Նվեր Սամվել Ալեքսանյանից
Նիկոլ Փաշինյանի «կախարդական փայտիկով» «Նոր Հայաստանում» օլիգարխից խոշոր սեփականատեր դարձած Սամվել Ալեքսանյանը նվերներ է մատուցում հեղափոխական իշխանություններին: Պարզվում է Ալեքսանյանը ոչ միայն տիկին Աննա Հակոբյանի ֆոնդերին է խոշոր գումարներ փոխանցում, այլ նաեւ բարեհաճ է «Կարգին» Հայկոյի նկատմամբ:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մի քանի օր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ աղբահանության ճգնաժամի հանգուցալուծման հարցում քաղաքապետին ձեռք են մեկնել խոշոր սեփականատերերն ու «Կամազ»-ներ են «նվիրել»:
Պարզաբանում ստանալու համար Խաժակյանը նոյեմբերի 18-ին դիմում է ներկայացրել քաղաքապետին, սակայն պատասխան դեռ չկա, բայց կան շրջանառվող տեղեկություններ, որոնք, ավագանու անդամի կարծիքով՝ կհաստատվեն:
««Կամազ»-ների մի մասը նվեր է ստացվել (արդեն այդպես են, չէ՞, ասում) խոշոր գործարար, սեփականատեր Սամվել Ալեքսանյանի կողմից: Սա իմ ունեցած ոչ պաշտոնական տեղեկությունն է, որը, կարծում եմ՝ կհաստատվի»,- 168 ժամի հարցին ի պատասխան՝ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Քաղաքապետարանն ավագանու անդամի դիմումին պարտավոր է պատասխանել 21 աշխատանքային օրվա ընթացքում, ուստի դեռևս 16 օր ժամանակ կա: Այդուհանդերձ, Խաժակյանը վստահ է, որ «Կամազ»-ներ նվիրած ընկերությունների ցուցակը ստանալիս՝ այնտեղ կլինեն անուններ, որոնք դեռևս չեն հրապարակվել:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները Դ. Խաժակյանին ի պատասխան՝ ասել են, թե, օրինակ, Չինաստանի դեսպանությունը քաղաքապետարանին ևս մեքենա է նվիրել: Դ. Խաժակյանը կարևորում է հանգամանքը, որ դեսպանությունը միայն մեկ մեքենա է ուղարկել:
«Մնացած 20 մեքենան նվեր է ստացվել այս կամ այն գործարարից, և երբ ցանկը տան, կհասկանանք, թե ինչ գործընթացներ կան սրա տակ»,- ասաց Խաժակյանը:
Նրա խոսքով՝ ինքը բոլոր հասանելի միջոցներով հաշվարկել և տեսել է, թե քանի «Կամազի» պայմանագրերն են առկա, ու քանիսն են ամրակցվել համայնքային հիմնարկին: Արդյունքում՝ հասկացել, որ 20 մեքենա համայնքային սեփականություն չի հանդիսանում:
Խաժակյանը չի բացառում, որ իրեն կպատասխանեն, թե 20 մեքենան հիմնարկն արդեն ընդունել է՝ որպես նվեր, բայց ավագանու անդամը վստահ է՝ նվիրատուների անունները պետք է հայտնի դառնան: