Ինչպես չվնասել օրգանիզմին տոնական օրերին
Ամանորյա տոնական օրերին դժվարամարս և միմյան հետ անհամատեղելի մթերքների չարաշահումը կարող է հանգեցնել ոչ միայն սննդային թունավորումների, այլև մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումների:
Նման խնդիրներից խուսափելու համար ձեզ ենք ներկայացնում այդ օրերին ճիշտ սնվելու 6 խորհուրդներ:
1. Սահմանափակել տապակած և ճարպոտ կերակրատեսակների օգտագործումը.
Տոնական օրերին պետք է սահմանափակել տապակած, յուղոտ կերակրատեսակների օգտագործումը: Նախապատվությունը պետք է տալ եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակով պատրաստված սնունդին:
2. Սահմանափակել շաքարի օգտագործումը.
Շաքարի օգտագործման չարաշահումը կարող է պատճառ դառնալ ճարպակալման և աղիների միկրոֆլորայի խանգարման: Պետք է հնարավորինս քիչ օգտագործել թխվածքներ, կրեմային հրուշակեղեն, հյութեր և գազավորված ըմպելիքներ, կոնֆետներ:
3. Նախապատվությունը տալ մրգին և բանջարեղենին.
Խորհուրդ է տրվում ավելի հաճախ օգտագործել բանջարեղենային կերակրատեսակներ, թարմ միրգ և բանջարեղեն, որոնք հարուստ են վիտամիններով, հանքային տարերով և ածխաջրերով:
4. Սնվել չափավոր.
Սնունդը պետք է ընդունել քիչ քանակներով, ընդմիջումներով: Պետք չէ փորձել սեղանին դրված բոլոր կերակրատեսակներից: Որքան բազմազան է միանվագ օգտագործած սնունդը, այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը մարսողական համակարգի վրա և օրգանիզմն ի վիճակի չի լինում մարսել այդ ամբողջը:
5. Պահպանել սննդի ընդունման ռեժիմը.
Հնարավորինս պետք է պահել սնման ճիշտ ռեժիմը` օրվա ընթացքում 4-5 անգամ: Այն հատկապես կարևոր է երեխաների համար: Անհրաժեշտ է պահպանել երեխաների սննդակարգը և սնման ռեժիմը, քանի որ երեխաների փխրուն օրգանիզմն ավելի զգայուն է սննդակարգի փոփոխությունների նկատմամբ:
6. Սահմանափակել ալկոհոլի օգտագործումը.
Պետք չէ օգտագործել ալկոհոլային խմիչքներ: Իսկ օգտագործելու դեպքում, չի կարելի չարաշահել: Պետք է իմանալ, որ ալկոհոլի հետ անհամատեղելի են քացախը, սունկը, թուրինջը: