Եթե Քիմպրոմի էլեկտրաէներգիան անջատվի, անվտանգության խնդիր կառաջանա
”Վանաձորում ճշմարտությունը հիվանդացել է”,-այսօր ԱԺ-Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա կրկին անդրադարձավ Վանաձորի Քիմպրոմ ՓԲԸ-ի խնդրին, որտեղ աշխատակիցների աշխատավարձերը ուշացնում են: ՛՛Միգուցե Էներգետիկայի նախարարը գա մարզ, հանդիպի այդ մարդկանց հետ, բացատրի իրավիճակը ու ընդհանրապես հարցը հետևյալն է`ի՞նչ է սպասվում Քիմպրոմին, ո՞վ է մարդկանց աշխատավարձերը տալու, հետո մեկ այլ հարց է, թե ով է այդ ընկերության սեփականատերը՛՛,-հարցրեց Մարուքյանը:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը պատասխանեց, որ իրենք ուսումնասիրել են Քիմպրոմի խնդիրը, սակայն նախարարությունն այս պահին չի տիրապետում ֆինանսական միջոցների, որպեսզի վճարի աշխատակիցների աշխատավարձերը: ՛՛Քիմպրոմը մասնավոր ընկերություն է, և նախարարության կարծիքով՝ հարցը պիտի լուծվի բաժնետիրական օրենքի մասին շրջանակներում՛՛: Նա նշեց, որ այս հարցը քննարկվել է նաև Կառավարությունում վարչապետի մոտ: ՛՛Քիմպրոմ ընկերությունն ունի որոշակի լուրջ պարտավորություններ, այդ թվում նաև էներեգետիկայի համակարգի կազմակերպությունների նկատմամբ, և այդ կառույցներն այդ մասին նույնպես պիտի մտածեին: Այնպես որ ես խորհուրդ կտայի, որպեսզի աշխատակիցները դիմեն համապատասխան կառույցներ`իրենց հարցերն օրենքի շրջանակում լուծելու համար՛՛,-շեշտեց Զախարյանը:
Պատգամավորն արձագանքեց, որ այս խնդիրը նաև անվտանգության հարց է, քանի որ եթե Քիմպրոմի էլեկտրաէներգիան անջատվի, այնտեղ թունավոր նյութեր ու քիմիկատեր կան, որ կարող են անվտանգության խնդիր առաջացնել: ՛՛Ես գիտեմ, որ էլեկտրաէներգիայի մեծ պարտք է կուտակված, նաև գազի, և կարծում եմ, որ Կառավարությունը չի կարող ասել, որ մասնավոր ընկերություն է, թող իրենք մտածեն: Անվտանգության առումով ակտիվ դեր պիտի ունենանք որպես պետություն՛՛,-նկատեց Մարուքյանը: Նախարարը նշեց, որ նմանատիպ իրավիճակ է նաև Նաիրիտ գործարանում: Ի դեպ, Զախարյանն այդպես էլ չանդրադարձավ այն հարցին, թե ով է Քիմպրոմ ընկերության սեփականատերը: