Թուրքիան ավելի լավ է դասեր քաղի ԼՂՀ-ից. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանել է Թուրքիայի ԱԳՆ-ի` ԼՂՀ-ում նախագահական ընտրությունների հետ կապված հայտարարությանը:
“Իր երկրում հայերի ցեղասպանության իրականացումը ժխտող Թուրքիայի իշխանությունները որեւէ բարոյական իրավունք չունեն դասեր տալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետությանը, այն էլ ՄԱԿ Անվտանգության Խորհրդի որոշումների եւ ԵԱՀԿ սկզբունքների կեղծ մեկնաբանությամբ:
Իր` նմանատիպ դասեր տալու այդքան բուռն ցանկությունը Թուրքիան կարող է բավարարել` ինքն իրեն հորդորելով ընտրություններ չկազմակերպել եւ օկուպացիոն զորքերը դուրս բերել Կիպրոսի հյուսիսային մասից:
Իսկ եթե Թուրքիայի կողմից Ադրբեջանի շահերով առաջնորդվելը կեղծ չէ, ապա պատեհ առիթ է, որպեսզի Թուրքիան առաջարկեր Ադրբեջանին ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու եւ ժողովրդավարական արժեքների վրա հիմնված պետություն կայացնելու դասեր քաղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից”,-ասել է ՀՀ ԱԳ փոխնախարարը:
Հիշեցնենք, “Ermenihaber.am” կայքում հայտնվել էր Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունը, ըստ որի Թուրքիան մտադիր չէ ճանաչել ԼՂՀ նախագահական ընտրությունները, քանի որ այն իբր թե “խախտում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` հավելելով, որ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գլխավոր խոչընդոտը շարունակում է մնալ ղարաբաղյան հիմնահարցը”: