Հունվարի մեկը այն օրն է, երբ
Հունվարի մեկը այն օրն է, երբ Աստված ասաց.
-ԹՈՂ ԼԻՆԻ ԼՈՒՅՍ: ԵՎ ԼՈՒՅՍԸ ԵՂԱՎ:
Իսկ թե ինչու ենք հունվարի մեկը որպես արարչագործության առաջին օր տեսնում, այդ ելնում ենք սկսած Աստծո Որդի Քրիստոսի Ծննդյան օրվա հենարանից: Առաքյալները Ղուկաս Ավետարանչի «Առաքելական կանոններում» վկայում են, թե. «Քրիստոսի ծննդյան օրը հունվար ամսի վեցերորդ օրն է»: Իսկ ինչպես Ծննդոց Գիրքն է վկայում. «Աստված առաջին մարդուն՝ Ադամին ստեղծեց արարչագործության շաբաթի վեցերորդ օրը»:
Երկրորդ Ադամը, Նոր Մարդը՝ Հիսուս Քրիստոսը /արդեն անարատ և առանց մեղքի մարդը/ ծնվեց Հունվար ամսի վեցին, այդպես իսկ հունվար ամսի առաջին յոթնօրյակը խորհրդանշանակ դարձնելով արարչագործության շաբաթի յոթնօրյակին ու Ադամի ծննդյան հետ: Եվ, ըստ այս խորհրդի, հունվարի մեկը համընկնում է արարչագործության առաջին օրվա խորհուրդի հետ, երբ Աստված ասաց. ԹՈՂ ԼԻՆԻ ԼՈՒՅՍ: ԵՎ ԼՈՒՅՍԸ ԵՂԱՎ: Այսինքն թե, հունվարի մեկը՝ երկրի վրա ճառագած Աստծո Բանական Լույսի Տոնն է: Բանական Լույս, որ եղավ դեռ արեգակը ստեղծելուց առաջ, քանի որ Բանական այդ Լույսի միջոցով ստեղծվեց և մարմնավոր արեգակը, որ տեսնում ենք:
Հոգևոր, նախախնամական մեծ տոն է հունվարի մեկը: Եվ ամենևին պատահական չէ, երբ Նոր Տարվա սեմին, ասես, երկնային մի հզոր մագնիս է սկսում ներգործել ողջ ժողովրդի վրա, և մարդիկ այս ամենը ենթագիտակցորեն իմանալով, ամենքն էլ սկսում են ջերմեռանդորեն նախապատրաստվել, որ մասնակից դառնան Լույսի ուրախության տոնին, որով եղավ կյանքի սկիզբը և կյանքը երկրի վրա:
Եվ այդ զորությամբ շտապում են միմյանց հետ հաշտվել, թշնամությունները դադարեցնել, միմյանց բարին կամենալ, ի սրտե հյուրասիրել, աղոթել միմյանց համար:
Սակայն, ճանաչողական գիտելիքներով արդեն իմանալով, որ ամանորը բանական Լույսի տոնն է, հոգեղենների տոն, նախախնամական կենդանարարության հիշատակումի օր, առավել ևս իմաստային և աստվածաշնչյան պիտի սկսենք այդ օրը տոնել՝ առավել իմաստալից պահեցողություններով և աղոթքներով, շնորհալի գործերով, շնորհալի երգերով, սաղմոսներով ու շարականներով անցկացնելով և այդ նշանակալից օրը և նախածննդյան մյուս օրերը, ինչպես որ եկեղեցական կարգն է սահմանել:
Քանի որ Լույսը Աստծո Բանով, Խոսքով եղավ, որ է՝ Քրիստոս: «Սկզբից էր Բանը, և Բանը Աստծու մոտ էր, և Բանը Աստված էր: Նա սկզբից Աստծու մոտ էր: Ամեն ինչ նրանով եղավ. և առանց նրան չեղավ ոչինչ, որ եղել է: Կյանքը նրանով էր: Եվ այդ կյանքը մարդկանց համար լույս էր: Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց» (Ավետարան ըստ Հովհաննեսի 1:15):
Ուստիև, Քրիստոս հիմք ու Արմատ է այդ բոլոր ճշմարտությունները մեզ իմանալ-ճանաչելու, լուսավորվելու: Եվ մեր ամենքի համար՝ այդ Վեմի վրա մնալն է ապահովություն: «Եվ Բանը մարմին եղավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտությամբ» (Ավետարան ըստ Հովհաննեսի 1:14):
Իսկ ինչ պատասխանենք նրանց, ովքեր անգիտությամբ ասում են, թե՝ միշտ չէ, որ Նոր տարին հունվարի մեկին ենք տոնել, ապա ասենք. ինչպես մարդկության հոգևոր պատմությունն է վկայում՝ Քրիստոսով են, որ ճշգրտվել ու առավել ևս են ճշգրտվում մարդկության ճանաչողական բոլոր գիտելիքները. «Այդ լույսն էր ճշմարիտ լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ» (Ավետարան ըստ Հովհաննեսի 1:9):
Իսկ թե ոմանք էլ անգիտությամբ կամ ոմանք էլ գոռոզությամբ վերաբերվեն Նոր տարվան կամ սուրբ Ծննդյան Տոնին, ապա պատասխանենք, որ, ի վերջո, յուրաքանչյուր Նոր տարի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան տարելիցն է, ծննդյան տոնը: Եթե 2020 թիվն է, ապա այդքան տարի առաջ ծնվեց աշխարհի և մեր հոգիների Փրկիչը: Եվ աշխարհը Աստծո զորությամբ է, որ կամա-ակամա ամեն տարի տոնում է աշխարհի Փրկչի Ծննդյան տարելիցը: Բնականաբար, ավելի լավ է այդ ամենը խոնարհ իմացությամբ, խոնարհ ճանաչողությամբ և հասկանալով անենք, քան ակամա: Օրհնյա՜լ է Աստված: Ամե՛ն:
Հ.Գ. Սակայն բարի է մեզ համար իմանալ, որ Եկեղեցական առավել հետևողական կարգով պահեցողությունը՝ աղոթքներով հանդերձ՝ սուրբ Ծննդից հիսուն օր առաջ է սկսվում: Իմանանք նաև, որ հոգևոր ճանաչողության հետևորդները պահում են Սուրբ Ծննդին նախորդող 12 օրերը, ամեն օրը եկող տարվա մեկ ամիսը դիտելով:
Իսկ արդեն եկեղեցական սրբազան կարգ է, տաղավար տոներից մեկ շաբաթ առաջ ծոմի և պահեցողության մեջ մտնել` աղոթքներով և խնկարկություններով: Եվ նրանք, ովքեր սրբացնում են իրենց անձը հանուն Աստծո, հայտնաբերում են իրենց մեջ հոգևոր բազմաթիվ ու բազմաշերտ գանձեր, դառնալով առավել իմաստուն և բարի, Հոգուց ստանալով ճանաչողության թաքնատես գիտելիքներ և առավել մերձենալով Քրիստոս Աստծո ճանաչողությանը::
Մաքսիմ Ոսկանյան