Խի՞ պիտի վճարեմ, ուզում եմ հասկանամ, ով արտակարգ իրավիճակ հայտարարել է, նա է պարտավոր․ Ծառուկյանը՝ աշխատողներին վճարելու մասին
Այս պայմաններում ամենակարևորը, որ բոլորս մեկ լինենք: Եթե մարդ գիտի, որ ինքը հիվանդ է, այդ վիրուսով է վարակված և կարող է շփվել հանրության հետ, նա պետք է պատասխանատվության ենթարկվի: Խստացումներն այս առումով շատ ողջունելի է: Այս մասին մարտի 23-ին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Պատգամավորը ասաց, որ տնտեսական ճգնաժամ է աշխարհով մեկ. «Բայց ես դեռ 2 ամիս առաջ էի ասել, որ նախանաններ կան տնտեսական ճգնաժամի, պետք էր քայլեր ձեռնարկել, որ չգանք փակուղու առաջ կանգնենք: Եթե ինձ լսեին, աշխատանքներ տանեին, այսպես չէր լինի: Բայց հիմա չեմ ուզում նախարարներին մեղադրեմ, այլ ասում եմ, որ դա բոլորիս խնդիրն է և պետք է միասնական դուրս գանք այդ վիճակից»:
Հարցին, թե արդյոք իրեն պատկանող ընկերությունները աշխատում են, և եթե չեն աշխատում, արդյոք աշխատողների աշխատավարձերը վճարվում են, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ երկրում արտակարգ իրավիճակ է և արգելել են աշխատել. «Բայց ես խի պետք է վճարեմ, ուզում եմ հասկանալ: Պետությունը հայտարարել է արտակարգ իրավիճակ, ինքն էլ պարտավոր է իր ժողովրդին… ով չի աշխատում գումարներն էլ տրամադրել: Ես կառավարություն չեմ, իշխանություն չեմ: Եթե այդ բոլոր իրավասություններն ունենայի` այնպես կանեի, որ անմիջապես այդ ամենը կավարտվեր: Պետությունը արտակարգ իրավիճակը հայտարարել է, նա էլ պարտավոր է իր ժողովրդին գումարներ տրամադրի: «Շանգրի լա»-ի հարկերն էլ պետք է պետությունը վճարի, ժողովրդի աշխատավարձն էլ ինքը տա: Ես ընդամենը փայատեր եմ, ես ի՞նչ կապ ունեմ: Թող գնան կառավարիչների հետ խոսեն»:
Անդրադառնալով վարկերի խնդիրներին Ծառուկյանն ասաց, որ բոլոր վարկերը պետք է 3 ամսով սառեցվեն. «Պետք է սառեցվի 3 ամսով, ոչ թե 3 ամիս հետո ասեն այդ գումարները վճարեք: Տնտեսությունն այսօր անդունդի առաջ կանգնած է և եթե խելացի քայլեր չկատարվեն` բոլորը թափվելու է անդունդը և դժվար է լինելու վերականգնել»,- ասաց նա: