20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ստեղծվում է մի վիճակ, երբ փաստացի վտանգ կա, որ Հայաստանի վրա կբարդվի բանակցությունները փակուղի մտցնելու մեղքը ՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներվ. Արմեն Աշոտյան

Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին «Փաստինֆո»-ն զրուցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ։ 

-Պարոն Աշոտյան, նախ խնդրում եմ գնահատեք Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ Եղան հայտարարություններ՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ՝ բավականին կոշտ գնահատականը ՀՀ վարչապետի «Արցախը Հայաստանն է, եւ վերջ» հայտարարության վերաբերյալ, ապա նաեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի պատասխանը այս հայտարարությանը։

-Արցախյան հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատում եմ նախաճգնաժամային։ Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ անգամ ամենավատ բանակցությունները, ցանկացած պատերազմից ավելի լավ են եւ, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի արտգործնախարարը, տվյալ դեպքում՝ Լավրովը, հայտարարում է, որ բանակցությունները փակուղում են, սա շատ լուրջ ազդանշան է, շատ լուրջ ահազանգ է՝ հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման հետ կապված։ Երկրորդ մտահոգությունս այն է, որ տարիներ շարունակ, Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության շնորհիվ, հաջողվում էր կամաց-կամաց առաջ տանել մեր դիվանագիտական դիրքերը, ստանալ մաքսիմալ հայանպաստ բանակցային ձեւակերպումներ եւ մոտեցումներ, միաժամանակ, Ադրբեջանին մշտապես թողնելով դեստրուկտիվ կողմի կարգավիճակում։ ՄԽ համանախագահները շատ լավ գիտեին Հայաստանի կոնստրուկտիվ եւ Ադրբեջանի դեստրուկտիվ կեցվածքի մասին, եւ այդ ամենը՝ Հայաստանի ու Արցախի համար ամենաբարենպաստ բանակցային փաթեթի ֆոնին։ Այսօր ստեղծվել է մի վիճակ, որի նախադեպը վերջին 15 տարիներին ես չեմ հիշում, երբ ՄԽ համանախագահ երկրի արտգործնախարարի շուրթերով բանակցային գործընթացի փակուղային վիճակը նկարազարդելու համար հիշատակվում է Հայաստանը՝ հայկական կողմի մոտեցումները։ Սա նույնպես շատ անհանգստացնող է, որովհետեւ, եթե մենք նախկինում դժգոհել ենք ՄԽ մոտեցումներից՝ միայն այն փաստից, որ նրանք իրենց հրապարակային գնահատականներում նույն սանրով են մոտենում Հայաստանին ու Ադրբեջանին, մինչդեռ այսօր ստեղծվում է մի վիճակ, երբ փաստացի վտանգ կա, որ Հայաստանի վրա կբարդվի բանակցությունները փակուղի մտցնելու մեղքը ՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներվ։ Հատկապես անհանգստացնող է Ադրբեջանական կողմի հերթական ռազմական ագրեսիայի լեգիտիմիզացիան, երբ խնդիրը բարդվի հայկական կողմի վրա եւ փաստացի, Փաշինյանը մի կողմից քանդում է Սերժ Սարգսյանի կառուցած դիվանագիտական ամուր դիրքերը բանակցային գործընթացում, մասնավորապես, Վիեննա, Սանկտ-Պետերբուրգ, Ժնեւ, երեք սկզբունքներ՝ այդ թվում , ինքնորոշման իրավունքի, մյուս կողմից նա դրա փոխարեն որեւէ բան ստեղծել չկարողացավ։ Ավաղ, մնացին օդում Արցախը բանակցային կողմ դարձնելու հայտարարությունները, ինչը եւ ենթադրվում էր, մնաց օդում նաեւ Փաշինյանի պարզած ձեռքը, որ Արցախյան հիմնախնդրի լուծումը պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար։ ՄԽ համանախագահող որեւէ երկիր նրա առաջարկած բանակցային ձեւակերպումներին այդպես էլ սատարում չհայտնեց։

-Այս ամենի ֆոնին Արցախի Հանրապետության նախկին ԱԱԽ Վիտալի Բալասանյանը կրկին չաափազանց կոշտ գնահատականներ հնչեցրեց ՀՀ իշխանությունների հասցեին՝ լուրջ մտահոգություններ հայտնելով Արցախի ու մեծ հաշվով նաեւ Հայաստանի անվտանգության հետ կապված։

– Վերը նշվածը, իհարկե, Արցախի շուրջ շատ լարված եւ անկանխատեսելի դիվանագիտական եւ անվտանգային սպառնալիքներով լի միջավայր է ստեղծում։

Չմոռանանք նաեւ Իլհամ Ալիեւի ռազմատենչ ելույթը «Վալդայ» ակումբում, որից եւս , լավ հոտ չէր գալիս։ Ցավոք, այս իրադարձությունները հետեւանք են նաեւ, եթե չասեմ՝ նախ եւ առաջ Հայաստանի նոր իշխանությունների՝ Արցախի հարցում վարվող ապիկար քաղաքականության։ Ինչպես արդեն շեշտեցի, քանդելով, հյուծելով, մսխելով նախորդ շրջանի բանակցային կախպիտալը, Փաշինյանը եւ նրա թիմը որեւէ բան դրա փոխարեն չստեղծեցին եւ հիմա իրավիճակը համանախագահները արդեն գնահատում են փակուղային՝ այստեղից բխող բոլոր հնարավոր ելքերով։ Հայաստանն ու Արցախը պետք է մաքսիմալ պատրաստ լինեն նման զարգացումների։ Ավաղ, մեր երկրում մոլեգնում է անհանդուրժողականության, հասարակության պառակտման, բեւեռացման ախտը, որի կնքահայրը եւս Փաշինյանն է, ինչը ցավոք , հյուծում է Հայաստանի եւ Արցախի ռազմավարական կարողությունները, իմունիտետը։ Ավաղ, փայլուն վիճակում չեն Հայաստանի եւ Արցախի միջպետական հարաբերությունները։ Սա նույնպես տեսանելի է եւ ավաղ, Արցախում եկող տարի սպասվող խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին ընդառաջ, կան Հայաստանում հովանավորներ ունեցեղ շրջանակներ, որոնք փորձում են ապակայունացնել Արցախի ներքաղաքական իրավիճակը։ Սա է այն ամենը, ինչի մասին մենք նախազգուշացնում էինք դեռ անցած տարի։ Ավաղ, իմ կանխատեսումները դառնում են իրականաություն եւ Աստված մի արասցե, որ ռազմական գործողությունների վերսկսման իմ կանխատեսումը նույնպես դառնա իրականություն։ Ինչ վերաբերվում է Վիտալի Բալասանյանի հայտարարություններին, այս կապակցությամբ ուզում եմ հիշեցնել, որ դեռ ամիսներ առաջ ամերիկյան վերլուծական կենտրոններից մեկը հոդված-խորհուրդ էր հրապարակել Նիկոլ Փաշինյանի քաղաքականության մասին, որտեղ բառացի ասված էր, որ եթե Նիկոլ Փաշինյանը ուզում է հաջողել իր խաղաղասեր քաղաքականության մեջ Արցախյան հարցում, ապա պետք է օր առաջ ազատվի Արցախյան ուժայիններից, այսպես ասած՝ սիլավիկներից, եւ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է խառնվել Արցախի ներքին գործընթացներին ՝ ըստ ամենայնի, ցանկություն ունենալով հաջորդ տարի Արցախում ընտրացնել իր համար հարմար թեկնածուի՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով։
-Պարոն Աշոտյան, «Սասնա Ծռերը»-ը արձագանքեցին Բալասանյանի հարցազրույցին, որտեղ ի թիվս այլ մտահոգությունների, խոսվեց վերջիններիս հետ Փաշինյանի հանդիպման մասին։ «Սասնա Ծռերը» հայտարարեցին, մեջբերեմ. «սպառնալիքների կոլեկտիվ աղբյուրը բոլորին հայտնի 5-րդ շարասյունն է՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, տեփանակերտյան ռեժիմ, տարատեսակ բալասանյաններ և վանեցյաններ» եւ ըստ էության Փաշինյանից պահանջեցին «մեկուսացնել սպառնալիքը»։

-5-րդ շարասյան եւ մնացած ամեն ինչ մասին խոսակցություններ ստեղծողներն ու տարածողները պարզապես ընդգծում են, որ Հայաստանն ու Արցախը լավագույն մարզավիճակում չեն մոտենալու հնարավոր ռազմական գործողություններին։ Ներքաղաքական գզվրտոցը պրոյեկցվել է ավաղ, նաեւ Արցախի վրա եւ նման վերաբերմունքը հենց ի սկզբանե Նիկոլ Փաշինյանից է եկել, երբ Արցախյան հերոսամարտը ստորադասվել է ապրիլյան իշխանափոխությանը, երբ որ Արցախի հերոսների, պատերազմում վաստակ ունեցող մարդկանց նկատմամբ ագրեսիվ, հակաքարոզչական պատերազմներ են վարվում՝ այդ թվում նաեւ իրավապահ համակարգի ներգրավմամբ ճնշում գործադրելով։ Իսկ ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանի՝ բուն ասածին, ապա դա դիտարկեք վիրուս-անտիվիրուս դիլեմայի շրջանակում։ Իհարկե, եւ Հայաստանում, եւ Արցախում պետք է արմատախիլ լինի զենքի եւ ցանկացած ուժով հարց լուծելու մոլուծքը։

Այստեղ, ավաղ, իշխանական քարոզչական դաշտը եւ քաղաքական վայ գործիչները դրսեւորում են երկակի ստանդարտներ, երբ վարչապետը հանդիպում եւ իր մոտ ընդունում է «Սասնա Ծռեր»-ի ներկայացուցիչներին, երբ ՊՊԾ-ի վրա գրոհած քաղաքացիները, որի արդյունքում 3 զոհ ունեցանք, ազատության մեջ են , երբ իշխանությունները, ելնելով իրենց շահերից, սկսում են օգտվել ահաբեկչություն իրականացրած խմբավորումների շահերից, որքան էլ նրանք փորձեն այսօր դիրքավորվել որպես քաղաքական կուսակցություն ։ Այս ամենը, իհարկե, շատ մտահոգիչ է։

Աղբյուր` Փաստինֆո

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ