25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լավ, բա ո՞ւր մնաց մարդու մասնավոր իրավունքների պաշտպանությունը, բա ինչպե՞ս ենք ներդրումներ ներգրավելու

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն անդրադարձել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծին։ Ինչպես հայտնի է, արդեն իսկ ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նա մասնավորապես գրում է.

«Եվս մեկ անգամ այն մասին, թե ու՞մ է թիրախավորում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Ինչպես գիտեք, արդեն իսկ ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ԵՒս մեկ անգամ ուզում եմ անդրադառնալ այս նախագծին:

Ի սկզբանե պետք է ասել, որ նախագծի նպատակի հետ միանշանակ համաձայն եմ, սակայն առանձին դրույթների, մոտեցումների և մեխանիզմների հետ կապված ունեմ մի շարք հարցադրումներ:

1.Նախագծով նախատեսվում է, որ բռնագանձման ենթակա կարող է լինել ապօրինի ծագում ունեցող այն գույքը, որի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 25 մլն. դրամը՝ հետևյալ հիմքերի առկայության դեպքում.

1)առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, որով հաստատվում է օրենքի նախագծով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարումը.

2)այդ հանցագործություններից որևէ մեկի հատկանիշներով հարուցված քրեական գործով անձը ներգրավվել է որպես մեղադրյալ.

3)առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման առնչությամբ քրեական հետապնդումը կամ քրեական գործի հարուցումն անհնար է կամ կասեցվել է օրենքի նախագծով նախատեսված հիմքերից մեկով.

4)օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված տվյալներով առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ պաշտոնատար անձի կողմից ձեռք է բերվել ապօրինի ծագում ունեցող գույք։

  1. Սկսենք գույքի շուկայական արժեքից: Փորձենք հասկանալ, թե ինչ գույք ենք թիրախավորում նախագծով: Այսօր Երևանի փոքր կենտրոնում նորակառույց շենքերում կառուցապատողների կողմից բնակարանները վաճառվում են 1 ք.մ. 1-1.1 մլն. դրամով, ինչը նշանակում է, որ 25 մլն. դրամով այսօր հնարավոր չէ գնել նույնիսկ 1-սենյականոց բնակարան փոքր կենտրոնի նորակառույց շենքում, սակայն կարելի է գնել առնվազն 1-սենյականոց բնակարան կենտրոնում ոչ նորակառույց շենքում կամ առնվազն 2-սենյականոց բնակարան կենտրոնին կից թաղամասերում: 25 մլն-ից շատ ավելի թանկ արժե տնամերձ հողամասը Երևանում և բազմաթիվ այլ համայնքներում, էլ չենք խոսում սեփական տների, հասարակական նշանակության տարածքների, խանութների, արտադրական տարածքների մասին և այլն: Նման սեփականություն այսօր ունեն Երևանի և ոչ միայն Երևանի հարյուր հազարավոր բնակիչներ:
    Արդյոք պե՞տք է այսքան լայն լինի այս օրենքի տեսադաշտը:
  2. Նախագծով նախատեսված՝ թվով շուրջ 50 հանցագործությունների շարքում կան նաև այսպիսիք՝ կանխիկ դրամական միջոցների մաքսանենգությունը, կաշառք տալը, վարկը ոչ նպատակային օգտագործելը և այլն: Դրանց դեռ կանդրադառնամ:
  3. Միաժամանակ, դրանց շարքում բացակայում է, օրինակ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը, կեղծ սննկացումը, այսինքն կարելի է պետության և թոշակառուների հաշվին հարստանալ, դա «նորմալ» ենք համարում, բայց արտերկրում քրտինքով վաստակած ինչ-որ գումարից ավելի առանց հայտարարագրելու Հայաստան բերելը՝ ոչ: Տրամաբանությունը ո՞րն է:
  4. ՀՀ-ում առանձին տարիներին արտերկրներից, որպես տրանսֆերտներ, ստացվում էր մինչև 3 մլրդ. դոլլար գումար, հիմա կանխիկ բերվում է տարբեր գնահատականներով տրանսֆերտների շուրջ 20%-ը , իսկ 90-ականներին՝ անհամեմատ ավելի մեծ մասը, քանի որ Ռուսաստանի Դաշնության կողմից սահմանված էին սահմանափակումներ՝ արտարժույթի արտահանման համար: Այդ գումարների առյուծի բաժնի ծագումը, իմ համոզմամբ, մեր հայրենակիցները չեն կարող հիմնավորել: Իսկ երբ որ կանխիկ էին բերում, չէին կարող հայտարարագրել մաքսայինում, այսինքն մաքսանենգ ճանապարհով էին բերում: Այդ գումարների զգալի հատվածը նաև հայտնվում էր անշարժ գույքի շուկայում կամ բանկային հաշիվներում: 90-ականներին կամ 2000-ականների սկզբին գնված անշարժ գույքը հիմա արժե բազմապատիկներով շատ ավելին:
  5. Հիմա, օրինակ, որևէ միջին վիճակագրական հայ մարդը, որն օգտվել է ընտանիքի անդամների կողմից ուղարկված այդ տրանսֆերտներից, գնել է անշարժ գույք և հայտնվել է օրենքի տրամաբանությամբ կասկածելի մարդկանց ցանկում, ո՞նց հիմնավորի այդ գույքի ծագումնաբանությունը:
    Կամ եթե այդ մարդը արդեն չկա, կամ չեն պահպանվել հիմքերը, կամ անհնար է այլ որևէ պատճառով, օրինակ՝ մարդը աշխատել է արտերկրում, բայց չի կարող հիմքեր ներկայացնել, ուրեմն վե՞րջ, պետք է կորցնի՞ իր սեփականությունը:
    Չե՞նք կարծում, որ որևէ մեկ մարդու անարդարացիորեն ունեզրկումը կարժեզրկի այս ամբողջ համակարգը և որևէ կերպ չի նպաստի հանրային համերաշխության հաստատմանը:
  6. Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ նախկինում քչերն են, որ Պետավտոտեսչության աշխատակցին, բժշկին, հարկային ծառայողին և այլն «տուգանք», «մաղարիչ» կամ «շնորհակալություն» չեն հայտնել: Այսինքն ստացվում է, որ տվյալ տարիքային խմբի շատ մարդկանց կարելի է կասկածել կաշառք տալու մեջ՝ դրանով իսկ սկսելով ենթադրաբար ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործընթաց: Կարելի է բերել նաև այլ խնդրահարույց օրինակներ՝ նախագծով սահմանված հանցատեսակներից, բայց կարծում եմ՝ այսքանը բավարար է:
  7. Նախագծով նախատեսված է, որ օպերատիվ-հետախուզական տվյալների հիման վրա, որը իդեպ հրապարակային չէ, ՀՀ դատախազությունը կարող է սկսել ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթաց, ուսումնասիրություն, կարող է ստանալ դատարանի թույլտվությունը բանկային գաղտնիք ստանալու վերաբերյալ՝ ընդամենը հիմնավորելով, որ դա իրեն անհրաժեշտ է:
  8. Տեղեկատվության ոչ հրապարակային լինելը այս դեպքում խնդրահարույց է նաև հանրային վստահության առումով, բա ինչպե՞ս ենք իմանալու օպերատիվ տեղեկություններ կա՞ն, թե՞ չկան, ի՞նչ տեղեկություններ են դրանք: Բա ինչպե՞ս է բողոքարկվելու ուսումնասիրության հիմքերի առկայությունը, թե՞ մարդն այլևս պաշտպանվելու իրավունք չունի:
  9. Լավ, բա ո՞ւր մնաց մարդու մասնավոր իրավունքների պաշտպանությունը, բա ինչպե՞ս ենք ներդրումներ ներգրավելու:
  10. Բանկային գաղտնիքին հասանելիությունը առհասարակ պետք է տրվի միայն ու միայն շատ խիստ սահմանափակ դեպքերում, դատարանի որոշման հիման վրա, օրենքով սահմանված
    կարգով, որպեսզի այն չազդի ավանդատուների վարքագծի վրա և չառաջացնի ֆինանսական կայունության ռիսկ:
  11. Ենթադրենք, մարդը կասկածվում է նախագծով նախատեսված հանցագործության կատարելու մեջ, սակայն մեղադրանքը չի հաստատվում, և մարդն արդարացվում է, այսինքն մարդն այլևս անմեղ է: Սակայն նախագծով սահմանված է, որ մարդուն արդարացնելը հիմք չէ գույքը չբռնագանձելու համար:

Որևէ մեկը ինձ կարող է բացատրել ինչու՞: Բա որ մարդն անմեղ է, գույքն ինչու՞ ենք բռնագանձում:

Եթե այդպես է, ուրեմն պետք չէ գույքի բռնագանձման գործընթացը առհասարակ կապել հանցագործություն կատարելու հետ: Պետք է հստակ սահմանել, որ այն քաղաքացիները, որոնք ունեն որոշակի շեմից բարձր արժեք ունեցող գույք, պետք է հիմնավորեն այդ գույքի ծագումնաբանությունը, հակառակ դեպքում գույքը բռնագանձվում է: Այստեղ պետք է հասկանալ, թե մենք առհասարակ ինչ ենք ուզում անել՝ ուզում ենք գողո՞նը վերադարձնել, ուզում ենք «կուլակաթափությու՞ն» անել, թե ի՞նչ ենք ուզում անել:

  1. Վերոհիշյալից ելնելով, ես կարծում եմ, որ օրենքի նպատակը պետք է լինի մեր երկրից թալանվածը վերադարձնելը, և սա պետք է նկատի ունենալ գույքի արժեքի շեմը սահմանելիս:
  2. Կարծում եմ՝ կարելի է քննարկել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդյունքում գումարների փոխանցման հնարավորությունը ոչ թե պետական բյուջե, այլ հատուկ ստեղծված հիմնադրամ, որտեղից կֆինանսավորվեն երկրի համար ռազմավարական նշանակության ծրագրեր:
  3. Նախագծի վերաբերյալ կան նաև բազմաթիվ այլ դիտարկումներ, բայց առայժմ կբավարարվեմ այսքանով»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ