«Եթե իմանամ՝ պատգամավորներն ինչի համար են գումար ստանում, կերջանականամ». Իրատես
Խորհդարանական հիմնական ու արտահերթ նիստերից զատ հաճախ եմ լինում Ազգային ժողովում, գուցե պատգամավորներից ավելի: Աննկարագրելի բարդ է խորհրդարանական աշխատանքները լուսաբանող լրագրողի գործը, երբ ինչ-որ հարցի առնչությամբ հարցազրույց է ցանկանում վերցնել, իսկ պատգամավորը «տեղում չէ», «այսօր չի գալու», «արդեն դուրս է եկել», «հանդիպման է» և այլն:
Երևույթը, իհարկե, նոր չէ, նախորդ իշխանությունների ժամանակ էլ էր նույն պատկերը, բայց, փաստորեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասած «իրավիճակ է փոխվել»-ը օրենք գրող մարդկանց վրա չի տարածվել:
Ըստ մեր ուսումնասիրության՝ ամենից պարտաճանաչը «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներն են, անպարտաճանաչը՝ «Բարգավաճ Հայաստանինը»: Իմքայլականները` խորհրդարանի նվիրյալները, համեստորեն, լուռումունջ աշխատում են, ուղղակի փափուկ աթոռներ զբաղեցնողներն ԱԺ են գալիս ասել-խոսելու և գեղեցիկ լուսանկարներ հրապարակելու համար:
Երևույթի մասին վերջերս նաև սոցիալական ցանցում էի գրել, որ «եթե իմանամ՝ պատգամավորներն ինչի համար են գումար ստանում, կերջանականամ»:
Ընկերներիցս մեկը, բյուրեղացնելով միտքս, դրա առավել լավ բանաձևումն էր տվել՝ «եթե պատգամավորներն իմանան՝ ինչի համար են գումար ստանում, կտխրեն»: Առավել քան տխուր էր օրեր առաջ խորհրդարանում արձանագրված պատկերը՝ 132 աթոռ, որից զբաղված էր մոտ տասը միայն: «Բաց դռներ» ծրագրերի շրջանակներում խորհրդարան այցելած աշակերտներին և ուսուցիչներին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված էր այսպես ողջունել. «Նիստերի դահլիճի պատկերը, ցավոք, այնքան էլ ուրախալի չէ»:
Հուսանք՝ ԱԺ նախագահ Միրզոյանը գոնե իր խմբակցության պատգամավորներին կհորդորի պարտականությունները լիարժեքորեն կատարել, անհարկի չբացակայել աշխատանքից ու «սելֆի» անելու փոխարեն օրենսդրական նախաձեռնություններին ծանոթանալ:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: