24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պետական կառավարման համակարգում ուղղակի քաոսային իրավիճակ է տիրում. 168 Ժամ

Հարևան Իրանում կորոնավիրուսի տարածման հետ կապված, մի քանի օր շարունակ Հայաստանում առաջացած իրական ու հիմնավոր խուճապից հետո, երեկ կառավարությունը վերջապես որոշում ընդունեց Իրանի հետ սահմանը փակելու, օդային և ցամաքային հաղորդակցությունը երկու շաբաթով մասնակի, ոչ ամբողջական դադարեցնելու վերաբերյալ։

Այս որոշումը համարժեք էր ստեղծված իրավիճակին, այն գուցե անգամ ուշացած էր։ Հիշեցնենք, որ երեկվա տվյալներով՝ Իրանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 47-ի, գրանցվել է 12 մահ: Ըստ մասնագետների՝ շատ հավանական է, որ իրականում Իրանում վարակվածների թիվն ավելին է, քան 47-ը:

Այդուհանդերձ, որոշումը կայացվել է, և պետք է հույս ունենալ, որ այն կկանխի մի կողմից՝ վարակի ներթափանցումը Հայաստան, մյուս կողմից՝ գոնե մասամբ կվերացնի առաջացած խուճապը։ Հետաքրքիր է, սակայն, ինչպես կայացվեց այդ որոշումը, և ինչ նախորդեց դրան։ Օրեր շարունակ, այդ թվում՝ նախօրեին, երբ սոցիալական ցանցերում անհանգստությունը հասել էր առավելագույն մակարդակի, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իշխող խմբակցության մի շարք պատգամավորների հետ ուղղակի ծաղրում ու հեգնում էր կորոնավիրուսի առնչությամբ խուճապ տարածողներին, այդ թվում՝ ոլորտի մասնագետներին՝ հայտարարելով, որ դրա համար որևէ հիմնավոր պատճառ չկա։

Զուգահեռաբար, օրինակ, ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդես էր գալիս տրամագծորեն հակառակ տեսակետով՝ նշելով, որ բացառված չէ անգամ սահմանի փակման տարբերակը։ Ժամեր շարունակ այս իրարամերժ գնահատականներից, իշխանության ներկայացուցիչների ծաղրից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ փետրվարի 24-ից երկու շաբաթով դադարեցվելու է օդային և ցամաքային հաղորդակցությունը Իրանի հետ։ Իհարկե, նա նշել էր, որ օդային հաղորդակցության նկատմամբ պետք է կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները պետք է իրականացնել առանց սահմանափակումների՝ կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:

Այս իրավիճակը կարող է ունենալ երկու հնարավոր բացատրություն։Պետական կառավարման համակարգում ուղղակի քաոսային իրավիճակ է տիրում, և իշխանության տարբեր թևերն ու ներկայացուցիչները տեղյակ չեն մյուսների քայլերի մասին, իշխանությունը չունի համակարգված ու համալիր մոտեցում ազգային անվտանգությանը ներկայացվող սպառնալիքի մասին։ Մյուս հնարավոր տարբերակն այն է, որ սա լավ բեմականացված սցենար էր՝ «բարի ցարի» և «վատ ենթակաների» մասնակցությամբ, երբ իշխանության ներկայացուցիչները միտումնավոր ծաղրում էին հասարակությանը, սոցիալական ցանցում ահազանգը հնչեցնող նախկին պատգամավորներին,  որպեսզի վերջում «բարի  վարչապետը» հասարակության շահերից բխող որոշում կայացնի։

Այս տարբերակներից ո՞րն է իրականում տեղի ունեցել՝ դժվար է ասել։ Երկուսի դեպքում էլ, սակայն, կարող ենք արձանագրել, որ գործ ունենք պետության, ավելի ճիշտ՝ իշխանության անլրջության ու անհամարժեքության հետ։ Եվ եթե պետության ու հասարակության համար կենսական նշանակություն ունեցող հարցում նման անլուրջ  վերաբերմունք է ցուցաբերում իշխանությունը, ո՞րն է երաշխիքը, որ այդպիսին չէ իշխանության մոտեցումը՝ նաև այլ կարևորագույն խնդիրների հետ կապված, օրինակ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման կամ Հայաստանի համար անվտանգային նշանակություն ունեցող այլ հարցերում։

Հ. Գ. Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել էր. «Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար»: Եվ սա՝ այն դեպքում, երբ հայաստանյան մասնագետներն աշխարհը ցնցած այդ վիրուսի մասին խոսելիս՝ բազմիցս ահազանգեր են հնչեցրել գործող իշխանություններին՝ կառավարությանը, որ ախտորոշումը մի բան է, արտակարգ իրավիճակներում գործելը՝ այլ։ Հարցն այն է, որ, եթե լինի համաճարակային իրավիճակ, որքանո՞վ են պատկան մարմինները պատրաստ դրան, որքանո՞վ են մեր հիվանդանոցները պատրաստ՝ ընդունելու և մեկուսացնելու այդ քանակի մարդկանց, որքանո՞վ են բուժհաստատությունները տեխնիկապես և մարդկային ռեսուրսներով պատրաստ առնչվելու այդպիսի հիվանդների հետ։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ