Վարչապետն ընդունել է KFW բանկի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին, գերմանական KFW բանկի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով գլխավոր տնօրեն Ռոլանդ Զիլերին եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ղեկավար Դագմար Բոթին:
Վարչապետը կարեւորել է հայ-գերմանական հարաբերությունների հետագա ամրապնդումն ու զարգացումը եւ նշել, որ Գերմանիայի հետ համագործակցությունն առանձնակի տեղ է զբաղեցնում մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգում: «Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անելու է մեր երկու երկրների միջեւ տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների ընդլայնման համար»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Միաժամանակ վարչապետը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին՝ անկախությունից ի վեր Հայաստանին լայնածավալ տեխնիկական եւ ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու համար:
Դեսպան Ռայներ Մորելը եւս բարձր է գնահատել երկկողմ համագործակցության ներկայիս մակարդակը եւ պատրաստակամություն հայտնել հետագայում եւս ջանքեր գործադրել՝ տարբեր ոլորտներում հայ-գերմանական համատեղ ծրագրեր իրականացնելու համար:
Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության եւ KFW բանկի համագործակցությամբ նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր:
Մասնավորապես, վարչապետ Աբրահամյանը եւ Ռոլանդ Զիլերն անդրադարձել են KFW-ի ֆինանսավորմամբ իրականացվելիք Կապսի ջրամբարի կառուցապատման աշխատանքներին: Կողմերը հույս են հայտնել, որ արդեն այս տարվա սեպտեմբերին կստորագրվի համապատասխան վարկային պայմանագիրը, ինչը հնարավորություն կտա իրագործել մեր տնտեսության համար կարեւոր այս ծրագիրը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ջրամբարաշինությունը կառավարության առաջնահերթություններից մեկն է եւ առաջիկա տարիներին նախատեսվում է սկսել 4 նոր ջրամբարների կառուցման աշխատանքներ:
Գործադիրի ղեկավարը եւ KFW բանկի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով գլխավոր տնօրենը կարեւորել են նաեւ Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցումը, որը եւս նախատեսվում է իրականացնել KFW բանկի աջակցությամբ:
Միաժամանակ Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում ՀՀ կենտրոնական բանկի եւ KFW-ի համագործակցության արդյունքում կիրականացվեն նոր ծրագրեր՝ բնակարանային վերանորոգման եւ ՓՄՁ ոլորտներում:
Քննարկվել են նաեւ դպրոցներում էներգախնայողության, գյուղատնտեսության եւ համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին առնչվող հարցեր:
Ակնկալվել է, որ աշնանը նախատեսված հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով նշված ծրագրերը կմտնեն գործնական փուլ:
Միաժամանակ տեղեկացվել է, որ այժմ բանակցություններ են տարվում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) Հայաստանում պաշտոնապես հավատարմագրելու ուղղությամբ, ինչը եւս կնպաստի երկկողմ նոր ծրագրերի իրականացմանը: