Հան-չինական հարաբերությունները ընդլայնվում են
ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն. Գ. Տյան Չան Չունի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն հայտնեց Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության դեսապանատանը` ՀՀ առողջապահության նախարարության հետ երկարամայա գործակցության համար:
Նախարարը դեսպանին ներկայացրեց Հայաստանի առողջապահական համակարգի առաջնահերթությունները, ընթացիկ ծրագրերը եւ խնդիրները։ Քննարկվեցին Չինաստանի կառավարության մասնակցությամբ արդեն իսկ իրականացված ծրագրերն ու աջակցության հետագա հնարավորությունները:
“Չինաստանի կառավարության աջակցությունը մեր երկրին ակնհայտ կերպով ցույց է տալիս նաեւ երկկողմ համագործակցության հնարավոր հեռանկարները: Ես նկատի ունեմ թե՛ կրթական ծրագրերը, թե՛ կոնկրետ նյութատեխնիկական աջակցությունը։ Կցանկանայի կարեւորել հատկապես շտապ օգնության ծառայությունը ավտոմեքենաներով ապահովելու ծրագիրը”,-նշեց Արմեն Մուրադյանը:
Նա ընդգծեց, որ շտապ օգնության կանչերը եւ այս ծառայության հանդեպ վստահությունը նկատելիորեն ավելացել են: Արմեն Մուրադյանը նաեւ հավելեց, որ շտապ օգնության ծառայության արդիականացումն ունի առաջնային նշանակություն` հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունն իր ծրագրում շեշտադրել է արտահիվանդանոցային բուժօգնության զարգացումը: Հայաստանը հետաքրքրված է նաեւ չինական պրակտիկ բժշկության ոլորտում համագործակցությամբ` նկատի ունենալով չինական ավանդական բժշկության ձեռքբերումները:
Արմեն Մուրադյանը կարեւորեց նաեւ առողջապահական ոլորտում օրենսդրական, պրակտիկ բժշկության մեջ բարձր տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաեւ հանրային առողջապահության հետ կապված փորձի փոխանակումը:
Դեսպան Տյան Չան Չունը, շնորհավորելով Արմեն Մուրադյանին պաշտոնավարման կապակցությամբ, նշեց, որ Հայաստանում ՉԺՀ դեսպանատունը ՀՀ առողջապահության նախարարության հետ աշխատում է արդյունավետ:
“Մեր երկկողմ համագործակցությունն օրինակելի է: Կուզեի եւս մեկ անգամ ընդգծել շտապ օգնությանը մեքենաների տրամադրման ծրագրի մասին, ինչը, կարծում եմ, կարեւոր ներդրում է առողջապահական համակարգի այդ ծառայության զարգացման գործում”:
Նա նաեւ նշեց, որ Չինաստանից Հայաստանին տրամադրվող աջակցությունը տարեցտարի ավելանում է` ընդգրկելով տարբեր ուղղություններ:
Արմեն Մուրադյանը վստահեցրեց, որ նախարարությունն մեծ պատրաստակամությամբ կշարունակի մեր երկրում Չինաստանի դեսպանատան հետ համագործակցությունը