուտ, երբ հարկավոր էր խորհուրդներ տալ, թե ինչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել։

Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության պահը թերևս հասունացած էր քաղաքական անհրաժեշտությամբ։ Սովորաբար առաջին նախագահը մեծ թվով հայտարարություններ չի անում և տարվա կտրվածքով դրանք կարող ենք ընդամենը մատերի վրա հաշվել։

Իսկ վերջին երկու տարիների ընթացքում Տեր-Պետրոսյանի հայտարարությունների հիմնական ուղղությունը գործող իշխանություններին ինչ-որ կերպ աջակցելն է և իր առաջ քաշած այս կամ այն տեսլականի «իրավացիությունը» ապացուցելը։

Այս անգամ ևս առիթ ստեղծվեց, որպեսզի առաջին նախագահը իր հայտարարությամբ աջակցություն հայտնի գործող իշխանություններին։ Դժվար չէ ենթադրել, որ ներկայիս իշխանություններն այնքան ծանր իրավիճակում են հայտնվել, որ առաջին նախագահի միջամտության անհրաժեշտությունն է ծագել։ Եվ խոսքը միայն կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման մասին չէ, այլ ընդհանրապես, իշխանության քաղաքական կացության:

Նախ՝ Փաշինյանի վերջին ուղիղ եթերը չբավարարեց հանրության սպասելիքները, իսկ ներկայիս ֆորսմաժորային իրավիճակում հանրության ակնկալիքները կառավարությունից ավելին են, քան երբևէ։

Եվ Փաշինյանն ուղղակի փորձեց բազմաթիվ հարցերի խուսանավող պատասխաններ տալ։ Իսկ եթե վերջինիս ֆեյսբուքյան էջում արված մեկնաբանություններից հանենք ֆեյքերի միջոցով գովերգումը, ապա պարզ կդառնա, որ իրականում դժգոհության ալիքն ահռելի է, իսկ երեքժամանոց «լայվը»՝ ձախողված։

Սրան գումարվում է այն հանգամանքը, որ Ապրիլյան պատերազմի հանձնաժողովի աշխատանքները մտնում են ավարտական փուլ, և վերջին զարգացումներից ելնելով, երբ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի համար անակնկալ որոշել է ներկայանալ այդ հանձնաժողովի աշխատանքներին: Շատ մեծ է հավանականությունը, որ այս հանգամանքը խառնել է իշխանության հաշվարկները, իսկ հանձնաժողովի աշխատանքները չեն տալիս այն արդյունքը, ինչ ակնկալում էին։

Ոչ պակաս կարևոր է այն հանգամանքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը բացահայտ ստանձնում է իշխանությունների փաստաբանի դերը և բացառապես հորդորում է սատարել իշխանություններին՝ անկախ նրանից, թե տվյալ պահին իշխանության ներկայացուցիչների քայլերը բխո՞ւմ են հանրության շահերից և իրավիճակից, թե՞ ոչ։

Տարակուսանքի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ առաջին նախագահը ընդդիմությանը մեղադրում է իշխանության նկատմամբ թշնամանք և ատելություն քարոզելու մեջ։ Նախ՝ սխալ է առաջին նախագահի մեղադրանքի հասցեատերը, քանի որ հասարակության ներսում սպիտակի և սևերի բաժանարար գծի հեղինակները գործող իշխանություններն են՝ առաջին նախագահի թիմի ակտիվ «քավորությամբ»։

Հենց նրանք են ատելության և թշնամանքի հիմնական մոդերատորները, նրանք են հասարակությանը բաժանել սևերի ու սպիտակների, ամենուր թշնամիներ փնտրել, հասարակությանը պառակտել, կիրառել անթույլատրելի բառապաշար։ Ուրեմն, գոնե այս պարագայում Լևոն Տեր-Պետրոսյանը օբյեկտիվ չէ:

Ու սա միակ դեպքը չէ: Ընդհանրապես արտաքուստ դրական ուղերձներով այս հայտարարության մեջ օբյեկտիվությունը ձգտում է զրոյի: Էլ չենք խոսում այն մասին, որ առաջին նախագահը անթաքույց կոչ է անում՝ ինչ միջոցով էլ լինի, պայքարել իշխանություններին քննադատողների դեմ: Սա ոչ թե սուբյեկտիվ, այլ ծայրահեղ վտանգավոր պահ է՝ բնորոշ տերպետրոսյանական ժամանակներին:

Այնինչ, ընդդիմության քննադատությունները շատ հաճախ առավել օգտակար են հենց նույն իշխանությունների համար, քան կեղծ գովեստները, քանի որ քննադատությունների ազդեցության տակ իշխանությունները պահպանում են իրենց զգոնությունը։ Եթե առաջին նախագահն իսկապես անկեղծ է, ապա որպես տարիների քաղաքական փորձ ունեցող գործիչ, ստեղծված իրավիճակում ուղղակի պարտավոր էր անդրադառնալ հրատապ մի քանի հարցերի, որոնք պարզապես «դուրս են մնացել» հայտարարությունից։

Նախ՝ համավարակի տարածման հետ մեկտեղ տնտեսական ճգնաժամը դարձել է անխուսափելի, որի հետևանքներն այս պահին գնահատելը շատ դժվար է։ Եվ գործող իշխանություններին հանրության աչքում բարձրացնող առաջին նախագահը ինչո՞ւ չի անդրադառնում կառավարության տնտեսական քաղաքականությանը և ելքեր ցույց տալիս։

Բացի այդ, այս օրերին տարբեր երկրներ համավարակի տարածմամբ պայմանավորված, ազատում են բանտարկյալներին և հատկապես այն անձանց, որոնք 60 տարեկանից բարձր են։ Եվ այս համատեքստում այսօր բավական շատ է քննարկվում նաև երկրորդ նախագահ Քոչարյանին կալանքից ազատելու հարցը, ինչը կարող էր իշխանությունների կողմից այս ծանր օրերին հանրությանը համախմբելու քայլերից մեկը լինել։

Բայց ահա կոչով երկրորդ և երրորդ նախագահներին դիմող, պետական այրի արժանապատիվ պահվածքի մասին խոսող Տեր-Պետրոսյանը անտեսել է այս հանգամանքը: Պատահաբա՞ր: Իհարկե ոչ:

Նորից ասենք՝ Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում պատահաբար ոչինչ լի լինում: Այդ թվում՝ այն հանգամանքը, որ նա փաստացի կոչ է անում նախահեղափոխական շրջանի էջերը փակել, այդ թվում՝ Ապրիլյանի, որ նա ըստ էության խոսում է Նիկոլ Փաշինյանից հաշիվ պահանջելու մասին, բայց հիմա չէ, հետո, և վերջապես՝ որ նա իր ողջ հայտարարության մեջ ոչ մի անգամ չի հիշատակում Նիկոլ Փաշինյանի անունը, առավել ևս՝ «վարչապետ» բառը…»,-գրում է թերթը։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ