23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

30 տարի պահել, փայփայել եմ էդ հողատարածքը․ Մայիսյանի գյուղապետի «վոյաժները». Irakanum.am

Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի երկարամյա ղեկավարը արհեստական խոչընդոտներ է ստեղծում գյուղաբնակների համար, փորձելով համայնքում առկա հողատարածքները իրենով անել։ Այս մասին Irakanum.am-ին ահազանգել են համայնքի բնակիչները։

Ուրեմն՝ այսպես. Եսայի Մովսիսյանը գյուղը ղեկավարում է արդեն 20 տարի: Գյուղացիների խոսքերով` այս ընթացքում հասցրել է 3 անգամ կուսակցություն փոխել: Նա նախ կոմունիստ է եղել, հետո անդամակցել է «Օրինաց Երկրին», հետո տաքուկ տանիք գտել Հանրապետական կուսակցության շարքերում: Գյուղաբնակներն ասում են՝ իշխանափոխությունից հետո Մովսիսյանը դեռեւս փնտրտուքների մեջ է, իշխանական վերնախավի հետ հանդիպելու նրա բոլոր փորձերը ձախողվել են։

Հիմա խնդրի մասին, որի Irakanum.am-ին մանրամասներ է հայտնել Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի բնակիչ Արտյոմ Սարգսյանը։

«Մոտ երեք ամիս առաջ իմ մոտ ցանկություն առաջացավ գյուղում առկա տարածը գնել, մոտեցա գյուղապետին, հարցնելու արդյո՞ք հողատարածքը սեփականաշնորհված է, թե պատկանում է համայնքին։ Սկզբում ինձ պատասխանեց, որ դա իմ տարածքն է, որ դա իր սեփական տարածքն է»,- ասաց Արտյոմ Սարգսյանը։ Վերջինս հետո ճշտել է, որ գյուղապետ Մովսիսյանը ստել է, եւ իրականում հիշյալ հողատարածքը սեփականաշնորհված չէ։ «Ես երկրորդ անգամ նորից մոտեցա իրեն, այս անգամ հստակ ասելով, որ հողակտորը ոչ թե իրենն է, այլ՝ համայնքինը։ Ասում եմ հողակտորը քո՞նն է, թե՞ համայնքինը»,- նշեց Սարգսյանը։ Վերջինիս այս ուղիղ հարցին գյուղապետ Մովսիսյանը տվել է հետեւյալ պատասխանը․«Էդ հողակտորը համայնքինն է, բայց ուզում եմ իմը լինել։ Ասեցի, բա առաջին անգամ ինչի ուրիշ պատասխան տվեցիր։ Այսքանից հետո պատասխանում է, թե բա իմ երեսուն տարվա պահած- փայփայած հողը ուզում ես քեզնով անել»,- շարունակեց բնակիչը։

Ապա գյուղապետը եւ բնակիչը պայմանավորվում են հողատարածքը բաժանել երկու մասի, հայտարարել աճուրդ եւ երկուսով գնել։ Սակայն այստեղ էլ համայնքապետ Մովսիսյանը դիմում է խորամանկ քայլերի։

Պայմանավորվածությունից հետո ճշտելով, որ հողատարածքի մի հատվածը նախատեսված է շինարարական աշխատանքներ իրականացնելու համար, նա հրաժարվում է ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունից եւ հայտարարում, որ կլինի աճուրդ, բայց ոչ թե միայն Սարգսյանի համար, այլ գյուղից մի քանի այլ բնակիչներ եւս ցանկություն են հայտնել մասնակցել աճուրդին։ Արտյոմ Սարգսյանը հետագայում ճշտում է, որ այլ մարդիկ ասվածը իրականում գյուղապետի մտերիմ անձինք են։ Մասնավորապես խոսքը համայնքի բժշկի որդու մասին է։ Նա եւս ցանկություն է հայտնել մասնակցել աճուրդին։ Արտյոմ Սարգսյանը ունի հիմնավոր կասկածներ, որ համայնքապետն ինքն է կանգնած տվյալ անձանց թիկունքում եւ նրանց ձեռամբ ցանկանում է ձեռք բերել հերթական հողատարածքը։
Նշենք, որ Արտյոմ Սարգսյանը ցանկանում է ձեռք բերել հողատարածքը, տվյալ վայրում սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով, ինչի արդյունքում հնարավորություն կընձեռվի համայնքի բնակիչներից շատերին ունենալ մշտական աշխատանք։

Ինչո՞ւ է գյուղապետը արհեստական խոչընդոտներ ստեղծում եւ արդյո՞ք նա իրապես ցանկանում է տիրանալ հերթական հողակտորին։ Այս հարցերի շուրջ պարզաբանում եք ստացել նաեւ Մայիսյան համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանից։
Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ։

Պարոն Մովսիսյան գյուղաբնակներից մեկը մեզ հետ զրույցում հայտնել է, որ վիճահարույց հողատարածքի հետ կապված սկզբում ասել եք, որ այն սեփականատեր ունի, հետո՝ հերքել։

Օրենքը ինչպես կա, այդպես էլ դնելու ենք անենք։

Բայց նախապես ասել եք, որ այդ հողատարածքը երեսուն տարի դուք եք պահել, փայփայել, հետո ասել եք, որ կհանեք աճուրդի։

Օրենքով ոչ մեկին արգելք չի հանդիսանում, թույլ է տալիս բոլորին մասնակցել աճուրդին։ Կարող է չորս, կամ հինգ հոգի մասնակցի, ով բարձր գին տա, նա էլ կհաղթի։

Նախկինում այդ հողատարածքի վերաբերյալ որեւէ մեկը հետաքրքրություն չի՞ ունեցել։

Նախկինում չի եղել։ Համայնքային սեփականության վկայական նոր ենք հանել, դրա համար էլ աճուրդի նոր ենք հանել։

Աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնել է նաեւ գյուղի բուժքրոջ որդին։ Այդ ընտանիքի հետ մտերիմ հարաբերությունների մեջ ե՞ք։

Հա, տենց բան կա, մեկն էլ ինքն է։

Կան տեղեկություններ, որ ձեր «դաբրոյով» է այդ ընտանիքը մասնակցում աճուրդին։

Չէ, չկա նման բան։

Պարոն Մովսիսյան ձեր ընտանիքի անդամներն աշխատում են գյուղապետարանում, մասնավորապես կինը։

Այո, նա գյուղապետարանի օպերատորն է։

Ի դեպ հիմա որ կուսակցության անդամ ե՞ք։

Ոչ մի։

Հավելենք, որ գյուղաբնակները մեզ հետ զրույցում նաեւ հայտարարել են, որ համայնքին պատկանող մի շարք հողատարածքներ պատկանում են գյուղապետին։ Ինքը՝ Մովսիսյանը եւս չհերքեց, որ ունի հողատարածքներ։ Բացի այդ կան տեղեկություններ, որ Մովսիսյանը համայնքին պատկանող հողատարածքների մի հատվածն էլ վաճառել է հարեւան համայնքի բնակիչներին։

Մայիսյան գյուղի բնակիչները հերթական խնդիրը բարձրացնելով հույս են հայտնում, որ ինչպես Արմավիրի մարզպետն, այնպես էլ կենտրոնական իշխանությունները եւ Պետական վերահսկողական ծառայությունը հետամուտ կլինեն պարզելու երկարամյա գյուղապետի պաշտոնավարման ընթացնքում կատարած գործողությունները։ Նրանք վստահ են, որ բազմաթիվ մութ պատմություններ ջրի երես դուրս կգան։

Irakanum.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ