Պարզաբանում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը պարզաբանում է տարածել նախարարի եւ երգիչ Գոռ Սուջյանի միջեւ տեղի ունեցած թյուրըմբռնման վերաբերյալ եւ լուսանկար հրապարակել:
Նշենք, որ Գոռ Սուջյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ թյուր ինֆորմացիա է, թե ինքը հավանություն է տվել Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի մոտ տեղի ունեցած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը: Այդ մասին նշել էր նախարար Արայիկ Հարությունյանը:
Այս առնչությամբ, ԿԳՄՍ նխարարության պարզաբանման մեջ նշվում է.
«Երգիչ Գոռ Սուջյանը գրառում է կատարել, որում նշում է, թե ԿԳՄՍ նախարարը իբր «թյուր ինֆորմացիա» է հայտնել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը` իր հավանություն տալու վերաբերյալ:
Բացի այն, որ գոյություն ունի Գոռ Սուջյանի ստորագրությամբ արձանագրությունը, որը հրապարակում ենք, հարկ ենք համարում ընդգծել, որ նախարարը իր խոսքում նշել է ոչ թե հավանությունների մասին, քանի որ քննարկումը փակ է եղել, այլ լրագրողների հարցին ի պատասխան հրապարակել է հանձնաժողովի անդամների ցանկը։
Ուշագրավ է նաեւ այն, որ երգիչն իր տեքստում, ըստ էության, նշել է ճիշտ այն, ինչը գրված է եղել նախարարության պարզաբանման մեջ. նախարարությանը ներկայացված ծրագիրը հայ բանաստեղծների ժամանակակից ընթերցանության բեմադրումն է եղել»:
Նշենք, որ Գոռ Սուջյանն այս առնչությամբ գրել էր.
Ժողովուրդ ջան նոր տեսա, որ նախարարը նշում է իմ անունը ՝որպես մասնագետի ով հավանություն է տվել այս ներկայացմանը, սակայն ուզում եմ նշել, որ թյուր ինֆորմացիա է ՝քանի որ ես նման ներկայացման հավանություն չե՛մ տվել։ Ինձ հրավիրել են որպես երիտասարդ երաժշտի իմ կարծիքը հայտնելու ՝այս կամ այն մշակութային ծրագրերի մասին, բայց ո՛չ որպես մասնագետ՝ քանի որ մասնագետը այն անձն է, ով խորապես տեղեկացված է ծրագրերից։ Անձամբ ես տեղեկացված եմ եղել ծրագրերից շատ մակերեսորեն եւ եթե չեմ սխալվում տվյալ ներկայացումը նշվել էր որպես «1920 ականների հայ հեղինակների ընթերցանության օր»:
Ամեն դեպքում ես հավատացյալ քրիստոնյա եմ եւ եթե ինչ որ մի բան տեսնեյի ՝որը դեմ է քրիստոնեական արժեհամակարգին ՝ ես դրան հավանություն չէի տա»: