Ծառուկյանի թիկնապահի գործը կարճվել է. Ժամանակ
Այս տարվա մայիսի 7-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի՝ “Դոդի Էդո” մականվամբ պետի կողմից Գագիկ Ծառուկյանի տան հարեւանությամբ գտնվող բենզալցակայանում Mercedes Sprint մակնիշի միկրոավտոբուսի 37-ամյա վարորդ Արկադի Գրիգորյանին դաժան ծեծի ենթարկելու փաստով գործի վարույթը կարճվել է: Այդ մասին գրում է “Ժամանակ”-ը:
“ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից երեկ “Ժամանակին” հայտնեցին, որ Արկադի Գրիգորյանը ետ է վերցրել իր բողոքը, այդ իսկ պատճառով նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է վերջինիս բողոքի բացակայության պատճառաբանությամբ:
Ինչ վերաբերում է Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին (Դոդի Էդո), ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցում են, որ ծեծողը Բաբայանը չի եղել:
Սակայն ըստ թերթի ունեցած տեղեկությունների` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի՝ “Դոդի Էդո” մականվամբ պետն է մայիսի 7-ին դաժան ծեծի ենթարկել միկրոավտոբուսի վարորդին՝ մեքենան կանգառից դուրս չհանելու համար:
Նախ` նրան ծեծել են իր մեքենայում, ապա այլ մեքենայով տեղափոխել Ծառուկյանին պատկանող մի գազալցակայան ու էլի ծեծել` ստիպելով, որ լռի ու ոչ մեկին չասի կատարվածի մասին:
Ըստ ականատեսների՝ ծեծվելու պահին միկրոավտոբուսի մեջ է եղել նաեւ վարորդի կինը:
Ըստ որոշ այլ տեղեկությունների` Է. Բաբայանը այնտեղ չի եղել, պարզապես նրա հրահանգով իր մարդիկ են ծեծել վարորդին”,- գրում է “Ժամանակ”-ը: