24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարող է տևել շատ ավելի երկար, քան սպասվում էր. Վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի լրատվական վարչությունից:

Նիստի սկզբում վարչապետը նշել է՝ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի հետ կապված այս իրավիճակը կարող է տևել շատ ավելի երկար, քան ի սկզբանե սպասվում էր կամ կանխատեսվում: «Այդ առումով, մենք պետք է որոշակի պատկերացումներ ձևավորենք, թե ինչպես ենք կազմակերպելու կյանքը մեր հանրապետությունում: Ընդհանուր տրամաբանությունը և ռազմավարությունը պետք է լինի հետևյալը, որ կորոնավիրուսի սահմանափակման պայմաններում մենք պետք է գտնենք և ձևավորենք, այսպես ասած, ազատ և անվտանգ տարածքներ, որտեղ կարող ենք համեմատական անվտանգության պայմաններում մեր կյանքը կազմակերպել, իհարկե, հընթացս նաև հետևելով իրադարձություններին: Մի բան ակնհայտ է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հետ կապված տիրում են հսկայական անորոշություններ, այսինքն՝ այսօրվա դրությամբ չկա մի երկիր, որը կարող է արձանագրել, որ հստակ հսկողության տակ է առել վիճակը և կառավարում է այն: Ամենաանսպասելի տեղեկություններ են գալիս: Օրինակ, ես երեկ կարդացի, որ աշխարհի ամենազարգացած երկրներից մեկում, չեմ ուզում անունը նշել, պաշտոնապես խոստովանել էին, որ, օրինակ, ունեն թեստերի դեֆիցիտ, չեն կարողանում անհրաժեշտ թվով քաղաքացիների թեստավորել և այլն: Այնպես որ, մենք այսպիսի պայմաններում ենք աշխատում և պետք է շարունակենք նույն տրամաբանությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է՝ կառավարության գործունեությունը պետք է երկու մասի կամ տրամաբանության բաժանված լինի. առաջինը պետք է լինի պարետատան գործունեությունը, որը կկարգավորի օպերատիվ հարցերը և երկրորդը՝ պետք է լինի հակաճգնաժամային և ռազմավարական քայլերի մշակումն ու տրամաբանությունը, որպեսզի կարողանանք այս իրավիճակում կոլապսների առաջ չկանգնել:

Այնուհետև պատասխանատուները զեկուցել են կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ ներկայումս քայլեր են կատարվում թեստերի և դիմակների նոր խմբաքանակների ներկրման ուղղությամբ: Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ընդգծել է՝ այժմ հանրապետությունում կորոնավիրուսի կանխարգելման ուղղութամբ իրավիճակը գտնվում է վերահսկողության ներքո և ողջ ուշադրությունը կենտրոնացված է կանխարգելիչ միջոցառումների վրա:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ ավելացրել է, որ կորոնավիրուսով վարակված 194 անձանց շրջանում ծանր և ծայրահեղ ծանր հիվանդներ չունենք, բոլորի վիճակը գնահատվում է բավարար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ