23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ասենք՝ Ադրբեջանը 5 գյուղի վրա կրակել է, որ դիմենք ՀԱՊԿ-ին` ի՞նչ պետք է անի, պետք է զո՞րք մտցնի Հայաստան. Էդմոն Մարուքյան

«Չեմ կարծում, որ Հայաստանի սահմանների վրա մի քանի կրակոցների դեպքում պետք է ընթացակարգով դիմենք ՀԱՊԿ-ին, թե` եկեք, մեզ պաշտպանեք։ Սա կնշանակի, որ Հայաստանի բանակն այնքան մարտունակ չէ, և մեզ վրա հինգ հատ կրակելու դեպքում, գնանք, ասենք՝ եկեք, մեզ պաշտպանեք»,- այս մասին Պաշտպանության նախարարությունում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի այն հայտարարությանը, թե Հայաստանը սահմանային  կրակոցների վերաբերյալ իրենց պաշտոնապես ոչինչ չի ասել, որպեսզի իրենք հարցը դարձնեն քննարկման առարկա:

Նրա խոսքով՝ Հայաստանն այնքան հզոր պետք է լինի, որ սահմանում հինգ կրակոցին կարողանա 500 կրակոցով պատասխանել, ինչն էլ անում է։ Ուստի, ըստ նրա՝ ՀԱՊԿ պայմանագիրը կարող է գործել լայնամասշտաբ պատերազմ լինելու դեպքում։
«Երբ մեր գործընկերներն ասում են, թե Հայաստանն իրենց չի դիմել, նկատի ունեն, որ պաշտոնապես՝ ընթացակարգով չի դիմել, որպեսզի իրենք էլ արձագանքեն։ Ասենք՝ Ադրբեջանը հինգ գյուղի վրա կրակել է, որ դիմենք ՀԱՊԿ-ին՝ ի՞նչ պետք է անի, պետք է զո՞րք մտցնի Հայաստան»,- նկատեց Մարուքյանը։

Ըստ նրա՝ նորություն չէ, որ թշնամին սահմանում կրակում է, որին հայկական կողմը պատասխանում է, սակայն այստեղ խնդիրն այն է, թե արդյո՞ք հայկական կողմը ցանկանում է դիմել ՀԱՊԿ-ի աջակցությանը և դրանով պարտավորությունների տակ մնալ ապագայի հետ կապված։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքին, Մարուքյանը նշեց, որ այդ հարցին բազմիցս անդրադարձել են, և նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչներ հիմնավորում էին, թե նորմալ է, որ զենք են վաճառում, ինչը զարմացրել է իրեն։

«Նույնիսկ սրա հետ կապված մեր ռուս գործընկերներն ավելի կաշկանդված էին, իրենք էին քննադատում իրենց զենքի վաճառքը, քան մեր իշխանությունները՝ իրենց հիմնավորումներով։ Այսօր այդ իրավիճակը չունենք, քանի որ ավելի անկաշկանդ ենք և հեղափոխությունից հետո տվյալներ չունենք, որ նոր ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր է կնքվել»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը և հիշեցրեց, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո դիմել էր ՌԴ նախագահին, Պետդումայի նախագահին, որպեսզի Ադրբեջանին վաճառվող զենքի պայմանագիրը դադարեցվի, քանի որ վերջինս ռազմական ահաբեկչություն էր թույլ տվել։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ