Կառավարությունը մերժեց ԲՀԿ-ին
ՀՀ կառավարությունը քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա առաջարկում է սահմանել վարչական իրավախախտում կատարելու համար նշանակված տուգանքների և այլ նույնօրինակ վճարումների ողջամիտ կանոնակարգում: Կառավարությունը սկզբունքային առարկություն չի ներկայացրել՝ միաժամանակ հայտնելով, որ արդեն իսկ ՀՀ Ազգային Ժողով է ներկայացրել մի օրինագիծ, որն ընդգրկում է ոչ միայն պատգամավորի առաջարկությունը, այլև առավել մեղմում տուգանքի չվճարված մասի ավելացման չափը: Նշված օրենքի նախագիծը ս.թ. հունիսի 18-ի ԱԺ արտահերթ նստաշրջանում ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:
Կառավարությունը քննարկել է ՛՛Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին՛՛ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են նախորդ տարվա արդյունքով մինչև 100 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին ազատել նոր սերնդի ՀԴՄ ձեռք բերելու սահմանված պարտավորությունից: Գործադիրը նպատակահարմար չի համարել առաջարկության ընդունումը և հանգամանորեն ներկայացրել է իր առարկությունները:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով: