Փոփոխություններ են առաջարկվում ՏԻՄ ընտրական համակարգում
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/1-ej-1-lur14_1405935436.jpg)
Այսօր` հուլիսի 21-ին, ՀՀ Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց ՀՀ ընտրական համակարգում տեղական ինքնակառավարման մարմինների մասով փոփոխությունների մասին:
Նա ներկայացրեց առաջարկություններ, որոնք, ըստ նրա, կկարգավորեն ՏԻՄ ընտրական գործընթացների բացթողումները: Այնտեղ զետեղված էին տարբեր տիպի` սկսած տարիքային ցենզից, համամասնական ընտրություններից, մինչև միասնական ընտրական օրվա սահմանմանը վերաբերող փոփոխություններ:
Ներկայացնենք դրանցից առավել հետաքրքիրները:
ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրելու իրավունքի նվազագույն տարիքային ցենզը սահմանել 16 տարին: Սա ըստ պարոն Երիցյանի կընդլայնի երիտասարդության իրավունքները, և բացի այդ ընտրողների քանակը կավելանա 150 հազարով:
Համապատասխան օրենսդրական փոփոխություններով Հայաստանում սահմանել տեղական ինքնակառավարման մարմինների մեկ միասնական օր` հրաժարվելով ‘’փնջային’’ ընտրությունների ձևից: ‘’ՏԻՄ համակարգը Ազգային ժողովի և նախագահի ինստիտուտներին համարժեք դրանք քաղաքական ինստիտուտներ են և փնջայինի դեպքում որոշակի կախվածություններ են առաջանում’’-նշեց համայնքների միության նախագահը:
15 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքները կարող են ունենալ համայնքի ղեկավարի 2 տեղակալ, որոնցից մեկն առաջին տեղակալի կարգավիճակով: Էմին Երիցյանը ասաց, որ որոշ համայնքներում սա արդեն կիրառվում է և մնում է օրինականացնել:
Նա նաև ավելացրեց, որ առաջարկները հունիսի սկզբում ներկայացրել են կառավարությանը և նաև էլեկտրոնային փոստով ուղարկել են ԱԺ պատգամավորներին, սակայն ‘’դեռ արձագանքներ չկան’’: