«Մենք»-ի սիրո համար «ես»-ը զոհելու ոգեշնչող օրինակ. Թարգամանչաց Սուրբ Վարդապետների տոնը
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն. «Խնդրեցէ՛ք Աստծուց, եւ նա կը տայ ձեզ, փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեր առաջ. որովհետեւ, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտռի, գտնում է, եւ ով որ բախի, նրա առաջ կը բացուի» (Մատթ. 7:7-8):
Այսօր տոնն է թարգմանիչ սուրբ Վարդապետների, տոնն է Հայոց այբուբենի եւ Աստվածաշունչ Մատյանի, որ հայաշունչ եւ հայախոս դարձավ: Գրերի գյուտը համազգային փնտրտուքի եւ աղոթքի պատասխան է, որ սուրբ գործի համար միաժամանակ ե՛ւ աղոթելու, ե՛ւ գործելու օրինակ է մեզ: Աստծո Հոգով գործեցին Սուրբ Սահակ-Մեսրոպ զույգն ու ողջ Թարգմանչաց սերունդը:
Պաշտոնական անվանմամբ սա ոչ միայն այս հոգեւոր հսկաների հիշատակի, այլեւ նրանց միջոցով Աստծո Խոսքը՝ Սուրբ Գիրքը մեզ բերելու, Աստծուն հայերեն խոսեցնելու, մեզ համար ավելի հասկանալի, մերձ, հարազատ եւ սիրելի դարձնելու օր է, որ խոսուն կերպով երեւում է օրացուցային նշումից. ՄԵՐ ՍՈՒՐԲ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻ՝ ՄԵՍՐՈՊԻ, ԵՂԻՇԵԻ, ՄՈՎՍԵՍ ՔԵՐԹՈՂԻ, ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ ՓԻԼԻՍՈՓԱՅԻ, ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ԵՎ ՆԵՐՍԵՍ ԿԼԱՅԵՑՈՒ. ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՏՈՆ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅՈՑ ՆՇԱՆԱԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ Որեւէ ազգի հոգեւոր-քրիստոնեական ճանապարհը նաեւ վկայությունների եւ Աստծո հայրական խնամքի տարեգրություն է: Երբ ազգը հոգեւորանում է այնքան, որ կարողանում է ձուլել, ազնվացնել նյութը, հոգին առավել դարձնելով՝ հոգեղինացնել նաեւ մարմինը, հոգեւոր արգանդից ծնվում է ազգի հարատեւության ծրագիրը: Սա է պատճառը, որ Սուրբ Թարգմանչաց հիշատակի օրը ազգային-եկեղեցական տօն է: Առանց հոգու մարմինը մեռած է, առանց հոգեւոր եւ ազգային հիշողության, անհստակ է մեր ապագան:
Անգամ իր անվանումի մեջ երեք կարեւոր պատգամ ունի այս տոնը սերունդներին. Ա. Հիշել եւ ոգեկոչել իր հոգեւոր կենսագրությունը կերտողներին: Սիրել եւ գնահատել նրանց ոչ իբրեւ պատմության մեռած հերոսների, այլ իբրեւ հոգու եւ մտքի կենդանի ուսուցիչների: Բ. Հիշել եւ սերունդներին փոխանցել, որ Սուրբ Մեսրոպ վարդապետի զորավոր ճգնության եւ աղոթական որոնումի պատասխան եղավ Հայոց նշանագրերի գյուտը՝ իբրեւ հայտնություն Աստծուց: Գ. Սովորել Քրիստոսի լույսը կրելու եւ փոխանցելու մեծ արվեստը ազգային-եկեղեցական դպրոցի այս չհնացող ուսուցիչներից: Թարգմանչաց տոնն այս սուրբ այրերին նմանվելու պատգամ է՝ բոցավառվելու Աստծո եւ ժողովրդի սիրով, անմնացորդ զոհաբերվելու անանձնական մեծ գործի համար, լինելու կայծ նաեւ ապագայի խարույկների:
Պատահական չէ, որ թե՛ Հայաստանու, ե՛ւ թե սփյուռքի հայ գաղթօջախներում այս տոնն ազգային եւ հոգեւոր ինքնության, սեփական տեսակի հիշողության ու նորոգման խորհուրդն ունի: Բոլոր այս վարդապետները աղոթող եւ հոգեւոր ծառայութեամբ, սիրո զոհաբերումով ժողովրդական սեր եւ խոնարհում վաստակած հայրեր են: Յուրաքանչյուր հայ քրիստոնյա՝ իբրեւ հայախոս եւ հայաղոթք մարդ, պատկառանք եւ խոնարհում ունի այս հսկաների առաջ: Հաճախ շատերին զարմանք է պատճառում, որ Թարգմանիչ Վարդապետների շարքում հիշվում են ոչ միայն սուրբ Մեսրոպ-Սահակ զույգի ավագ եւ կրտսեր աշակերտները, որոնք Աստվածաշունչ Մատյանի թարգմանության լծվեցին իրենց ուսուցիչների հետ, այլեւ սուրբ Գրիգոր Նարեկացի վարդապետն ու Ներսես Շնորհալի սուրբ հայրապետը:
Այս հիշատակումով մեզ է բացվում «թարգմանիչ» բառի բոլորովին այլ բացատրությունը, որն է՝ աստվածային խորհուրդները թարգմանող, մեկնող, բացատրող ուսուցիչը: Այս Սուրբ Հայրերը ոչ միայն իրենց մատենագրական վաստակով, այլեւ կերպարով եւ աղոթական կյանքով ոգեշնչող օրինակներ են ուսուցչի, առաջնորդի, հոր, աշակերտի, աղոթող հավատացյալի. «Բայց իւրաքանչիւրին տրուած է Հոգու յայտնութիւն՝ իւրաքանչիւրի օգուտի համար. Մէկին Հոգուց տրուած է իմաստութեան խօսք, միւսին՝ գիտութեան խօսք՝ նոյն Հոգուց, միւսին հաւատ՝ նոյն Հոգով…» (Ա Կորնթ. 12:7-8):
Ժամանակներն այնպիսին են, որ ամենուր վտանգված է ե՛ւ հոգեւոր, ե՛ւ ազգային տեսակի պահպանումը: Այսօր սփյուռքում նվիրյալ մշակների ջանքերով դեռ շնչում է Հայ Դպրոցը՝ հայ քրիստոնյա տեսակի միջնաբերդը: Օտար երկնքի տակ վտանգված է արեւմտահայ լեզուն եւ ընդհանրապես հայերեն խոսքն ու աղոթքը:
Եւ Թարգամանչաց Սուրբ Վարդապետների տոնն առավել ազդու կոչ է դառնում՝ խոսելու, գրելու, երգելու, աղոթելու, ապրելու ըստ Աստծո եւ ըստ Հայոց ավանդության: Ցավ ի սիրտ պետք է նշել, որ հաճախ աթեիստական մտքի արդյունքը դեռ տեսանելի է, երբ հոգեզրկված կերպով են մատուցվում այս հոգեւոր եւ աղոթող մարդկանց կերպարները՝ առանց հոգեւորական կոչման, առանց ուսուցչական իրենց անձնազոհության սնունդ եղող աղոթքի, Սուրբ Գրքով կրթվելու եւ առաքինի կյանքի օրինակների: Մարմինը կենդանի է աստվածատուր հոգով, երկնայինն ու վեհը քննող մտքով:
Ուրեմն, Սուրբ Թարգմանչաց տոնը մեզ համար մեր հոգեւոր եւ ազգային արմատներին վերդառնալու, մեր նախնյաց ոգին կենդանի պահելու տոն պիտի լինի: Այժմ այս տոնը մեզ համար հայրենադարձության կանչ է, օտարների մեջ մեր ձուլման եւ անհետ կորչելու դեմ զորաւոր պատնեշ, Հայրենի իշխանութիւնների համար ազգային-քրիստոնեական կենցաղն ու տեսակը պահպանելու հորդոր, հրահանգ եւ կոչ, իսկ բոլորիս՝ «մենք»-ի սիրո համար «ես»-ը զոհելու ոգեշնչող օրինակ:
Թող մեր Փրկչի լուսավոր վարդապետությունը Թարգմանիչ Սուրբ Վարդապետների եւ իրենց շավղին հավատարիմ ուսուցիչների միջոցով շարունակվի սերմնացանվել, գիտությամբ եւ բարոյական մաքրությամբ ու սրբությամբ սնված նոր սերունդներ կրթել՝ օրհնությամբ եւ առաջնորդությամբ Աստծո Սուրբ Հոգու:
«Որ խորհրդեամբ ճշմարիտ լուսոյ փառաց Անեղին նկարագրեցաւ մեզ գիր կենդանի յարգանդ մաքուր մեծին Մեսրոպայ, անմատոյց Լուսոյն երկրպագեսցուք» (Շարակնոց, Կանոն սբ.Թարգմանչաց) «Որ փառավոր Անեղ [Աստծո] ճշմարիտ լույսի խորհրդով նկարագրվեց մեզ [համար] կենդանի Գիր[ք]ը Մեծն Մեսրոպի մաքուր արգանդում. [եկեք] երկրպագենք անմատչելի Լույսին» Մեր Սուրբ Հայրերի եւ Աստծուն թարգմանող լուսավոր վարդապետների բարեխոսությամբ Տերը ողորմությամբ եւ բարի աչքով նայի մեր ազգին եւ ապագա սերունդներին, որոնց միջոցով պիտի շարունակվի փառաբանվել անունն ամենազոր մեր Աստծո, Ում փառք հավիտյանս. ամեն:
Տեր Նշան քահանա Ալավերդյան