Ստախոսն էլ ես դու, ցինիկն էլ. ԱԺ-ում կրքերը թեժացան
Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո կրքերը թեժացան: Հիշեցնենք, որ Փաշինյանն առաջարկում էր ռուս լրագրող Դմիտրի Կիսիլյովին՝ պերսոնա նոն գրատա ճանաչել, իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ասաց, որ երեկվա հանդիպման ժամանակ լրագրողը ոչ մի սխալ հայտարարություն չի արել:
՛՛Պարոն Բաբուխանյանը ստում է, որովհետեւ այդ հանդիպումն ամբողջապես դրված է համացանցում, որտեղ պարզ երևում է, որ հայ ժողովրդի հասցեին վիրավորական և հայոց պետականությանը սպառնացող մի շարք ցինիկ արտահայտություններ են արվել՛՛,-ասաց ՛՛Ժառանգության՛՛ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Նա հիշեցման կարգով ասաց, որ ցինիկ կամ կինիկ բառի արմատը ՛՛շուն՛՛ բառն է: ՛՛Հին Հունաստանում ցինիկ էին անվանում մարդկանց, որոնք շան պես հաչում էին հասարակության վրա՝ վիրավորելով վերջինիս: Պահանջում ենք հետայսու զերծ պահել խորհրդարանը նման հաչոցներից՛՛,-հայտարարեց Արզումանյանը:
՛՛Ստախոսն էլ ես դու, ցինիկն էլ՛՛,-ի պատասխան ասաց Հայկ Բաբուխանյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հորդորեց պատգամավորներին կոռեկտության սահմաններում մնալ: