Մի կողմից քամին, մյուս կողմից՝ գյուղապետը. Մեծամորում կրքերը թեժանում են
Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի բնակչուհի Թամարա Մարտիրոսյանի նյարդերը քայքայվել են ոչ միայն բնության մեղքով , այլ նաև Մեծամորի գյուղապետ Էդգար Միրզոյանի վատ աշխատանքի հետևանքով:
Այդ մասին նա հայտնեց Henaran.am-ի խմբագրությանը: Հեռախոսազրույցի ժամանակ Մարտիրոսյանը նշեց, որ երեկ ուժեղ քամին վնասել է իրենց տան տանիքը, սակայն մինչ դա էլ իրենց վիճակը՝ վիճակ չէր, քանի որ այս տարի բնությունը խեղճ մարդկանց գթալու նպատակ չունի:
“Ազատամարտիկի կին եմ, օգնություն է գալիս, դիմում եմ, գյուղապետը ասումա՝ քեզ չի հասնում:Մի հեկտար ծառերս ցուրտը տարավ, կտրեցի բերեցի լցրեցի հայաթը՝ վառելիք:Ամուսինս Քելբաջարում վիրավորվելա, հազար հիվանդություն ունենք….թոռնիկիս խնամակալն եմ….ինչքան սուտի ազատամարտիկ կա օգնումա: Հերթը հասնումա մեզ՝ չկա”,-պատմեց Թամարա Մարտիրոսյանը:
Վրդովված կինը նշում է, որ պատրաստ է ցանկացած տեղ ներկայացնել ամուսնու վիրավորվածությունը հաստատող փաստաթղթերը: Նրա փոխանցմամբ Սարգիս Մելքոնյանը գլխի վիրավորվածության պատճառով չի կարող երկար աշխատել:
“Ամբողջ գյուղը, բացի մի քանի հոգուց բողոքում են գյուղապետից: Երեկվա դրությամբ ջերմոցս լրիվ ջարդվելա, ցելաֆոնները քրքրվել են….արդեն չգիտենք ոնց անենք, լրիվ օգնությունները մի քանի հոգու համար են ”,-ասաց Մարտիրոսյանը:
Թամարա Մարտիրոսյանի դուստրը ամուսնալուծվելով առաջին ամուսնուց 2 ամսական դստերը թողնելով մոր խնամքին ամուսնանում է երկրորդ անգամ: Կնոջ փոխանցմամբ թոռնիկը արդեն 4-րդ դասարանում է սովորում, սակայն գյուղապետը իրեն չի տրամադրում համապատասխան տեղեկանք, որ նախկին փեսայից երեխայի համար ալիմենտ պահանջի:
Մի կողմից քամին ու մյուս կողմից գյուղապետը այս կնոջը հասցրել են հուսահատության:
“Խնդրում եմ օգնեք, անաստված գյուղապետի երեսից հո գյուղից չեմ գնալու…”,-հավելեց Թամարան: