24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հետհաշվարկի ժամանակը. ո՞վ պետք է հոգա աշխատանքից զրկվածների հոգսը․ 168․am

168.am-ը գրում է․ «Մինչև վերջերս իշխանությունների սիրած թեմաներից մեկն աշխատատեղերի ավելացումն էր։ Վարչապետը պարբերաբար թվեր էր հրապարակում, թե իշխանափոխությունից հետո Հայաստանում քանի աշխատատեղ է ստեղծվել։ Ոչինչ, որ դրանից երկրում գործազրկության իրական պատկերը գրեթե չէր փոխվում, որովհետև գործ ունեինք հիմնականում նախկինում եղած աշխատատեղերի ստվերից դուրս գալու փաստի հետ, հիմա էլ եկել է հետհաշվարկ կատարելու ժամանակը։

Տնտեսական իրավիճակի սրընթաց վատթարացումը լուրջ սպառնալիքի տակ է դրել աշխատաշուկան։ Սպասվում է, որ դա կհանգեցնի հազարավոր աշխատատեղերի փակման և աշխատողների զանգվածային կրճատման։

Այս փուլում, ճիշտ է, փորձ է արվում տարբեր, այդ թվում՝ վարչական մեթոդներով պահպանել եղածը, բայց դա կարող է ընդամենը ժամանակավոր արդյունք տալ։ Անհնար է վարչարարական միջամտություններով ստիպել տնտեսվարողներին երկար ժամանակ պահպանել աշխատատեղերը։

Աշխատատեղերի կրճատման ռիսկերը մեծ են հատկապես առևտրի և սպասարկման ոլորտում։ Եթե հիմա տարբեր պատճառներով տնտեսվարողները դեռևս խուսափում են զանգվածային կրճատումներից, ապա վաղը ստիպված են լինելու գնալ դրան։ Հատկապես, երբ ոչ մի հիմք չկա պնդելու, որ իրավիճակը շուտով կկարգավորվի։

Կանխատեսումները շարունակում են հոռետեսական լինել։ Ու չնայած կառավարությունը խոստանում է վարկային գումարներ տրամադրել, թեկուզ՝ անտոկոս, միայն թե պահպանվեն աշխատատեղերը, բիզնեսը հակված չէ իրեն այդպիսի ճոխություն թույլ տալ և մտնել նման բեռի տակ։ Պատահական չէ, որ շատերը սկսել են աշխատողներին տուն ուղարկելու նախապատրաստական աշխատանքները։ Առայժմ դա արվում է հիմնականում հարկադիր արձակուրդի միջոցով։ Բայց առաջիկայում այն, ուզած թե չուզած, կփոխարինվի աշխատանքից ազատմամբ։

Փակվելու վտանգի առաջ են կանգնած առևտրի և սպասարկման բազմաթիվ օբյեկտներ։ Ու դեռ հայտնի չէ, թե դրանք ընդհանրապես երբ կարող են վերադառնալ բնականոն գործունեության։ Կտրուկ կրճատվել են սպառման ծավալները՝ անհնարին դարձնելով հետագա աշխատանքը։ Հազարավոր քաղաքացիներ, ովքեր իրենց ընտանիքի հացը վաստակում էին այս ոլորտում, հայտնվել են աշխատանքը կորցնելու փաստի առջև։ Այլ տեղ աշխատանք գտնելու հեռանկարներ ևս չկան։

Վտանգն առայժմ 1-2 ոլորտում է, բայց այն գնալով տարածվում է ամբողջ տնտեսության մեջ։ Ու դեռ հարց է, թե ինչ կմնա այն աշխատատեղերից, որոնց մասին ոչ վաղ անցյալում խոսում էր Նիկոլ Փաշինյանը։

Մինչև կորոնավիրուսը, Հայաստանում գրանցված էր 627,8 հազար աշխատող։ Պաշտոնապես հրապարակված տվյալներով՝ անցած տարի աշխատատեղերն ավելացել են շուրջ 42,5 հազարով։ 2019թ.  աշխատատեղերի աճն առնվազն 12 հազարով քիչ է եղել, քան 2018թ.։ 2018թ. ընթացքում գրանցվել կամ հայտարարագրվել էր գրեթե 54,9 հազար նոր աշխատող, որոնցից շուրջ 8 հազարը՝ տարվա առաջին եռամսյակում, երբ Հայաստանում դեռևս տեղի չէր ունեցել իշխանափոխություն։

Եթե անցած տարի գրանցված աշխատողների թվի աճը սկսեց դանդաղել, ապա այս տարի սպասվում է աշխատատեղերի կրճատում։  Ընդ որում, պատճառը միայն կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական իրավիճակը չէ։ Առանց այդ էլ՝ աշխատատեղերի կրճատման համար ի հայտ էին եկել որոշակի վտանգներ։ Վերջին 2 տարիներին ավտոմեքենաների բիզնեսով զբաղվող հազարավոր քաղաքացիներ մտան հարկային դաշտ՝ ավելացնելով գրանցված աշխատողների քանակը։ Այս տարվա սկզբից, երբ այդ բիզնեսը հայտնվեց լճացման մեջ, շատերը ստիպված էին համալրել գործազուրկների բանակը։

Հայաստանում գրանցված աշխատողների մեծ մասը՝ շուրջ 422 հազարը, զբաղված է մասնավոր հատվածում։ Պետական համակարգում աշխատողների թիվը, անցած տարեվերջի տվյալներով, հասնում էր 205,8 հազարի։

Գուցե ժամանակը չէ այդ մասին խոսելու, բայց ակնհայտ է, որ իշխանափոխությունից հետո էլ մեծ թիվ են կազմում պետական հատվածում զբաղվածները։ Ավելի քան 200 հազար մարդ շարունակում է սնվել պետության հաշվին։ Չհաշված, որ, աշխատավարձից բացի, հիմա բյուջեի հաշվին լայնորեն նաև պարգևավճարներ են վճարում։ Դա է պատճառը, որ այս հատվածում աշխատավարձի աճի տեմպն առնվազն կրկնակի բարձր է, քան այն հատվածում, որտեղ ձևավորվում են բյուջեի եկամուտները՝ դառնալով նաև աշխատավարձ ու պարգևավճար։

Անցած տարի գրանցված աշխատատեղերն ավելացել են բացառապես տնտեսական հատվածում։ 378,6 հազարից թիվը հասել է շուրջ 422 հազարի։ Թե տնտեսական նոր իրողությունների պայմաններում դրանց ո՞ր մասը կմնա, դեռ առիթ կլինի անդրադառնալու։

Այսօր արդեն փաստացի իրենց աշխատանքը կորցրել են օրավարձով աշխատողները։ Ու երբ կառավարությունը նրանց տուն է ուղարկում, պետք է բարի լինի մտածել նաև ապրելու պայմաններ ապահովելու մասին։

Այդպիսի աշխատողների քանակը Հայաստանում հասնում է տասնյակ հազարների։ Սա սոցիալական բավական մեծ շերտ է, որն իր ապրուստը վաստակում է օրվա աշխատանքով։ Աշխատանքի չգնալով՝ նրանք զրկվում են նաև եկամուտ ստանալու հնարավորությունից։ Հիմա ինչպե՞ս պետք է ապրեն այս մարդիկ։

Ու նրանք միակ բացառությունը չեն։ Առաջիկայում սոցիալական այս խմբին կմիանան նաև ուրիշները, այդ թվում՝ արտագնա աշխատանքի չմեկնող այն տասնյակ-հազարավոր քաղաքացիները, որոնք ստիպված են լինելու մնալ երկրում։

Նույնիսկ դժվար է պատկերացնել, թե այս ամենն ինչ սոցիալական հետևանքներ կարող է ունենալ։ Հատկապես որ, բազմաթիվ քաղաքացիներ ունեն ոչ միայն՝ ապրելու և գոյատևելու, այլև՝ վերցրած վարկերը սպասարկելու խնդիր։

Սոցիալական լարվածությունը թուլացնելու առումով կառավարության քայլերի մասին առայժմ դժվար է խոսել։ Թեև հայտարարվել է սոցիալական փաթեթի գործարկման մասին, այնուհանդերձ հայտնի չէ, թե դա ի՞նչ է ենթադրում և ի՞նչ կարող է տալ աշխատելու հնարավորությունից զրկված տասնյակ-հազարավոր քաղաքացիներին»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ