Իմպոտենցիան յուրաքանչյուր տարիքում էլ կարող է լինել
”Չի կարելի ասել, թե հայ երիտասարդ տղամարդկանց մոտ հաճախացել են սեռական խանգարումները. երիտասարդների մոտ էլ կա, միջահասակների մոտ էլ, մեծահասակների մոտ էլ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց սեքսոպատոլոգ-հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը` մեկնաբանելով որոշ մասնագետների տեսակետը, թե հայ երիտասարդների մոտ վերջերս սեռական խանգարումները գերակշռող են դարձել:
Զաքարյանի խոսքով` ամեն տարիքում սեռական խանգարումների պատճառները տարբեր են: ”Երիտասարդների մոտ ավելի շուտ հոգեկան ու հոգեբանական գործոններն են գործում, նեվրոտիկ գործոնն է, դեզինֆորմացիան է: Մարդը չգիտի` ինչ անի, ոնց անի. ենթադրենք նոր ամուսնանում են, նստում, իրար երեսի են նայում, չգիտեն` ինչ անեն, ինչ չանեն, ինչից սկսել”,-բացատրեց սեքսոպատոլոգը:
Նա նշեց, որ երբեմն կեղծ սեռական խանգարումներ են լինում և եթե դրանք չկարգավորվեն, կարող են դառնալ լուրջ խանգարումներ:Մեծահասակների մոտ սրանք հորմոնալ խանգարումների պատճառով են լինում:
Զաքարյանը հավելեց, որ սեռական խանգարումների պատճառ կարող են դառնալ նաև սեռական ճանապահով փոխանցվող ինֆեկցիաները, որոնք ազդում են սերմնաժայթքման վրա: